կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-13 15:17
Տարածաշրջան

Վրաստանի նախագահը հայտարարում է, որ կապ չունի Վրաստանի հողերի` Ադրբեջանին «հանձնմանը»

Վրաստանի նախագահը հայտարարում է, որ կապ չունի Վրաստանի հողերի` Ադրբեջանին «հանձնմանը»

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ինքը չի կարող կապ ունենալ վրացական հողերը Ադրբեջանին ապօրինի փոխանցելու գործի հետ, քանի որ հետաքննությունը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ ինքը չի զբաղեցրել պետական պաշտոններ: Երկրի ղեկավարի ուղերձը հրապարակվել է հոկտեմբերի 12-ին նախագահի մամուլի ծառայության կողմից:

«Հետաքննությունը վերաբերում է 2006-2007 թվականներին հանձնաժողովի ձեռք բերած համաձայնությանը, այլ ոչ թե արտգործնախարարի պաշտոնում իմ պաշտոնավարման ժամանակահատվածին (2004 թ. մարտի 18 - 2005 թ. հոկտեմբերի 19)»,- ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Զուրաբիշիվիլիի՝ Վրաստանի արտգործնախարարության ղեկավարի պաշտոնում իր պաշտոնավարման ընթացքում վրաց-ադրբեջանական սահմանի հարցը փակուղի էր մտել, քանի որ երկկողմ հանձնաժողովը չէր կարողանում համաձայնության գալ Դավիթ Գարեջի ուղղափառ վանական համալիրի տարածքում գտնվող Խրամի գետի վրայի Կարմիր կամրջի սահմանային հատվածների վերաբերյալ:

«Հաշվի առնելով հարցի բարձր քաղաքական կարևորությունն ու նրբությունը, ես և իմ գործընկեր Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցինք դիմել նախագահներին, քանի որ հարցը կարող է լուծվել միայն բարձրագույն քաղաքական մակարդակով»,- ասել է Զուրաբիշիվիլին:

Նա հավելել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչպես է քննարկվել հարցը, և արդյո՞ք այն քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի նախագահները, ինչպես նաև նշել է, որ պատրաստ է դատախազին տեղեկացնել սահմանի գործի վերաբերյալ հայտնի բոլոր տեղեկությունների մասին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում 2006-2007 թվականներին Բաքվի հետ սահմանի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները վերանայելու անհրաժեշտության մասին հայտարարվել էր սեպտեմբերի 24-ին: Այնուհետև Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ հարուցվել է քրեական գործ՝ 3500 հեկտար վրացական հողեր այլ պետության ապօրինի փոխանցելու դեպքի առթիվ: Գործի շրջանակներում բերման է ենթարկվել սահմանազատման հանձնաժողովի երկու անդամ:

Դավիթ Գարեջիի հարցը վերջին երկու տարիներին մեծ աղմուկ է բարձրացրել Վրաստանում։ Ադրբեջանը 2019 թ. ապօրինաբար ներխուժել է վրացական տարածք և իր վերահսկողությունը հաստատել վանքի նկատմամբ՝ թույլ չտալով վրաց հոգևորականների մուտքն այնտեղ: