Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն տարածքները, որոնք մենք ազատագրել էինք, պետք է մտնեին ԼՂԻՄ-ի սահմանների մեջ դեռ 1921 թ-ին՝ Կովբյուրոյի որոշմամբ ԼՂԻՄ-ը ձևավորելիս՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանը, որը ակտիվ մասնակցել է Ղարաբաղի հարցի կարգավորման իրավական փաթեթի մշակմանը։
Նա ապացուցում է, որ ազատագրված տարածքները, որոնք դավադրաբար հանձնվեցին թուրքին, Արցախի անբաժան մասն էին և դրանք ազատագրելով՝ մենք Լեռնային Ղարաբաղից դուրս չէինք եկել, տարածք չէինք գրավել։
«Կովբյուրոյի՝ չընդունված որոշման մեջ, դա արձանագրվել է․ այնտեղ ասված է՝ Լեռնային Ղարաբաղը թողնել Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ տալով նրան լայն մարզային ինքնավարություն։ Լեռնային Ղարաբաղին պետք էր տալ։ Մինչդեռ 2 տարի անց Ադրբեջանը գրեց՝ Լեռնային Ղարաբաղի հայկական մասում հիմնել մարզը։ Այսինքն, խախտվել է նույնիսկ այդ չընդունված որոշումը։ Նա խախտել է՝ դուրս թողնելով Շահումյանը, Քարվաճառը, Կովսականը, Հադրութի հարավը, այնքան է կտրատել այդ սահմանները, որ մարզում հայկական բնակչության թիվը հասել է 95 տոկոսի, մենք էլ ուրախանում ենք, այնինչ եթե ամբողջ տարածքը լիներ՝ 75 տոկոս կլիներ»,-բացատրում է Ալեքսանդր Մանասյանը։
Պրոֆեսորը հակասություն է տեսնում այսօրվա իշխանավորների լեքսիկոնում անգամ․ երբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն անընդհատ ասում է՝ մենք ազատագրել ենք տարածքները որպես անվտանգության գոտի, հակասություն կա՝ եթե մենք դա ազատագրել ենք, ուրեմն անվտանգության գոտի չէ՝ մերն է՝ ազատագրել ենք, եթե դա անվտանգության գոտի է՝ ուրեմն գրավել ենք։
Մեր դիվանագիտությունը թույլ է, արձանագրում է Մանասյանը, չի հասկանում այս բաները։
Մինչև եռակողմ հայտարարությունն էլ ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերում գրում էին՝ ԼՂԻՄ-ի սահմանները և Լաչինի միջանցքը, մինչդեռ բոլորը լռում էին, որ այդ տարածքները պետք է մտնեին մարզի սահմանների մեջ։
«Ինչի մասին չենք ասում՝ գոյություն չունի․․․ ժամանակակից ինֆորմացիոն տեսություններում էլ ասում են՝ եթե որևէ բան չի ասվում հեռուստատեսությամբ, ուրեմն այն գոյություն չունի։ Հիմա եթե մենք ասում ենք՝ սա անվտանգության գոտի է, գրավել եմ, ԵԱՀԿ-ն ի՞նչ ասի»,-արձանագրեց Մանասյանը։
Նա վստահեցնում է, որ անգամ այժմ, եռակողմի ստորագրումից հետո, հնարավոր է հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշմանը ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վրա և պետք է աշխատել այդ ուղղությամբ։
Այս փաստերը, ըստ պրոֆեսորի, խոսում են այն մասին, որ մենք չենք գնահատում բառի նշանակությունը փաստաթղթերում։
«Հիմա էլ ասում ենք՝ ռուսական զորքը մտցվել է արյունահեղությունը կանխելու համար, երկկողմանի կռիվը դադարեցնելու համար և դրա համար էլ կոչվում են խաղաղարարներ․․․ բայց իրականում դա այդպես չի եղել, իրականում այդ զորքերը մտել են Ադրբեջանի կողմից հարցի բռնի լուծումը կանխելու համար․ սա ուրիշ արտահայտություն է, որովհետև միջազգային իրավունքում բռնի լուծումը արգելվում է»,-ընդգծեց Ալեքսանդր Մանասյանը։
Նույն բարձիթողի վիճակն է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանները ճշգրտելու աշխատանքներում․ կան տարածքներ, որոնք Մոսկվայում հրատարակված քարտեզներով են անցնում Ադրբեջանին, այնինչ դրա համար ոչ մի իրավական հիմք չկա։
«Այդ սահմանները ճշգրտվում են ապօրինաբար և առանց իրավական հիմքերի։ Եվ հիմա մենք հնարավորություն ունենք խնդիրը տեղափոխել իրավական դաշտ, պարզել՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունների համաձայնությամբ է այդ տարածքները հանձնվել, որովհետև 1930-ական թթ քարտեզով դա եղել է Սովետական Հայաստանի տարածք»,-բացատրեց Ալեքսանդր Մանասյանը։
«Արագյոլեր» կոչվող տարածքը, որտեղից սկիզբ են առնում ջրերի ակունքները՝ դեպի Սևան եկող, դեպի Որոտան գնացող և դեպի Ադրբեջան գնացող գետերը, Ադրբեջանը հատուկ վերցրել է՝ առանց որևէ իրավական հիմքի։
Եվ միայն դա չէ․ Լաչինի միջանցքի լայնացում է եղել 1930-ական թթ սկզբներին տպված քարտեզներում՝ ԼՂԻՄ-ը Գորիսի շրջանում ուղղակի կպած էր Խորհրդային Հայաստանին, բայց հետո, դարձյալ ապօրինի ձևով, Ադրբեջանը 7 կմ-անոց միջանցք ստեղծեց Արցախի ու Հայաստանի միջև։
Ալեքսանդր Մանասյանը Արցախի Ավետարանոց գյուղից է։ Նրա նախնիներն էլ այդտեղից են։
«Ես առայժմ կորցրել եմ, չեմ հավատում, որ ընդմիշտ է, առայժմ կորցրել եմ իմ Ավետարանոցը, և միջազգային իրավունքի ոչ մի նորմ թույլ չի տալիս ասելու, որ որևէ մեկը իրավունք ունի զավթելու իմ սեփականությունը, ես ունեմ իմ տան, հողերի սեփականության վկայականները, ոչ մեկը իրավունք չունի բռնազավթելու դա»,-հայտարարեց Ալեքսանդր Մանասյանը։
Նա հղում կատարեց եռակողմ ստորագրված փաստաթղթում արձանագրված բառին, որ փախստականները պետք է վերադառնան․ պրոֆեսորը համոզված է, որ դա ադրբեջանցիներին չի վերաբերում, փախստական է միայն հայը՝ ո՛չ Սիրիայից եկած ահաբեկիչն է փախստական, ո՛չ Շուշիից Ստեփանակերտը հրետակոծողը։
Ասում է՝ ինքն այս ամենը ապացուցել է ադրբեջանցիներին, մնում է, որ մեր քաղաքական գործիչներին ապացուցի։
Աննա Բալյան
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․