Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
25-ն այն տարիքն է, երբ Հայաստանի քաղաքացին կարող է արդեն Ազգային ժողովի պատգամավոր ընտրվել, բայց Մակար ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ այս մի հարցում դեռեւս չի շտապում, հատկապես որ արդեն պատգամավոր է, բայց՝ Երիտասարդական խորհրդարանի:
Հասցրել է ավարտել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ծառայել ՀՀ զինված ուժերում, կուսակցության անդամագրվել, ամուսնանալ, երկու իրավաբանական ընկերություններում զուգահեռ աշխատել, իսկ բոլորովին վերջերս՝ քննություն հանձնել եւ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու արտոնագիր ստանալ:
- Ոչ ոք չի հարցնում բանակում վերջերս ծառայածների կարծիքը: Ինձ թվում է՝ իզուր. դուք պիտի որ լավ իմանաք, թե կոնկրետ ինչը պետք է փոխել:
- Մեր բանակի թիվ մեկ խնդիրը զինվորների եւ սպաների ներքին, միջանձնային հարաբերություններն են, այսպես կոչված` ոչ կանոնադրային հարաբերությունները: Երբ որ սպաները պատշաճ չեն կատարում իրենց աշխատանքը, դրա փոխարեն որոշ զինվորների արտոնում են իրենց փոխարեն կատարել այդ պարտականությունները, դա մեծ բարոյահոգեբանական ընկճվածություն է առաջացնում մյուս զինվորների մեջ եւ առաջ բերում ծանր հետեւանքներ:
- Ձեզ մոտ կա՞ր այդպիսի բան:
- Ես տարբեր ստորաբաժանումներում եմ ծառայել, վիճակը տարբեր էր: Ինձ համար լավագույնն այն վաշտն էր, որտեղ սպան շատ խիստ էր, բոլորից հավասարապես պահանջում էր կատարել զինվորի պարտականությունները: Հետաքրքիրն այն էր, որ ֆիզիկապես այդքան ծանրաբեռնված՝ այդ վաշտում ընկերական ջերմ մթնոլորտ էր տիրում, բոլորը միմյանց նկատմամբ սրտացավ էին: Բայց երբ բարձիթողի վիճակի մատնված ստորաբաժանումում էի ծառայում, որտեղ սպաները չէին կատարում իրենց պարտականությունները, մթնոլորտը վատն էր:
- Ճի՞շտ հասկացա՝ առողջ մթնոլորտի համար զինվորը պիտի պարապ չմնա:
- Զինվորական կանոնադրությամբ առաջնորդվելու դեպքում զինվորների առօրյան այնքան հագեցած է լինում, որ զինվորն այլեւս չի մտածում ոչ կանոնադրային հարաբերությունների, ծառայությունից խուսափելու կամ միջանձնային կոնֆլիկտներ ստեղծելու մասին: Էլի եմ ասում, միջանձնային խնդիրները հիմնականում առաջանում են արտոնությունների պատճառով: Երբ զինվորը զգում է, որ հավասար է մյուս զինվորին, իսկ իրենցից բարձր կանգնած է սպան, ինքը ենթարկվում է այդ սպային: Եվ ոչ թե ընկճված է լինում, այլ զգում է իր անձի, իր ծառայության կարեւորությունը: Իսկ եթե կողքինն արտոնություններ է ունենում, նա խորը հոգեբանական կոնֆլիկտի մեջ է ընկնում` ինչո՞ւ պետք է ինքը աշխատանք կատարի, իսկ կողքինը պառկի եւ հրամաններ տա: Դա մեր բանակի թիվ մեկ թշնամին է:
- Իսկ որ ասում են՝ հասարակությունն է այդպիսին, կամ՝ ինչպիսին ընտանիքի ու դպրոցի դաստիարակությունն է, այնպես էլ՝ բանակը, ճի՞շտ է:
- Բանակում մարդիկ օրուգիշեր միմյանց հետ են ապրում, եւ ինչքան էլ մարդ փորձի թաքցնել, բացահայտվում է նրա ողջ էությունը: Իսկ այդ էությունը ձեւավորվում է՝ սկսած մանկապարտեզից ու ընտանիքից: Դրա համար կարեւոր է, որ մարդը ձեւավորվի այնպիսին, որ ծառայակիցների համար լինի ոչ թե ատելի, թշնամական, ընկճող, ճնշող անձնավորություն, այլ ընկերական, նվիրված:
- Բանակում զինվորների գողական լեզուն նպաստո՞ւմ է լավ մթնոլորտին:
- Դա գողական լեզու չէ. հասարակությունը սխալ է մեկնաբանում: Դա ուղղակի մարդկանց վրա ազդեցություն ունենալու որոշակի լծակների լեզու է:
- Դու սովորեցի՞ր:
- Շատ ուրախ եմ, որ իմ ծառայության ընթացքում պահպանել եմ իմ դեմքը եւ չեմ դավաճանել իմ սկզբունքներին: Հակառակը, բանակում ավելի սկզբունքային դարձա: Եվ կարծում եմ, որ չեմ ունեցել որեւէ ծառայակից, որի նկատմամբ այնպիսի բան արած լինեմ, որի համար զղջամ կամ հետագայում այդ մարդու հետ շփվելիս նրա վատ վերաբերմունքին արժանանամ:
- Ապագա նորակոչիկների առջեւ կբացե՞ս գաղտնիքը:
- Բանակում յուրաքանչյուր օրը փորձում էի առավել իմաստալից անցկացնել: Կարդալով՝ օրինակ էի ցույց տալիս ինձ հետ ծառայող ընկերներիս: Սկզբում գրքերը կարծես տարօրինակ երեւույթ լինեին այնտեղ: Իսկ մի քանի ամիս անց մեր ստորաբաժանման բոլոր զինվորների դարակներում գրքեր կային: Տարբեր ծրագրեր, միջոցառումներ էինք կազմակերպում: Ծառայակից ընկերներով որոշեցինք մի լավ գործ անել, եւ այդպես ծնվեց «Բարի Ձմեռ պապ» ծրագիրը: Դրսում գտնվող մեր ընկերների օգնության շնորհիվ նաեւ մեր զորամասի մոտակա բնավայրերի հազարավոր երեխաների Նոր տարվա նվերներ բաժանեցինք: Նույնիսկ ստեղծեցինք ծրագրի կայք: Մեր սպաների, ծառայակիցների շրջանում մեծ արձագանք գտավ. յուրաքանչյուր զինվոր եւ սպա աջակցում էր մեզ, որ այդ ծրագիրը կյանքի կոչվեր, եւ հաջողվեց: Բանակից անմիջապես հետո ընկերներով հիմնեցինք «Համաչափ զարգացում» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը, եւ «Բարի Ձմեռ պապը» դարձավ մեր ավանդական հիմնական ծրագիրը:
- Երիտասարդական խորհրդարանում երեւի պետաիրավական հանձնաժողովի անդամ ես:
- Ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահն եմ: Ինձանից հեռու ոլորտ չէ: Իմ փաստաբանական գործունեության ընթացքում հիմնականում առնչվում եմ բանկային ոլորտին, դատական գործերով ավելի շատ ներգրավված եմ եղել բանկերի շահերի պաշտպանության մեջ:
- Անկա՞խ պատգամավոր ես:
- ԲՀԿ-ի խմբակցությունում եմ: Կուսակցության կազմավորման օրվանից համագործակցել եմ:
- Խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ ես:
- Ոչ, ես կարծում եմ, որ դեռեւս շատ անելիք ունեմ, շատ ճանապարհ ունեմ անցնելու, որ որպես մասնագետ կայանամ իրավաբանության ոլորտում:
- Փաստաբանական առաջին գործդ ինչպիսի՞ վեճ էր:
- Առաջին գործն ինձ հանձնարարեցին, երբ սովորելուն զուգահեռ աշխատում էի: Մինչեւ հիմա, կարելի է ասել, որ այդ գործը շարունակվում է, ճիշտ է, կասեցված է, բայց հույս ունենք, որ երբեւէ այդ գործով ինչ-որ հաջողությունների կհասնենք: Պետական գույքի մասնավորեցման հետ կապված հարց էր, որը շատ խոր արմատներ ուներ, եւ այդ հարցին վերջնական լուծում մինչեւ հիմա չի տրվել, նույնիսկ՝ մինչեւ Եվրոպական դատարան:
- Կոնկրետ կասե՞ս՝ ինչի մասին էր:
- Իրավունք չունեմ:
- Կարծիք կա, որ երիտասարդ ժամանակ բոլորն էլ արդարության մարտիկներ են, չեն պատկերացնում, թե իրենց ձեռքը երբեւէ կաշառքին կդիպչի: Բայց մի օր գալիս է ռուբիկոնն անցնելու պահը, հետո սովորական է դառնում: Հույս դնե՞նք ձեր սերնդի վրա, որ դուք ուրիշ եք:
- Դժվարանում եմ պատասխանել: Եթե ասեմ այո՝ չարդարացված լավատեսություն դրսեւորած կլինեմ: Բայց հնարավոր է: Հեռու չգնանք` մեր հարեւան Վրաստանում, բոլորս երեւի մեր ծանոթներից լսել ենք, թե ինչպիսի խիստ ռեժիմ է գործում եւ ինչպիսի պատիժներ են սահմանված կաշառք առաջարկելու համար: Մեր քաղաքացիներից եւս եղել են, որ լուրջ խնդիրների են բախվել Վրաստանում՝ ոստիկաններին, պաշտոնյաներին կաշառք առաջարկելու պահին. նրանց անմիջապես ձերբակալում են եւ քրեական մեղադրանք առաջադրում կաշառք տալու հանցակազմով: Եթե Վրաստանը կարող է շատ կարճ ժամանակում հայտնվել այդպիսի վիճակում, ուրեմն մենք էլ կկարողանանք վերջապես հաղթահարել այդ արատը:
Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ