Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը մշակել են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Ծրագրի նպատակն է ապահովել ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը: 2020 թվականի դրությամբ հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով։ Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների մենթորական աջակցության և սովորողների հեռավար ուսուցման գործընթաց, մասնավորապես, մրցութային կարգով ու մենթորության ձևաչափով նպաստել մարդկային կարողությունների զարգացմանը՝ 1 դպրոց-1 մենթոր սկզբունքով։ Արդյունքում՝ դպրոցներում կձևավորվեն էլեկտրոնային դասավանդման կարողություններ, ինչից հետո այդ դպրոցները բացակայող ուսուցիչների առարկաները կդասավանդեն այլ դպրոցներում։
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից՝ թիրախային միջամտություն, կարողությունների զարգացման նպատակով դպրոցների ընտրություն, համաժամանակյա ուղեկցմամբ դասընթացներ Էլեկտրոնային դասավանդող դպրոցների համար, ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին ծառայությունների մատուցման իրավական, աշխատանքի մշտադիտարկման և որակի շարունակական բարելավման մեխանիզմների մշակում:
Թիրախային միջամտություն բաղադրիչի շրջանակում մինչև 2021 թվականի մարտի 30-ը նախատեսվում է արագ աջակցության դասընթացների մշակում և առցանց հարթակներում դրանց բաց հասանելիության ապահովում։ Այս բաղադրիչի արդյունքներից կարող են օգտվել բոլոր ուսուցիչները, սակայն առանց համաժամանակյա ուղեկցման։
Հաջորդ բաղադրիչով նույն ժամանակահատվածում կմշակվեն և կհավաքագրվեն էլեկտրոնային դասավանդող դպրոցների ընտրության չափանիշները։ Մրցույթը կանցկացվի բաց ձևաչափով և հասանելի կլինի բոլոր դպրոցներին։ Այնուհետև կիրականացվի դպրոցների կարողությունների զարգացում. յուրաքանչյուր դպրոցի համար նախատեսվում է պատրաստել առնվազն մեկ մենթոր։ Ավագ մենթորներն ապրիլ-մայիս ամիսներին կպատրաստեն ընտրված դպրոցների ուսուցիչներին՝ զարգացնելով նրանց էլեկտրոնային դասավանդման կարողությունները։
Էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման գործընթացն արդյունավետ ավարտած դպրոցները կարող են ծառայություններ մատուցել ուսուցչի կարիք ունեցող դպրոցներին։ Այդ նպատակով մինչև հունիսի 30-ը կմշակվեն իրավական մեխանիզմներ։ Էլեկտրոնային դասավանդման կարողությունների որակի ապահովման նպատակով մինչև օգոստոսի 30-ը նախատեսվում է մշակել և ներդնել որակի ապահովման մեխանիզմներ՝ հիմնված մշտադիտարկման գործիքների և որակի ճանաչման վրա։
Այսպիսով՝ ծրագրի միջոցով 2021 թվականի սեպտեմբերից բոլոր 101 դպրոցներում կապահովվի ներքոնշյալ առարկաների ուսուցումը: