կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-15 13:57
Քաղաքական

Այն, ինչ ուզում էինք, ստանում էինք, չհասկացա` բոյկոտն ինչի՞ էր պետք. Արմեն Ռուստամյան

Այն, ինչ ուզում էինք, ստանում էինք, չհասկացա` բոյկոտն ինչի՞ էր պետք. Արմեն Ռուստամյան

Այն բանից հետո, երբ ՀՅԴ խմբակցության առաջարկով քսան րոպե ընդմիջում վերցվեց, որպեսզի խմբակցությունների ղեկավարները ԱԺ նախագահի հետ խորհրդակցեն երկրում ստեղծված իրավիճակի, մասնավորապես` ազատամարտիկների և ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հանդեպ բռնությունների դեպքերի կապակցությամբ, ԱԺ արտահերթ նիստը բոյկոտեցին չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ «Ժառանգությունը»:

 

Երբ խմբակցությունները ԱԺ նախագահի հետ պայմանավորվեցին դատապարտող հայտարարություն տարածել ԱԺ վեց խմբակցությունների անունից, ԱԺ չորս խմբակցությունները հայտարարեցին, որ բոյկոտում են արտահերթ նիստը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ ԱԺ նախագահի մոտ խորհրդակցություն է հրավիրվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսօրվա նիստի ավարտից հետո գումարվի արտահերթ նիստ, որտեղ կընդունվի հայտարարության տեքստը:

 

«Այս ամենը համաձայնեցնելուց հետո, մեր կարծիքով, բոյկոտը չի տեղավորվում տրամաբանության մեջ: Իհարկե, մենք հարգում ենք մեր գործընկերների դիրքորոշումը, բայց եթե լուծվում է հիմնական նպատակը, այն է` դատապարտող հայտարարություն ընդունել արտահերթ նիստում, այս ժամանակն էլ օգտագործվի, որ մշակվեր այդ հայտարարության տեսքտը, այս ամենից հետո բոյկոտել, որ քանի դեռ այդ արտահերթ նիստը չի եղել, չեն շարունակելու այս արտահերթ նիստը, դա ուղղակի հակասահմանադրական պահանջ է»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Նա հավելեց, որ արտահերթ նիստը գումարվել է նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետներում, այսինքն` հստակ սահմանված է, որ նիստը սկսվելու է ժամը 12-ին և կտևի այնքան, մինչև օրակարգը սպառվի, կամ նախաձեռնողը որոշի, թե ինչ է անելու հետո:

 

«Ինչպե՞ս էին պատկերացնում նիստի ընդհատումը: Նիստը ընդհատելը նշանակում է հակասահմանադրական քայլ կատարել: Դրա համար մենք առաջարկել էինք այն լուծումը, որը չէր հակասի Սահմանադրությանը, կընդունվեր հայտարարություն, որը կդատապատեր այդ գործողությունները` տալով քաղաքական գնահատական»,- ասաց նա:

 

Ստեղծված իրավիճակում քաղաքական ուժերի առաջարկը հասել էր իր նպատակին, խնդիրներ չէին մնացել` հակասություններ առաջացնելու համար, և բոյկոտն այդ պայմաններում, ըստ Ռուստամյանի, իմաստ և տրամաբանություն չուներ: Իսկ թե ի՞նչ պետք է լիներ ըստ ընթացակարգի, պատգամավորը նշեց, որ այսօր քաղաքական ուժերը պետք է ստորագրահավաք սկսեին, ՀՀԿ-ն էլ տվել էր իր համաձայնությունը, և վեց խմբակցությւոնների կողմից մշակվելու էր հայտարարությունների տեքստը:

 

«Այն, ինչ ուզում էինք, ստանում էինք, չհասկացա` բոյկոտը ինչի՞ էր պետք»,- ասաց Ռուստամյանը:

 

Հարցին, թե բոյկոտելուց հետո ի՞նչ վարքագիծ կդրսևորի ՀՀԿ-ն, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Հիմա ես չգիտեմ, թե այս իրավիճակում ինչ կլինի, կամ ով պետք է աշխատի այդ հայտարարության տեքստի վրա, չէ՞ որ քաղաքական ուժերը պետք է աշխատանքային խումբ ձևավորեին ու աշխատեին»: