Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրոպական կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ Աղվերանում կայացել է «Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման (ԱՈՒՀ) 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագիր» խորագրով երկօրյա աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, գործատուների ներկայացուցիչներ, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններ:
ՀՀ ԿԳՆ նախնական/արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը նշել է, որ Եվրոպական կրթական հիմնադրամի վերջին 14-15 տարիների ընթացքում հանդիսացել է ՄԿՈՒ ոլորտի հիմնական դոնորներից մեկը. գրեթե ամեն տարի հիմնադրամի հետ իրականացվել են համատեղ ծրագրեր:
«Այս տարի մեկնարկում է նոր ծրագիր 2018-20թթ.-ի համար, որը վերաբերում է աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը: Սա նորություն չէ ՄԿՈՒ համակարգում, քանի որ այս սեպտեմբերից GIZ-ի աջակցությամբ արդեն չորս հաստատությունում փորձնական ներդրվել են դուալ կրթության տարրեր: Իհարկե, դժվար է լինելու եվրոպական փորձն ամբողջությամբ տեղայնացնել Հայաստանում: Դրա համար ձևավորված աշխատանքային խմբերը կմշակեն ուսումնական պլաններ և չափորոշիչներ: Մեկնարկող ծրագիրը հիմնականում ուղղված է կարիքների գնահատման և գործատուների հետ աշխատանքի ակտիվացմանը, ոչ միայն ֆորմալ, այլ նաև ոչ ֆորմալ կրթության իրականացմանը: Դրանով է պայմանավորված, որ այսօրվա հանդիպմանը ներկա են նաև գործատուների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի մյուս բաղադրիչը վերաբերում է ուսումնական հաստատությունների ներսում ձեռնարկությունների հիմնմանը, որը հաստատություններին հնարավորություն կտա ձևավորել արտաբյուջե: Ներկայումս հանրապետության 5 հաստատությունում գործում են նման ձեռնարկություններ, որը կարող է վերոնշյալ փորձի տարածման լավ նախադրյալ հանդիսանալ»,-նշել է Արտակ Աղբալյանը:
ՄԿՈՒ-ի մեջ մասնավոր ոլորտի ներգրավման գծով ԵԿՀ մասնագետ Դիդիյե Ժիլբերի խոսքով` ՄԿՈՒ ոլորտի հիմնական շահառուների մասնակցությամբ սահմանվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման հիմնական մարտահրավերները՝ գործատուների շահագրգռվածության պակաս, ֆինանսական և ոչ-ֆինանսական խրախուսում, պրակտիկաների որակ, աշխատանքի վրա հիմնված կրթության կանոնակարգման շրջանակ, դուալ կրթության հայկական մոդելի մշակում, տնտեսության ոլորտներ դուալ կրթության փորձնական ներդրման համար: Նրա խոսքով` այս աշխատաժողովի նպատակն է ձևավորել աշխատանքի վրա հիմնված ուսուցման կարիքների և պահանջարկի միասնական մոտեցում, հաստատել դրա հետագա զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև նախաձեռնել. Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագրի մշակման աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը ներկայացրել է գործակալության տեսակետը Հայաստանում Աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման վերաբերյալ: Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանն անդրադարձել է ՄԿՈՒ ուսանողի որակյալ պրակտիկայի կազմակերպման խնդիրներին ու մարտահրավերներին, «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» նախագծի փորձագետ Յուլիա Ստակյանը` դուալ կրթության ներդրմանը Հայաստանում, իսկ Save the Children Հայաստան-ի փորձագետ Անահիտ Երնջակյանը ներկայացրել է ձեռնարկատիրությունը և աշխատանքի վրա հիմնված կրթությունը ՄԿՈՒ ոլորտում` «Սոցիալական նորարարություններն արհեստագործական կրթության և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման համար Սյունիքի մարզում» նախագծի համատեքստում:
Զեկույցներին հաջորդել են խմբային քննարկումներ և փորձի փոխանակում հետևյալ թեմաներով` աշխատանքի վրա հիմնված կրթության նախընտրելի տեսակները Հայաստանի համար, ԱՀՈՒ մանկավարժական շրջանակը, Ֆինանսական խթաններ ԱՀՈՒ զարգացման համար և իրավական շրջանակ՝ աջակցելու ԱՀՈՒ ներդրմանը և զարգացմանը:
Աշխատաժողովի երկրորդ օրն ամփոփվել են կատարված աշխատանքները, ինչպես նաև տեղի է ունեցել Հայաստանում աշխատանքի վրա հիմնված ուսուցման 2018-2020թթ. զարգացման գործողությունների ծրագրի և ճանապարհային քարտեզի մշակման աշխատանքներ:
ՀՀ ԿԳՆ