Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Էլինա Միրզոյան
Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու
«Հայկական բանակը, երէկ և այսօր, Վարդան Բակուրներուն կը պարտի իր անունն ու գործը:
Իր անփառունակ և բիւրանգամ աղիողորմ վախճան՝ հայ մարտական ուժի չարաշուք պարտութիւնն ու զգետնումն էր»:
Հրացանակիր
(«Ազատամարտ», Փարիզ, 1929)
Վարդան Բակուրն, ում անունը գրեթե անհայտ է հայության լայն շրջանակի համար, հայ սպայության տաղանդավոր, ինչպես այդ ժամանակի պարբերական մամուլում է ներկայացվում, պարծանքներից մեկն էր, «որուն նմանը չկար հայկական բանակին մէջ, 1919էն մինչև 1921»:
Նա եղել է թրքական բանակի վերապրող սակավաթիվ հայ սպաներից, ով հաստատվել է Հայաստանում՝ իր մասնագիտական փորձը կիրառելու իր հայրենիքում. «Վարդանը եղած էր թրքական բանակէն վերապրող սակաւաթիւ հայ սպաներէն, որոնք օր մը վազեցին Հայաստան, իրենց հայրենասիրութեան և արիւնի հարկը մատուցանելու նորազատ հայրենիքին»:
Վարդան Բակուրը ծնվել է Սեբաստիայում: Աշակերտել է տեղի ազգային Արամյան վարժարանում և ամերիկյան դպրոցում: Ապա Կոստանդնուպոլսում եղել է ոստիկան (զորաց սպա):
Նրա ծնողները 1915 թ. տարագրվել են և սպանվել. Հայոց ցեղասպանության նահատակներ են: Նա իր բախտակից ընկերների հետ կարողացել է անցնել Սեբաստիա, Զիլե և Բաթում:
Ինչպես ընկերներից մեկն է հիշատակում, զինադադարը նրանց բերել է անասելի զարտուղիներ. «Թրքականէն հայկական բանակը անցնելու հեշտանքը ունեցանք: Գացինք Արագածն ու Արարատը ողջունելու, հայ զօրքի և իշխանութեան փառքին ծառայելու»:
Հայկական բանակի կազմում նա դարձել է աննման սպա. նախ վաշտապետ է նշանակվում, ապա՝ կանչվում գումարտակապետության 8-րդ հետևակագնդի մեջ: Իր մասնագիտական պատրաստվածությունը, կարգապահությունը, խստապահանջ խառնվածքը, զինվորական ընդունակությունները, մասնագիտական նվիրումն ու անձնազոհությունը նրան բարձրացնում են այնպիսի դիրքի, որին, ինչպես հիշատակում են, տասնյակներն ու հարյուրավորներն անկարող էին հասնելու. «Հայկական բանակը իրաւամբ կրնար պարծիլ Վարդան Բակուրներով, որոնց գոյութիւնը ո՛չ միայն գրաւական էր մեր ժողովուրդի զինուորական ու մարտական շնորհքներուն, այլև ռազմավարական նախապայման այն ամէն անգամներուն, որ առիթը կ҆ ունենայինք չափուելու հայ պետականութեան քայքայման աշխատող թաթարներուն և թուրքերուն հետ»:
Անմրցելի, պարտաճանաչ, անվախ, մասնագիտական և մարդ կոչմանը նվիրված հայ զինվոր է հիշատակվում նա, ով եղել է «հոգէառ սարսափն թոյլերուն, վախկոտներուն և դասալիքներուն»: Հայաստանի խորհրդայնացման օրերին դարձել է իր ոլորտում գործող և իրեն մոտ կանգնած մի քանի դասալիքի զրպարտությունների, թշնամանքի զոհը, որոնց հետապնդության շնորհիվ բանտ է նետվել. «Այն ամէն անոնց, որոնք կը նախընտրէին կռնակ տալ թշնամւոյն և հերոսանալ փախուստով ու վատութեամբ․․.»:
Խղճով ու հանդարտ կեցվածքի հայ սպան կանխազգուշություն չի արել. հայ սպային ձերբակալել տված դավադիրները հաջողել են իրենց գործում. «Փետրվարյան ապստամբության նախօրեին նրան Երևանի բանտախցում կացնահարել են. Հէ՛գ Վարդան Բակուր: Այն հայրենիքը որ քեզ կանչեց տարաւ արիւնիդ վկան զո՛ւր ու անիրա՛ւ տեղը, որովհետեւ անհասկացողութիւնը, իրերաջինջ և ատելավառ հոգիները զիրար բզքտելու ելած էին Հայաստանի մէջ և հայ մարդիկը կ҆արհամարհէին, կը ձաղկէին, կը կոխկռտէին և բզքտէին հայ մարդիկը…»:
Akunq.net