կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 16:36
Հասարակություն

Նախազորակոչային բժշկական աշխատանքներում բացեր կան

Նախազորակոչային բժշկական աշխատանքներում բացեր կան

Վերջին ժամանակաշրջանում մի շարք զինծառայողների ու զորակոչիկների մահվան դեպքեր գրանցվեցին: Բոլորն էլ մտահոգում են ՊՆ-ին եւ բոլոր դեպքերի վերաբերյալ էլ համապատասխան որոշումներ են ընդունվել. բանակի հրամանատարության կողմից ծառայողական քննությամբ վեր են հանվել այն բոլոր թերությունները, որոնք նպաստել են այդ դեպքերին, միեւնույն ժամանակ, հարուցված է քրեական գործ. լրագրողներին այսօր ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

 

Նախարարը տեղեկացրեց, որ այս հարցերի կապակցությամբ ինքը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել, եւ նշեց, որ աշխատանքներ են տարվում հատկապես զորակոչի բարելավման ուղղությամբ:

 

«Մենք գտնում ենք, որ մեր բացերից մեկը նախազորակոչային բժշկական բոլոր աշխատանքների` թե’ հետազոտությունների, թե’ բուժման գործընթացների եւ բանակում բժշկական ծառայության խնդիրների կատարման անցման բացթողումներն են: Որովհետեւ դեպքեր են եղել, որ նորակոչիկը հիվանդություններ է ունեցել մինչեւ բանակ զորակոչվելը, եւ այդ հիվանդությունների մասին չեն տեղեկացվել ո’չ հավաքակայանում, ո’չ զինկոմիսարիատներում եւ ո’չ էլ հրամանատարությունը: Իսկ մենք 100 տոկոսով չենք կարող բացառել, որ զինվորական ծառայության մեջ, հանդիպելով համապատասխան դժվարությունների, նաեւ ծառայության ազդեցության տակ, մանավանդ` ադապտացման պրոցեսում ինչ ընթացք կստանան այդ խնդիրները»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

Այդ բացերը լրացնելու ուղղությամբ, ինչպես ասաց պաշտպանության նախարարը, աշխատանքներ են իրականացվում առողջապահության նախարարության հետ, եւ դրանք 2013 թվականի հերթական զորակոչի ընթացքում կլրացվեն:

 

Ինչ վերաբերում է սպաների կողմից զինծառայողների հանդեպ սպառնալիքների եւ այլ վատ մեթոդների կիրառման դեպքերին, ապա նախարար Օհանյանն ասաց, որ ՀՀ ԶՈւ ունի համապատասխան կառուցվածք եւ այդ կառուցվածքի համապատասխան իրականացվում է ԶՈւ համալրումը` հաշվի առնելով առկա համալրվածության աստիճանը: Եվ միանգամից փոխել այն կամ ծառյությունից ազատել մարդկանց, կամ հայտնաբերել այն բոլոր թերությունները, որ կան, կամ պահի, ազդեցության, միջանձնային հարաբերությունների ընթացքում են առաջ գալիս, հնարավոր չէ: Այս ուղղությամբ շարունակական աշխատանքը կամաց-կամաց տանում է նրան, որ միջանձնային հարաբերությունների մեջ արձանագրվում են հաջողություններ:

 

Սեյրան Օհանյանը, լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաեւ ՌԴ հետ մեր ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը` նշելով, որ դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տվել, որպեսզի մեր երկու երկրների ղեկավարների կողմից համապատասխան ցուցցումներով դրանք կառավարական մակարդակից պետական մակարդակի անցնեն:

 

 

Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի շրջանակում նախարար Օհանյանն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանում Գաբալայի ՌՏԿ-ին փոխարինող նոր կայանի կառուցման հնարավորությանը եւ Հայաստանում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայի հարցերին: Սեյրան Օհանյանը նշեց, որ ռուսական զինուժը, որ տեղակայված է Հայաստանի տարածքում, ամբողջական պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի անվտանգության ապահովման համար: