| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2017թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, ինչպես նաև զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում հիմնական զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու արձանագրված բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին:
Ամփոփելով նիստի աշխատանքները՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպիոն երևույթների բացառումը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ պետք է լինել չափազանց հետևողական, խիստ վերահսկողության տակ պահել ամառային զորակոչի ամբողջ գործընթացը, հատկապես բժշկական հանձնաժողովների աշխատանքը՝ անառողջ երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով: