Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիր մտել է թշնամի, ոչ թե դավաճան և, մինչև այդ թշնամուց չազատվենք, երկիրը ապագա չի ունենալու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ։
«Ոչ միայն մեր սերնդի, նախորդ հարյուրամյակների երազանքները Փաշինյանը կործանեց, ինքը Հայաստանում մտցրեց մի նոր երևույթ, որ երբեք Հայաստանում չենք ունեցել։ Իրեն ասում են՝ դավաճան, ես դավաճան չեմ համարում նրան, համարում եմ թշնամի, մեր պետության և մեր ժողովրդի թշնամին է ինքը, ոչ թե դավաճան է, ինքը երբեք մեզ հետ չի եղել, որ դավաճաներ մեզ»,-պարզաբանեց նա։
Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ Փաշինյանը միշտ եղել է օտար, միշտ եղել է թշնամի և իր օրոք Հայաստանը ոչ մի զարգացում ապրել չի կարող։
«Պատերազմում մենք պարտվեցինք, շատ ցավալի, շատ խայտառակ, բայց էլի կարելի է ոտքի կանգնել, շատ ժողովուրդներ պարտվում են, նորից հաղթում են, բայց այն երևույթները, որն ինքը մտցրեց, այդ երևույթները կործանարար են հայ ժողովրդի համար»,-ասաց նա։
Իբրև այդպիսի երևույթ նա առանձնացրեց եկեղեցու դեմ հարձակումը, որ քողարկվում է Վեհափառի դեմ հարձակման անվան տակ, հարձակումը մեզ բոլոր ազգային արժեքների դեմ։
«Հայ ժողովրդի պատմությունը հանեց բուհերից, լեզուն կարևոր չէ, մշակույթը կարևոր չէ՝ կմիացնենք գիտության հետ, եկեղեցին կործանենք․․․ մեր երկիր մտել է թշնամի, ոչ թե դավաճան և մինչև այդ թշնամուց չազատվենք, երկիրը ապագա չի ունենալու»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ Փաշինյանի առաջարկի մասին նա թերահավատորեն խոսեց։
«Ես նույնիսկ չեմ կարծում, թե ինքը գնալու է արտահերթ ընտրությունների, ինքը նորից ուզում է դաշտը բաժանել կուսակցությունների՝ ովքեր են համաձայն, ովքեր համաձայն չեն։ Սովորական տրյուկն է՝ հին-նոր, սև-սպիտակ, էլիտա-ժողովուրդ, կուսակցություններ, որոնք հիմա ուզում են գնալ արտահերթ ընտրությունների և որոնք չեն ուզում։ Մենք հստակ ասել ենք՝ ոչ մի ընտրություն Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ չի կարող լինել Հայաստանում»,-ասաց նա։
Վազգեն Մանուկյանը վստահ է, որ նախ և առաջ Փաշինյանը պետք է հեռանա, ապա պետք է ձևավորվի կառավարություն, որը մեկ տարում գոնե մի քիչ ուշքի կբերի երկիրը, կբարձրացնի մարտունակությունը մեր բանակի, կգնա բանակցությունների՝ կա՛մ եռակողմ, կա՛մ Ադրբեջանի հետ՝ սահմանների վերաբերյալ։
«Որովհետև այն, ինչ կատարվում է՝ խայտառակություն է, մենք շարունակում ենք տալ ու տալ, նույնիսկ կոմունիստների ժամանակ ամեն թիզ հողի համար մեր և իրենց կենտկոմները իրար դեմ կռվում էին։ Իսկ այստեղ, առանց որևիցե բանակցությունների, ոչ մի միջազգային իրավունքի նորմ հաշվի չառնելով, տրվում են սահմանները։ Մինչև սա չվերջանա, նոր կառավարություն չստեղծվի, ընտրությունների մասին խոսելը անիմաստ է»,-ասաց նա։
Այս պահին ընտրություններ, Մանուկյանի համոզմամբ, նշանակում է նորից տրոհել Հայաստանը, որովհետև ընտրություններ նշանակում է պայքար, բոլոր կուսակցությունները պետք է սկսեն միմյանց դեմ պայքարել, այս վիճակում նա իմաստ չի տեսնում դրա մեջ մտնելու։
«Մինչև ուշքի չգանք, չի կարելի տենց բան անել։ Մինչև արտահերթ ընտրություններ ինքը պետք է գնա, մինչև ինքը չգնա, ոչ մի ընտրություն Հայաստանում չի լինելու։ Կամ ընտրությունը վերածվելու է Աստված գիտի՝ ինչ ընդհարումների Հայաստանի ներսում․ կռիվ է լինելու մինչև վերջ, ամեն քվեատուփի մոտ արյուն է թափվելու, դա՞ է ինքը ուզում»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա վստահ է, որ ժողովուրդը կհավաքվի, նրանք կքշի, հետո նոր ուշքի կգա և սկսի կառուցել իր նոր կյանքը։
«Ես խոստանում եմ, որ փողոց դուրս կգան, այս իշխանությունն էլ կփոխենք, որպեսզի նորմալ ապրենք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․