կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 15:35
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմի հետևանքների վերացումը և մեր՝ ոտքի կանգնելը, կսկսվի այն պահից, երբ Փաշինյանը գնա․ Վազգեն Մանուկյան

Շատ բնական է, որ պատերազմում պարտված ցանկացած ղեկավար հեռանում է՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ, վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը մտավորականների և մշակույթի գործիչների հետ հանդիպմանը։  

«Մարդիկ կան, որ ինքնասպանություն են գործում, մարդիկ կան, որ հեռանում են, մարդիկ կան, որոնց հեռացնում են»,-տարբերակներ նշեց Վազգեն Մանուկյանը։

Նա ուշադրություն հրավիրեց Հայաստանում կատարվողի վրա․ սահմանների վրա հարձակվում են՝ Սյունիքի վրա, Արցախում, մինչդեռ որևիցե գործողություն, որևիցե որոշում չկա։

«Պատերազմի հետևանքների վերացումը և մեր՝ ոտքի կանգնելը, կսկսվի այն պահից, երբ Նիկոլ Փաշինյանը գնա»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ բոլորը հասկանում են, որ ինքը պետք է գնա, բացի իրենից։

«Բայց այդ հոգեվարքը, ամեն մի կորած օրը մեզ վրա շատ ծանր է նստում»,-ասաց վարչապետի՝ միասնական թեկնածուն։

Նա բերեց Վիլհելմ կայսեր օրինակը, որը նույնպես այդպես դիմադրեց այնքան, մինչև ապստամբությունը եղավ Բեռլինում և նրան «դեն գցեցին»։

«Քաղաքական աքսիոմ է՝ պարտված ղեկավարը պետք է գնա։ Եվ դրանից հետո ի՞նչ պետք է անել․ հսկայական բանակցային մի պրոցես պետք է գնա այս համաձայնագիրը կյանքի բերելու և որոշ կետեր մեկնաբանելու համար այնպես, ինչպես մենք կուզենանք»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ պայմանագիրը նաև հնարավորություն տվեց, որ այստեղ մտնեն ռուսական խաղաղապահ զորքերը։

«Այժմ նրանք են մեր խաղաղության երաշխիքը։ Եթե մինչև այդ մեր խաղաղության երաշխիքը մեր բանակն էր և մեր դաշնակիցների հետ համաձայանգրերը, հիմա հիմնական մեր անվտանգության երաշխավորը դարձավ ռուսական խաղաղապահ զորքը։ Եվ այդ դեպքում ես չեմ հասկանում՝ երբ Հայաստանում կամ Արցախում ցույցեր են լինում, որ ռուսական բազան այստեղից հանեն, որ ռուսները գնան»,-ասաց Մանուկյանը։

Նա ընդունում է, որ հասարակության մեջ կարող են լինել տարբեր տեսակետներ, բայց նշում է, որ եթե մեկը դուրս է գալիս փողոց և սկսում է պայքարել ռուսական բազաների դեմ, դա հակառուսական տրամադրություն չէ, դա փող է, որը տրվում է նրան, որ պայքարի Ռուսաստանի ազդեցությունը այստեղ նվազեցնելու համար։

«Իսկ ո՞ւմ է դա ամենաշատը պետք՝ Թուրքիային։ Ուրեմն ես իրավունք ունեմ ենթադրելու, որ դրանք Թուրքիայի ագենտներ են, որոնք կատարում են նրանց առաջադրանքը»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Վարչապետի միասնական թեկնածուն համամիտ է, որ մենք որոշ ժամանակ հետո լուրջ քննարկենք, թե ինչ հարաբերություն պետք է ունենանք Թուրքիայի, Իրանի, մյուս հարևանների հետ։ Բայց ասում է՝ երբ մարդիկ դեռ պատերազմը չավարտված, երբ սահմանին կրակում են, հայտարարում են, որ պետք է դիվանագիտական հարաբերություններ ստեղծենք Թուրքիայի հետ, դա ընդհանրապես անհասկանալի է։

«Այդ մարդը երևի մանկապարտեզ էլ չի գնացել․ մանկապարտեզից սկսած՝ բոլորը գիտեն, որ կռվի ժամանակ երբ դու գնում ես, ասում ես՝ հաշտվենք, ուրեմն դա կլինի երկրորդ մեր կապիտուլյացիան»,-ասաց Վաազգեն Մանուկյանը։

Նա գտնում է, որ Հայաստանը պետք է տարբեր երկրների հետ բազմաթիվ հարաբերություններ ունենա․ «Մեր երաշխիքը այստեղ, հիմա Ռուսաստանն է, բայց դա չի նշանակում, որ մյուս երկրների և Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ չունենանք։ Բայց այս պահին դա ասելը նշանակում է երկրորդ կապիտուլյացիա և այդ մարդիկ գնում են երկրորդ կապիտուլյացիայի»,-ասաց նա։

Եվ Վազգեն Մանուկյանին չի հետաքրքրում՝ դա իրենց թելադրվո՞ւմ է, թե՞ իրենց անգրագիտությունն է։

Ավելի վաղ հայտնել էինք Վազգեն Մանուկյանի խոսքը․ «Փաշինյանը քաղաքական դիակ է, ճիշտ է՝ մարտնչող»։

Մանրամասն՝ տեսանյութում․