Ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգը, որը Թուրքիան ձեռք է բերել Ռուսաստանից, վտանգ է ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար: Այս մասին Dpa գործակալությանը տված հարցազրույցում ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:
«Ես արդեն բազմիցս ասել եմ Թուրքիային, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ: Ս-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը»,- հավելել է նա:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ այդ կապակցությամբ աջակցում է Անկարայի բանակցություններին դաշինքի անդամ այլ երկրների հետ Patriot կամ SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր մատակարարումների շուրջ:
«Դրանք համակարգեր են, որոնք կամրապնդեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները և միաժամանակ կինտեգրվեն ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին»,- շեշտել է դաշինքի գլխավոր քարտուղարը: