կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 19:07
Քաղաքական

Արարատի մարզպետը հրաժարական է տվել, նա գործունեությունը շարունակելու է ՔՊ կուսակցությունում

Արարատի մարզպետը հրաժարական է տվել, նա գործունեությունը շարունակելու է ՔՊ կուսակցությունում

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին Սարգսյանը հայտնել է ֆեյսբուքյան էջում։

Նա մասնավորապես գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ արարատցիներ,

Այսօր հրաժարականի դիմում եմ ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Արարատի մարզպետի պաշտոնում աշխատեցի 2,5 տարի: Աշխատանքի անցնելուց անմիջապես հետո լծվել եմ մարզը զարգացնելու եւ մեր բնակիչների կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու գործին։ Ժամանակն, իհարկե, բավարար չէր, որպեսզի մեր նախանշած բոլոր ծրագրերը կյանքի կոչեինք, սակայն այս ընթացքում կատարվեցին բավականին շատ աշխատանքներ, որոնք հեղափոխությունից առաջ տարիներ շարունակ չէին իրականացվել, միեւնույն ժամանակ վստահեցնում եմ ձեզ՝ այս 2,5 տարում եղած ռեսուրսով արվել է մաքսիմումը, ինչը հնարավոր էր անել: Կատարված աշխատանքների մասին առաջիկայում կներկայացնեմ մանրամասն հաշվետվություն։

Մեր երկրի համար այս դժվար օրերին, թեեւ ես հրաժարական եմ տալիս մարզպետի պաշտոնից, սակայն շարունակելու եմ իմ գործունեությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: Շարունակելու եմ հետեւել նաեւ իմ մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացներին եւ իմ կարողությունների չափով նպաստել մարզի հետագա զարգացմանը:

Շնորհակալություն եմ հայտնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության համար եւ ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակացուցվածքների նախարարության իմ գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար:

Համագործակցության համար շնորհակալություն եմ հայտնում նաեւ Արարատի մարզի համայնքների ղեկավարներին, ինչպես նաեւ Արարատի մարզպետարանի աշխատակիցներին:

Մնացե՛ք խաղաղությամբ, լինենք միասնական եւ միահամուռ ուժերով հաղթահարենք մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները»: