կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-07 09:00
Աշխարհ

Ցուցարարների ներխուժումը Կապիտոլիում առաջինն է 1814 թվականից ի վեր

Ցուցարարների ներխուժումը Կապիտոլիում առաջինն է 1814 թվականից ի վեր

ԱՄՆ Կոնգրեսի շենք այսօր տեղի ունեցած ներխուժումը ցուցարարների կողմից առաջինն է 1814 թվականին բրիտանացիների կողմից դրա վրա հարձակումից ի վեր. հաղորդում է CNN-ի թղթակիցը՝ վկայակոչելով Կապիտոլիումի պատմության մասնագետին։

«Այսօր Կապիտոլիում են ներխուժել 1814 թվականից հետո առաջին անգամ, երբ բրիտանացիները հարձակում գործեցին դրա վրա եւ այրեցին այն 1812 թվականի պատերազմի ընթացքում։ Ինչպիսի ամոթ»,- գրել է Քեյթլին Քոլինզը։

Բրիտանական զորքերի հարձակումը Վաշինգտոնի վրա 1812–1815թթ. անգլոամերիկյան պատերազմի դրվագներից է։ Այդ ժամանակ այրվել էին շատ կառավարական շենքեր, այդ թվում՝ Սպիտակ տունն ու Կապիտոլիումը։

Կոնգրեսը, համաձայն ԱՄՆ Սահմանադրության, պետք է հաստատեր նոյեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները՝ պաշտոնապես վավերացնելով ընտրիչների քվեարկության արդյունքները։ Արդյունքներով հաղթել է Ջո Բայդենը՝ հավաքելով 306 ձայն՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի 232 ձայնի դիմաց, որը չի ընդունել պարտությունը։

Երկու պալատներում էլ նիստերի սկսվելուց կարճ ժամանակ անց ցուցարարները, որոնք Վաշինգտոն էին եկել Թրամփին աջակցություն հայտնելու համար, ներխուժել են շենք եւ շրջափակել այն։ Կոնգրեսի աշխատանքը դադարեցվել է, օրենսդիրները՝ տարհանվել։ Թրամփը ցուցարարներին Վաշինգտոնում կոչ է արել խաղաղ գործել, թեև ավելի վաղ ինքն էր կոչ արել գնալ Կոնգրես։ Կապիտոլիումի շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ Թրամփի կողմնակիցների եւ ոստիկանության միջեւ։