կարևոր
6574 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-13 16:12
Հասարակություն

Դատախազության միջնորդության հիման վրա անվավեր են ճանաչվել ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականները

Դատախազության միջնորդության հիման վրա անվավեր են ճանաչվել ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականները

Գլխավոր դատախազությունը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

 Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների:

 Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիմել էր Ոստիկանություն (ներկայում՝ Ներքին գործերի նախարարություն)՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝  Ոստիկանությունը (ՆԳՆ) ուժը կորցրած է ճանաչել  մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ: