կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-27 15:26
Տարածաշրջան

Ադրբեջանահայության ցեղասպանությունն անգամ ինքներս մեզ չենք կարողացել ներկայացնել. Ալեքսանդր Մանասյան

Ադրբեջանահայության ցեղասպանությունն անգամ ինքներս մեզ չենք կարողացել ներկայացնել. Ալեքսանդր Մանասյան

Մենք չենք կարողացել այսքան տարիների ընթացքում ադրբեջանահայության ցեղասպանությունը հավուր պատշաճի ներկայացնել հանրությանն ու նույնիսկ ինքներս մեզ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ-ի նախագահ, ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Մանասյանը` պատասխանելով հարցին, թե այս տարիների ընթացքում միջազգային ասպարեզում կարողացե՞լ ենք լսելի դարձնել Սումգայիթի, Բաքվի և Ադրբեջանի այլ բնակավայրերում կատարված ոճրագործությունների մասին:

«Հայաստանի Ազգային ժողովը Սումգայիթյան ոճրագործությունը չի բնութագրում որպես ցեղասպանական ակտ: Միայն Արցախի Ազգային ժողովն է դա արել: Այստեղ ոչ միայն Սուգայիթի ոճրագործության, այլև, ընդհանրապես, ամբողջ ադրբեջանահայության թեման պետք է մեջտեղ բերել»,- հավելեց նա:

Քաղաքագետը հիշեց, որ 1918-ին, երբ թուրքական կանոնավոր բանակը մտել է Անդրկովկաս և Սարդարապատից ու Բաշ-Ապարանից հետո շարժվել դեպի Բաքու, ամբողջ ճանապարհին` Գանձակից մինչև Բաքու, հայկական գյուղեր է ոչնչացրել: Նա հստակեցրեց` ինչու է անընդհատ շեշտում այդ փաստը, որովհետև, սովորաբար, երբ արծարծվում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած` հայերի ցեղասպանության թեման, թուրքերն ասում են, թե չեն ցեղասպանել:

«Արցախի խնդրի կերպարի փոփոխությունը կապված է Ադրբեջանում ցեղասպանությունը հրապարակ մտցնելու հետ: Եթե դուք դա չեք մտցնում, աշխարհը նրան անվանում է դեմոկրատական երկիր: Աշխարհը նրան անվանում է երկիր, որը Խոջալուի կոտորած է տեսել: Խոջալուի կապակցությամբ էլ պետք է ասեմ, որ սխալ է Խոջալու ասելը: Խոջալուում չի եղել դեպքը, դա եղել է Աղդամի մոտակայքում, որը դուրս է եղել հայկական վերահսկողության տարածքից: Պետք է ասել` Աղդամ, մենք այս հասարակ բանը չենք կարողանում տեղ հասցնել: Եթե նույնիսկ Արցախը պատկաներ Ադրբեջանին, մենք հարցը այսպես պետք է դնեինք, որ Հայաստանի ու Արցախի  Հանրապետությունները չեն կարող քննարկել այն  հարցը, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ ԼՂՀ-ն ցեղասպան պետության կազմում, որը չի դադարում հայատյացության գաղափար սերմանլ»,- շեշտեց Ալեքսանդր Մանասյանը: