կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-21 16:28
Քաղաքական

Դերսիմը եւ պատմության հետ առերեսումը

Դերսիմը եւ պատմության հետ առերեսումը

Ժխտվող և չընդունվող որևէ հանցանք մեծացնում է դրա կրկնվելու հավանականությունը:  Եթե պետությունը չի ընդունում կատարված կոտորածը, նշանակում  է՝ ասում է. «Ես այն դարձյալ կանեմ»: Եթե չընդունեք պատմության ընթացքում իրականացված ոճրագործությունը, կա հավանականություն, որ այն նորից կկրկնեք: Դա է հիմնական պատճառը, որ դերսիմցիները նույնիսկ այսօր  անապահովության մեծ զգացումով են ապրում:

Թաներ Աքչամ

1937 թ. նոյեմբերի 15-ին մահապատժի ենթարկվեցին Դերսիմի առաջադեմ մարդիկ՝ Սեյիթ Ռըզայի գլխավորությամբ: Նրանց մահապատիժը 37/38 թթ. Դերսիմի կոտորածների կարևոր խորհրդանիշն է: Այսօր նրանց գերեզմանների տեղը հայտի չէ: Դերսիմի մահապատիժների մասին խոսելով` ցանկանում եմ անդրադառնալ Թուրքիայում պատմության հետ առերեսվելու հետ կապված խնդիրները:

Թեզ առաջին. Պատմության ընթացքում տեղի ունեցած ցավալի դեպքերի մասին պետք չէ խոսել, վերքը փորփրելու ոչ իմաստ կա, ոչ էլ օգուտ:

Ճի՞շտ է արդյոք այդ թեզը: Իսկապես, ի՞նչ կլինի, եթե խոսենք: Չե՞նք ասելու` եկեք մոռանանք և առաջ նայենք: Կարող ենք պատասխանել` այո, վերքերը փորփրելու իմաստ իհարկե չկա: Սակայն արդեն իսկ 80 տարի է՝ հենց դա՞ չենք ասում: Այդ դեպքում պետք է հարցնել` «Վերքերը չփորփրելը օգուտ տվե՞ց»: Ըստ իս, ոչ մի օգուտ էլ չի տվել: Այդ դեպքում հարց․ մի՞թե պատմության մասին խոսելը վերքեր փորփրել է նշանակում: Պատասխան` ոչ, վերք փորփրելը վեճն է, իսկ խոսելը վեճ չէ: Խոսել նշանակում է՝ վերքերը վիրակապել, դասեր քաղել: Խոսել պատմության մասին նշանակում է՝ սպեղանի դնել վերքին, չսպիացող վերքը ապաքինել: Եթե չխոսեք, չեք ապաքինվի:

Թեզ երկրորդ. Ի՞նչ է վերքը, և ինչպե՞ս է այն բուժվում: Պատասխան` վերքը ժողովրդավարության և մարդու իրավունքների բացակայությունն է: Վերքը այն է, երբ  ցավի սուգն անգամ չի պահվում: Եթե չսգաք, կհիվանդանաք: Ոչ միայն՝ դուք․ ձեզ հարազատ յուրաքանչյուր ոք կհիվանդանա: Այսօր Թուրքիայում մարդու իրավունքները հարգող ժողովրդավար ռեժիմի բացակայության ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ Դերսիմում Հանրապետությունից առաջ և Հանրապետությունից հետո առաջացած ցավերի մասին չի խոսվում:

Թեզ երրորդ. Ինչու՞ պետք է խոսենք պատմությունից:

Չորս կարևոր պատճառ կա առ այն, որ պատմության հետ առերեսվելն անհրաժեշտություն է: Առաջին պատճառը` եթե չառերեսվեք ձեր պատմության հետ, ապա ժողովրդավարություն չի հաստատվի ձեր երկրում: Այս երկրում ժողովրդավարության բացակայությունը Թայիփ Էրդողանի մեջ փնտրելուց սխալ տեսակետ չի կարող լինել: Եթե մինչև իսկ Էրդողանը գնա, ժողովրդավարություն չի հաստատվի: Այս երկրում ժողովրդավարության բացակայության ամենակարևոր պատճառը պատմության ընթացքում իրականացված կոտորածների մասին չխոսելն է`  Դերսիմի կոտորածների գլխավորությամբ: Նշանակում է՝ այն անձը, որը փակում է Դերսիմի մասին խոսելու թեման, չի ցանկանում երկրի ժողովրդավարացումը: Երկրորդ պատճառն այն է, որ եթե չառերեսվեք ձեր պատմության հետ, ապա մարդու իրավունքները հարգող ռեժիմ չեք կարողանա ստեղծել: Չեք սովորի հարգել մարդուն և մարդկային արժանապատվությունը: Յուրաքանչյուր զանգվածային կոտորած մարդու իրավունքների խախտում է, հարձակում է մարդու կյանքի իրավունքի վրա: Եթե դուք անցյալում կատարված մարդու իրավունքների խախտումների նկատմամբ դիրքորոշում չունենաք, այսօր չեք կարողանա ստեղծել մարդու իրավունքները հարգող ռեժիմ: Հիմնական կանոնը հետևյալն է. կոտորած անելու համար սպանվող խմբի անդամներին պետք է մարդ չհամարել, պետք է նրանց արժանապատվությունը հողին հավասարեցնել, թե չէ չեք կարողանա սպանել:

Նացիստները հրեաներին ներկայացնում էին որպես մարմնի վրա եղած մանրէներ: Միություն և առաջադիմություն կուսակցությունը հայերին, հույներին և ասորիներին համարում էր մարմնի վրա եղած հիվանդոտ ուռուցք: Ռուանդայում հութուները տուտսիներին համարում էին ուտիճներ: Մանրէն մարմնից մաքրելը, ուռուցքը` կտրել-գցելը, ուտիճին ճզմելը դյուրին է:

Երբ մարդկանցից վերցնում ես մարդ լինելու գաղափարը, նրան սպանելը հեշտանում է: Սակայն չեք կարողանա մարդու իրավունքները հարգող ռեժիմ ունենալ անցյալում ձեր կողմից սպանվածներին մարդ չհամարելով, նրանց արժանապատվությանը բացահայտ հարված հասցնելը չուղղելով: Այդ պառճառով Սեյիդ Ռըզայի գերեզմանը գտնելն ու սովորույթի համապատասխան վերաթաղելը Թուրքիայում մարդու իրավունքները հարգող ռեժիմ հաստատելու գլխավոր նախապայմանն է: Պատմության հետ առերեսվելու երրորդ կարևոր պատճառն այն է, որ դա պետք է լինի հասարակության մեջ խաղաղության ու հանգստության մթնոլորտի հաստատման նախապայմանը:

Յուրաքանչյուր մեծ կոտորած ստեղծում է կասկածամտության ու անվստահության մթնոլորտ: Եթե անցյալում տեղի ունեցած սպանությունների հետ չառերեսվեք, հասարակությանը պատած այդ կասկածն ու անվստահությունը չեք վերացնի: Այնտեղ, որտեղ առկա է կասկած և անվստահություն դիմացինի նկատմամբ,  հարգանքի փոխարեն ատելություն և թշնամանք է լինում: Նախկինում հանցագործություն կատարածները այսօր բնաջնջումից փրկված մարդկանց մնացորդներին շարունակում են դիտարկել դեռևս նույն մեղքը գործելուն հակված մարդիկ: Ըստ իրենց, հայերը անցյալում հայրենիքի դավաճաններ էին․ այսօր էլ շարունակելու են իրենց հայրենիքի դավաճանության գործը:  Դրա համար հայի դեմ ատելություն սերմանելու գործում խոչընդոտ չկա: Դերսիմցին անցյալում ավազակ էր․ այսօր էլ կարող է շարունակել ավազակ լինել: Այդ պատճառով Դերսիմի ռմբակոծման ժամանակ անտառները այրելու հարցում խնդիր չկար:

Եթե պատմության մասին բացեիբաց չխոսեք, այլ կոծկեք եղածները, ապա զոհերը կվախենան, որ իրենց հետ կարող է նույնը կրկնվել և կշարունակեն ապրել նույն անվստահության և վախի մեջ: Դա պատմության հետ առերեսվելու չորրորդ կարևոր պատճառն է:

Ժխտվող և չընդունվող որևէ հանցանք մեծացնում է դրա կրկնվելու հավանականությունը:  Եթե պետությունը չի ընդունում կատարված կոտորածը, նշանակում  է՝ ասում է. «Ես այն դարձյալ կանեմ»: Եթե չընդունեք պատմության ընթացքում իրականացված ոճրագործությունը, կա հավանականություն, որ այն նորից կկրկնեք: Դա է հիմնական պատճառը, որ դերսիմցիները նույնիսկ այսօր  անապահովության մեծ զգացումով են ապրում: Դերսիմցիների խաղաղ ու ապահով կյանքին հասնելու ճանապարհն անցնում է նրանց դեմ իրագործված մեղքերն ընդունելով:

Այդ դեպքում ի՞նչ է պետք անել: Եթե ցանկանում ենք ժողովրդավար Թուրքիա, մարդու իրավունքները հարգող ռեժիմ, հասարակական խաղաղություն, հանգստություն, երկրում առկա կասկածանքի և անվստահության մթնոլորտի վերացում, պետք է խոսենք Դերսիմի մասին: Եթե շարունակենք դա չանել, ապա վերը նշվածներից ոչ մեկ տեղի չի ունենա:

Թեզ չորրորդ. Դերսիմի կոտորածը կազմակերպել և իրականացրել է Ժողովրդահանրապետական (Cumhuriyeti Halk Partisi- CHP) կուսակցությունը: Քանի դեռ այդ նախադասությունը նման բացահայտ կերպով չի ասվել, այդ երկիրը չի դառնա ժողովրդավար ու խաղաղ երկիր: Ժողովրդահանրապետական կուսակցությունը ներողություն է պարտք դերսիմցիներին: Քանի դեռ այդ նախադասությունը բացահայտ չի ասվել, այս երկրում կասկածամտությունը չի վերանա․ վստահության մթնոլորտ չի հաստատվի: Այսօր Թուրքիայում բազմաթիվ մարդիկ գերազանցապես ԺՀԿ-ին ընտրելու պատճառով դերսիմցիներին ասում են .«Մի’ սիրահարվեք ձեր դահիճին»: Ըստ իս, ճիշտ չէ այն թեզը, թե դերսիմցիները «սիրահարվել են իրենց դահճին»: Նույնիսկ անհեթեթություն է: Դերսիմցին վախենում է, որ իր հետ նման աղետ կպատահի, քանի որ Դերսիմի մասին պարզ չի խոսվում: Խոսքը ոչ թե սիրո, այլ` վախի մասին է: Դերսիմցին պետությունից վախենում է: Պետությունն էլ կասկածում է դերսիմցուն: Թուրքիայում ժողովրդավարության ամենագլխավոր խնդիրը պետության և քաղաքացու շուրջ հյուսված վախի և անվստահության շրջանն է: Դերսիմը դրա ամենավառ խորհրդանիշն է: Այդ շրջանի կոտրվելը նախապայման է ժողովրդավարության հաստատման համար: Եվ վախ-անվստահություն շրջանը կոտրող առաջին քայլը կարող է արվել ԺՀԿ-ի կողմից դերսիմցիներից ներողություն խնդրելու միջոցով:

Թեզ հինգերորդ. Դերսիմը Թուրքիայի պատմության տասնյակ մութ էջերից մեկն է: Մենք չենք կարող հասկանալ կամ պատմել Դերսիմի մասին, քանի դեռ չգիտենք մյուս մութ դեպքերի մասին, առանց այն դիտարկելու մյուս մութ իրադարձությունների համատեքստում: Օրինակ` բռնաձուլումը բազմաթիվ ցեղասպանությունների դեպքում շատ կարևոր զենք է: Ամերիկայում` բնիկները, Ավստրալիայում` աբորիգենները, նացիստական Գերմանիայում սլավոնները բնաջնջումից հետո ենթարկվել են բռնաձուլման: Կոտորածներից ողջ մնացած երեխաները հեռացվել են իրենց ընտանիքներից: Նրանց հարկադրաբար լցրել են որբանոցներ, գիշերօթիկ դպրոցներ և գերիշխող երկրի լեզվին, կրոնին համապատասխան են կրթել: Այսինքն` այդ մարդկանց մայրենին ու մշակույթն են ոչնչացրել: Թուրքիայում էլ հայերի և Դերսիմի հետ նույն բաները կատարվեցին: Ֆիզիկական բնաջնջումից հետո Դերսիմից հավաքված երեխաների մոտից վերացրել են իրենց մշակույթը: Ոչնչացրել են նրանց կրոնն ու մայրենին: Սըդըկա Ավարը այդ մշակութային ցեղասպանության խորհրդանշական ուսուցիչներից մեկն է, սակայն Թուրքիայի ԺՀ կուսակցականները, ձախերը երկար տարիներ Սըդըքա Ավարին փառաբանել են որպես կատարյալ թուրք ուսուցչի: Սըդըքա Ավարը դերսիմցիների հետ արել է նույնը, ինչ Հալիդե Էդիպը՝ հայերի հետ: Այսօր Հալիդե Էդիպը ժամանակակից թուրք կնոջ խորհրդանիշն է համարվում:

Թեզ վեցերորդ. Եթե չխոսեք ձեզ հետ կատարվածի մասին, ապա դրանք կդադարեն ճշմարիտ լինել, կհամարվեն «անհիմն պնդումներ»: Ներկայում դերսիմցին իր հետ տեղի ունեցածը չի ներկայացնում որպես կոտորած: Հիմա ԺՀԿ-ի գլխավորությամբ ամբողջ Թուրքիան Դերսիմում տեղի ունեցածները համարում է ապստամբություն: Ըստ այդ տեսակետի, Դերսիմը ֆեոդալական հետամնացության օջախ էր, իսկ Աթաթուրքի ռեժիմը առաջադեմ, հեղափոխական և ժամանակակից էր: Դերսիմում ֆեոդալական հետամնացությունը ճնշվումն էր, դա էլ նորմալ էր: Այդ պատճառով դերսիմցիների` «ինձ կոտորեցին» արտահայտությանը չեն հավատում և կասկածանքով են մոտենում: Եթե դերսիմցիների հետ տեղի ունեցածները չորակվեն որպես ճշմարտություն և չընդունվեն, դերսիմցիների պատմածները համարվեն լոկ տեսակետ, չկա այլ ելք, քան ճշմարտության մասին գոռալը: Չմոռանանք, որ տարբերություն չկա հայերի վերաբերյալ ներկայացվող «անհիմն ցեղասպանության պնդումներ» և դերսիմցիների վերաբերյալ ասվող «անհիմն կոտորածի պնդում» արտահայտությունների միջև:

Թեզ յոթերորդ. Մեզ նոր պատմագրություն է պետք,  պատմագրություն, որտեղ Դերսիմում տեղի ունեցածների գլխավորությամբ կներկայացվեն մյուս կոտորածները: Անգիր արված պատմության ընկալմամբ արդեն այսօրն ու վաղը չենք կառուցի: Նոր պատմության ընկալման կենտրոնում պետք է լինեն անցյալում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները: Ցավերը մարդկանց միավորում են: Ցավի մասին խոսելը, սգալը մեզ միավորում է: Անցյալի ցավը մեր վերքի սպեղանին է դառնում: Եթե ցանկանում ենք այս հողի վրա ապրել եղբայրաբար, խաղաղության մեջ, պետք է սովորենք խոսել ցավի մասին և սգալ: Վրիժառու չլինելու, ատելություն չզգալու ճանապարհն անցնում է ցավի գինն իմանալով: Այդ պատճառով Դերսիմում բնաջնջվածի արժեքն իմանալը, հարգելը Թուրքիայում ժողովրդավարության հաստատման պայմանն են:

Այս երկրի հասարակության առողջացման գլխավոր պայմանն են Դերսիմի ցեղասպանության ճանաչման համար ջանք թափելը, Սեյիդ Ռըզայի և ընկերների դիերը գտնելու ցանկությունը, հայտնի զանգվածային գերեզմանները բացելն ու մարդկանց հավիտենական հանգիստն ապահովելու համար սովորույթին համապատասխան թաղելը և Դերսիմի բոլոր զոհերի համար հուշարձան ու թանգարան հիմնելը: Դրանք են այս երկրում հանգստության ու խաղաղության հաստատման, կասկածամտության և անապահովության մթնոլորտի վերացման գլխավոր նախապայմանները:

Այն հասարակությունները, որոնց չի հաջողվում պատմության ընթացքում տեղի ունեցած ցավալի դեպքերի առաջացրած բացը լրացնել, ցավոք, դատապարտված են ոչնչացման:

https://www.gazeteduvar.com.tr/dersim-ve-tarihle-yuzlesmek-haber-1504578

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net