Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
2020 թվականի հունվարից վերահրատարակվող ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ը ընթերցողին է ներկայացնում տարեվերջյան թիվ 12-րդ համարը: Դժբախտաբար անցնող տարվա ամփոփումն ու նորի դիմավորումը հայ ժողովուրդը այս անգամ չի անում ընդունված տրամադրությամբ եւ «Դրօշակ»ի խմբագրակազմն էլ պաշտոնաթերթի ներկա թիվը նվիրել է գլխավորաբար արցախին, արցախյան ողբերգական իրադարձությունների հետ կապված ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներին, Արցախյան հարցի զարգացման պատմական հոլովույթին: Ստեղծված կացությանը եւ առկա մարտահրավերներին է նվիրված լույս ընծայված «Դրօշակ»ի նոր համարի առաջնորդողը: Նույն խնդրի շրջանակում հետաքրքրական հարցազրույց է տպագրված ակադեմիկոս, պատմաբան-արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Ծավալուն հարցազրույցը մասնավորապես անդրադառնում է հակամարտության մեջ Թուրքիայի դերին՝ այս պետության ներկայիս ագրեսիվ զավթողական նկրտումների համատեքստում: Դարձյալ տվյալ թեմային անդրադառնալով Վարդան Հակոբյանը խնդրի ծանրությունը տեղափոխում է Ռուսաստանի դերակատարության քննության տեսանկյուն: Պատմաբաններ Խաչատուր Ստեփանյանը եւ Արմեն Ասրյանը իրենց հոդվածներով անդրադառնում են Արցախի, որպես պատմական Հայաստանի հատվածներից մեկի, պատմությանը, նրա դերին, հատկապես Ադրբեջան արհեստածին պետության ձեւավորումից հետո հայաշունչ Արցախին պարտադրված եւ մինչ մեր օրերը ողբերգականորեն շարունակվող ճակատագրին: Հոդվածագիրների եզրակացությունները աներկբայորեն հանգում են այն գաղափարին, որ բազում փորձություններ տեսած եւ Հայաստանի ներկայի ու ապագայի համար բախտորոշ նշանակություն ունեցող երկրամասի հայկական կենսագրությունն ավարտված չէ ու վերջին տասնամյակներին տեղի ունեցած բանակցային եւ այլ գործընթացները պետք է շարունակվեն:
Անշուշտ բոլոր հոդվածագիրների ասելիքի առանցքում Հայաստանի եւ Հայաստանի քաղաքական ղեկավարության արածի եւ անելիքների խնդիրն է:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը անդրադառնում է Հայաստանի՝ կործանարար լինելու աստիճան ձախող իշխանության, երկուսուկես տարվա գործունեությանը, որի հետեւանքը ոչ միայն Հայաստանի տնտեսական, սոցիալական եւ բարոյական խարխլումն է, այլեւ Արցախի հարցում արձանագրված ծանր պարտությունը:
Ուշագրավ է նաեւ պատմաբան Անի Մելքոնյանի անդրադարձը հարյուր տարի առաջվա իրադարձություններին, Հայաստանի անկախության կորստի ու երկրի բոլշևիկացման գործընթացներին եւ տվյալ իրադարձությունների ուղղակի ու անուղղակի համեմատությանը մերօրյա դեպքերի հետ: Ակնառու է դառնում, թե ինչպես ապազգային ու օտարի շահերին ծառայող իշխանությունները կարող են կարճ ժամանակում երկիրը հասցնել մեծ կորուստների, ինքնիշախնության սասանման շեմի:
Պաշտոնաթերթի այս համարում ընթերցողը կարող է գտնել ուշագրավ այլ հրապարակումներ եւս:
«Դրօշակ»ի 12-րդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:
Ներբեռնել համարը Դրօշակ թիվ 12 2020