Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կտրուկ բացասական կարծիքներ են հնչում: Այս մասին նախագծի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտնեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին կից կրթության և գիտության ոլորտային մասնագիտական հանձնախմբի ներկայացուցիչներն ու կրթական ոլորտի մասնագետները:
Օրենքի վերանայումը, ըստ բանախոսների, անհրաժեշտություն է, քանի որ կրթության մասին երկու նախկին օրենքները՝ 1999 թվականինը և 2004 թվականի բարձրագույն հետբուհականը, բավականին հնացած են և ընդունվել են մինչև Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցությունը՝ 2005 թվականը:
Նախագծի վերաբերյալ առաջին շեշտադրումն առնչվում էր կրթությունն ու գիտությունը օրենսդրական մասով իրար միացնելուն, ինչը հանգեցնում է ակադեմիայի դերի արժեզրկման: Ասում են՝ սա նախագծի համար խոցելի կետ է հատկապես հիմա, երբ մեր բուհերը պատրաստ չեն ստանձնել այն բեռը, որն ակադեմիան է իր վրա վերցրել:
«Չի ընկալվում՝ ինչու է գիտությունը միացվել այս օրենքին: Շատերն առաջարկում են, որ բարձրագույն կրթության մասին օրենքը պիտի առանձին լիներ, գիտատեխնիկական օրենքը բարելավվեր, և նոր օրենք ստեղծվեր: Այս միացումը բոլոր տեղերում քննադատվում է: Դրան զուգահեռ՝ ակադեմիան, որպես այդպիսին, զրկվում է իր գլխավոր դերակատությունից, գնում է փակման՝ դառնում խորհրդակցական մարմին: Հիմա գնում ենք գիտությունը բուհեր բերելու քաղաքականությամբ, սակայն գիտությունն ամբողջությամբ բուհեր բերելուն գուցե դեռ պատրաստ չենք, և դա կարող է չստացվել»,- ասաց բանախոսներից մեկը:
Նա անդրադարձավ նախագծի այն կետին, որով հեռակա ուսուցման համակարգը հանվում է, կոչվում մասնակի բեռնվածությամբ կրթության կազմակերպում, և բակալավրի 4 տարին մասնակիով դառնում է 8, մագիստրատուրայի 2-ը՝ 4 տարի:
«Նպատակն աշխատող ուսանողի համար այնպիսի վիճակ ապահովելն է, որ նա, աշխատելուն զուգահեռ, կարողանա սովորել. այս համակարգում կրկին այս լուծումը նա չի կարող ստանալ: Լուծումը կլինի երեկոյան կրթությունը, բացառությամբ որոշ մասնագիտությունների: Դրականն այն է, որ ուսանողը, որ սոցիալական հարց է լուծում և չի կարող այդքան վճարել, ընտրում է այնքան առարկաներ, որքան գումար և ժամանակ ունի»,- ասաց նա:
Հեռակա ուսուցումը մասնակիով փոխարինելու վերաբերյալ բանախոսները նշեցին, որ հեռակա ուսուցմամբ սովորողների 70-80 տոկոսը մարզերից է, եթե հեռական հանենք, նրանց կկտրենք Երևանից, իսկ մարզային բուհերում մասնագիտություններից շատերը չկան:
Հոգաբարձուների խորհրդի կազմի հնարավոր վատ համամասնության, վերապահված իրավունքի և քաղաքական մարմին դառնալու մասին խոսեց ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, որի խոսքով՝ այս կառույցը ճիպոտ է ցանկացած իշխանության ձեռքին:
«Դրանում մարդիկ են ներգրավված, որոնք հնարավոր է՝ չգիտեն համալսարանի տեղը: Նրանք չեն կարող կառավարել բուհը, գալիս են, քվեարկում քաղաքական ուժի կողմից, ռեկտոր ընտրում և գնում:
Ռեկտորը, սակայն, պետք է ընտրվի տվյալ կազմակերպության կողմից՝ բուհի գիտական խորհրդի: Հակառակ դեպքում կստացվի՝ ենթարկվել որևէ քաղաքական ուժի: Դեկանը ռեկտորի կողմից է նշանակվում, ռեկտորը՝ օրինակ, նախագահի կողմից, բնակա՞ն չէ, որ սխեմա է գործելու»,- ասաց Մարատ Գրիգորյանը:
Նա առաջարկում է ընտրական համակարգն այնպես ձևավորել, որ, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կլինի, չօգտագործվեն այն մեխանիզները, որոնք ստեղծվել են նախկինի ժամանակ:
Քննադատութան մյուս կետը Գրիգորյանի համար վարչական պաշտոնների տարիքային սահմանափակումն է՝ դեկաններն ու պրոռեկտորները 65-ից տարեկանից հետո այդ պաշտոններում չեն կարող աշխատել:
«Եթե կա ընտրություն, տարիքի սահմանափակումն իմաստ չունի: Ընտրությունը նրա համար է, որ կազմը տեսնի՝ տվյալ մարդը կարողանո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ»,- ընդգծեց նա:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ին կից կրթության և գիտության ոլորտային մասնագիտական հանձնախմբի նախագահ, Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի դասախոս Խաչատուր Ստեփանյանն էլ անդրադարձավ հայագիտության կոմպոնենտի վերացմանը:
«Եթե նախորդ օրենքում հայոց լեզուն և հայոց պատմությունն օրենսդրական պահանջ էին, սրանով հանվում են»,- ասաց նա:
Աննա Հովհաննիսյան