Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նոր պատերազմին պատրաստվելու, չեզոքացնելու փոխարեն որոշում կայացնողները «ջայլամային քաղաքականությամբ» դա չնկատելու են տալիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Խոսքը Ադրբեջանի ազգային անվտանգության ռազամավարության 2021 թ-ի ծրագրային դրույթի մասին է, որի համաձայն նոր պատերազմը պետք է ընթանա արդեն Հայաստանի տարածքում, որի նպատակը Ադրբեջանի համար 20-30 կմ-անոց անվտանգության գոտու ստեղծումն է Սյունիքից մինչև Վարդենիս ու Վեդի։
Արդյո՞ք սա իրականություն կդառնա՝ հարցին պատասխանելու համար, ըստ թուրքագետի, պետք է նայենք՝ ի՞նչ եղավ նախկինում մշակված ռազմավարությունը․ այո՛, այն իրականացավ։
«Ադրբեջանը մշտապես խոսում էր լայնամասշտաբ պատերազմի մասին, ընդ որում, ակնհայտ էր, որ դրա առանցքային թևը լինելու է հարավայինը, որովհետև Իրանի հետ սահմանը կար և Սյունիքի հնարավոր հետագա մեկուսացումը հենց հարավային գոտում էր հնարավոր, ինչը, փաստացի, մասամբ իրականություն է դարձել։ Հետևաբար, նոր պատերազմի պարագայում, անշուշտ, կասկածից վեր է, որ նոր թատերաբեմ է դառնալու այն գոտին, որ գլխավոր խոչընդոտն է Ադրբեջանի՝ տարածաշրջանային ծավալապաշտական քաղաքականության համար․ խոսքը Սյունիքի մասին է»,-մեկնաբանեց Վարուժան Գեղամյանը։
Ինչ վերաբերում է՝ որքանո՞վ է վտանգավոր այս ամենը, թուրքագետը նույնիսկ բացատրության կարիք չի տեսնում, որովհետև այս պահին Ադրբեջանը շարունակում է զինվել, այս պահին Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են տարածաշրջանային հստակ մշակված ռազմական համագործակցությունը, որը ոչ թե խոսքերի կամ պետական հռետորաբանության մակարդակում է, այլ բուն գործողությունների։
«Պատահական չէ փետրվարի 1-12-ը Կարսում անցկացվելիք ռազմական զորավարժությունները։ Եվ վերջապես, տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում որոշում կայացնողների մտայնությունն այնպիսին է, որ նրանք նոր պատերազմի ոչ թե չեն պատրաստվում, այլ նույնիսկ բացառում են, որ այդպիսի բան կլինի։ Սա նման է ժողովրդական խոսքով ասած՝ «ջայլամային քաղաքականության», երբ որ դու, վտանգները տեսնելով, փոխարենը դրանց պատրաստվես և հնարավորինս չեզոքացնես, սկսում ես դրանք չնկատելու տալ, և դա, ի վերջո, հանգեցնում է մեծ ճգնաժամների և կորուստների, ինչպիսին մենք արդեն մեկ անգամ ունեցանք»,-ասաց Վարուժան Գեղամյանը։
Ադրբեջանի ազգային անվտանգության ռազմավարությամբ ամրագրված հաջորդ դրույթը ջրային անվտանգությունը ապահովելն է՝ Սևանա լճի արևելյան ափը Ադրբեջանի համար բուֆերային գոտի դարձնելու հաշվին։
Թուրքագետը նկատում է, որ տարածաշրջանում ջուրը՝ և՛ խմելու, և՛ ոռոգման, մեծագույն խնդիր է․ ջրային ռեսուրսների խնդիր կա Թուրքիայում, ջրային ռեսուրսների խնդիր կա Սիրիայում, Իրաքում, Իրանում, Ուրմիա լիճը՝ հայկական լեռնաշխարհի երրորդ հիմնական լիճը, մեր աչքի առաջ ցամաքում է։
Նա նշեց, որ սա ոչ թե ուղղակի բնակլիմայական գործընթաց է, այլ բնակլիմայական գործընթաց է, որն ազդում է տվյալ հասարակության քաղաքականության վրա։
«Այս պարագայում, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ մենք փաստացի Ադրբեջանին ուղղակի հանձնել ենք հայկական պետության համար ջրային հիմնական գանձարանը՝ Քարվաճառի շրջանը, և թե՛ Արցախի մնացած՝ ոչ օկուպացված հատվածում, և թե՛ Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների խնդիրը լրջագույն է։ Իսկ այդ ջրային ռեսուրսներից մենք ստանում էինք նաև էլեկտրաէներգիա՝ համեմատաբար ավելի էժան և ավելի մաքուր»,-ասաց նա։
Սարսանգի ջրամբարը ևս Ադրբեջանի ուշադրությունից դուրս չի կարող մնալ։
«Հատկապես, տարիներ ի վեր և միջազգային տարբեր հարթակներում անընդհատ Արդրբեջանի կողմից բարձրացվել է Սարսանգի՝ իբր բնակլիմայական աղետի մասին հարցը, որը, բարեբախտաբար, մեր կողմի հմուտ աշխատանքի շնորհիվ չեզոքացվել է, բայց այսօր նորից այդ վտանգը կա։ Ադրբեջանի համար Արցախի ամբողջ տարածքը թիրախավորված է, և հետևողականորեն ամեն ինչ արվելու է այդ տարածքների նկատմամբ ևս վերահսկողություն սահմանելու համար»,-ասաց Վարուժան Գեղամյանը։
Նա նկատեց, որ վերջին տարիների քննարկումներում սկսել ենք շատ քիչ ուշադրություն դարձնել բնական միջավայրին՝ աշխարհագրությանը, և շատ հաճախ ապավինում ենք բացառապես ոչ ֆիզրկական՝ միջազգային հարաբերությունների, իրավունքի տիրույթներին, մինչդեռ այս տարածաշրջանում գործերն ընթանում են հողին բավական կպած։
«Նկատի ունեմ, որ շատ կարևոր են աշխարհագրական այս կամ այն տեղանքները, դրանց հանդեպ վերահսկողությունը կամ հակառակը՝ դրանց կորուստները։ Եթե նախկինում Արցախի Հանրապետության սահմանները մասամբ բնական էին, այսինքն, հյուսիսում մենք ունեինք բնական լեռնաշղթա, ունեինք քիչ թե շատ կայուն՝ լեռներով ամրացված, արևելյան հատված և հարավը գետով պաշտպանված էր, ապա այսօր այդ բալանսը խախտվել է և այնպիսի միջավայր է ստեղծվել, որը չի կարող երկարատև խաղաղություն ապահովել»,-ընդգծեց Վարուժան Գեղամյանը։
Նա վստահ է, որ այսպիսի սահմաններով պետությունները երկարատև չեն գոյատևում, դրանք վաղ թե ուշ պիտի փոփոխվեն։
«Նույնը վերաբերում է նաև Նախիջևանին․ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը մի տեսակ անբնական գոտի է՝ բաժանված, երեք պետությունների արանքում գտնվող, և բոլոր կողմերը փորձելու են այդ շրջանի հարցերը արագորեն լուծել, որովհետև անբնական են այդ սահմանները»,-ասաց թուրքագետը։
Դա, ըստ նրա, վերաբերում է նաև ջրային ռեսուրսներին, վերաբերում է նաև հանքարդյունաբերությանը՝ բոլոր այն ոլորտներին, որոնք կենսական նշանակություն ունեն ցանկացած հանրույթի զարգացման համար, ցանկացած պետության զարգացման համար։
Վարուժան Գեղամյանը կասկած չունի, որ ադրբեջանական կողմը, հատկապես տեսնելով, որ հայկական կողմից չկա դրան հստակ հակադարձում, ամեն ինչ անելու է, որ հնարավորինս ճնշված վիճակում պահի Հայաստանին, որպեսզի կարողանա լրացուցիչ դիվիդենտներ ստանալ․ այսօր դա կլինի Մեղրիի միջացքը, վաղը կլինի մի շրջանի հանդեպ հավակնությունները և այդ շրջանում ադրբեջանական պրոտեկտորատի հաստատումը, որպեսզի կարողանա կապվել Ադրբեջանի հետ և այսպես շարունակ։
Աննա Բալյան
Այլ մանրամասներ՝ տեսանյութում․