Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության համար աշնանն անցկացնելու է հանրապետական ռազմամարզական խաղեր, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ և ՀՀ ազգային բանակում ծառայելու համար ֆիզիկապես կոփված երիտասարդներ պատրաստելն ու նրանց շրջանում առողջ ապրելակերպ արմատավորելն է: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է խաղերի կանոնակարգը:
Ռազմամարզական խաղերն անցկացվելու են 4 փուլով.
1-ին փուլ` ներդպրոցական զանգվածային մրցումներ (մինչև սեպտեմբերի 25-ը),
2-րդ փուլ` տարածաշրջանային և Երևանի վարչական շրջանների մրցումներ (սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 8-ը),
3-րդ փուլ` ՀՀ մարզերի և Երևանի առաջնություններ (հոկտեմբերի 10-20-ը),
4-րդ փուլ` եզրափակիչ հանրապետական մրցումներ (հոկտեմբերի 26-29-ը, ՀՀ պաշտպանության նախարարության որևէ զորամասում):
Ռազմամարզական խաղերին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը (թիմի կազմը` 9 մարզիկ և 1 մարզիչ‑ներկայացուցիչ): Ըստ փուլերի՝ մրցույթին մասնակցելու են՝
ներդպրոցական փուլ՝ բարձր դասարանների աշակերտներ,
տարածաշրջանային փուլ՝ դպրոցների հավաքական թիմեր,
մարզային փուլ՝ 2-րդ փուլում 1-ին և 2-րդ տեղերը գրաված դպրոցների հավաքական թիմեր,
եզրափակիչ փուլ՝ 3-րդ փուլում 1-ին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմեր:
Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`
նռնակի նետում (Ô-1 ուսումնական),
8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4x50 մ),
ձգումներ պտտաձողից,
կրոսավազք (1000 մ),
հրաձգություն,
ինքնաձիգի քանդում-հավաքում։
Ռազմամարզական խաղերի առանձին մրցաձևում հաղթող է ճանաչվելու առավել բարձր արդյունք գրանցած մարզիկը, իսկ առաջնության ընդհանուր թիմային հաշվարկը բոլոր փուլերում որոշվելու է առանձին մրցաձևում թիմի 9 անդամների գրանցած միավորների գումարով: Մեկից ավելի թիմերի միավորների հավասարության դեպքում առավելությունը կտրվի առանձին մրցաձևերում առավել շատ 1-ին, 2-րդ, 3-րդ և այլ տեղեր գրաված մարզիկ ունեցող թիմին: Նշենք նաև, որ եզրափակիչ փուլի ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ:
Ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի 1-3-րդ տեղերը գրաված դպրոցները կստանան ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրեր, հանրապետական փուլում մրցանակային տեղեր գրաված դպրոցները՝ հավաստագրեր, շնորհակալագրեր, գավաթներ, իսկ մարզիկները` մրցանակներ և համապատասխան կարգի հավաստագրեր: Բացի դրանից՝ կպարգևատրվեն առանձին մրցաձևերում հաղթող ճանաչված դպրոցականները:
Հավելենք, որ հանրակրթական դպրոցները ռազմամարզական խաղերի 2-րդ և 3-րդ փուլերի մասնակցության հայտերը մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան պետք է ներկայացնեն համապատասխանաբար մինչև սեպտեմբերի 20‑ը և հոկտեմբերի 9-ը, իսկ 4-րդ՝ հանրապետական փուլի մասնակցության նախնական հայտերը պետք է ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվեն մինչև հոկտեմբերի 22-ը: