Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատմության մեջ ես հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Դա Իրաքի առաջին պատերազմն էր 1991 թվականին։ Սադամ Հուսեինը մնաց իշխանության՝ իր ողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Հետո վատ ավարտեց՝ կախեցին։ Հիմա օրինաչափությունը սա է՝ պարտված իշխանությունը, կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը պետք է փոխվի։ Պետք է փոխվի հենց հանուն այդ ժողովրդի․«5-րդ ալիքին» տված հարցազրույցի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Գիտե՞ք, այսօր վարչապետի դեմքը մարմնավորում է մեր այս խայտառակ պարտությունը։ Իր՝ ամեն անգամ լայվ դուրս գալով, ամեն անգամ էկրանին երևալով կամ «Ֆեյսբուքում» մի պոստ դնելով՝ ինքն իր դեմքով հիշեցնում է, որ մենք պարտված ազգ ենք, ամեն մի զոհված ընտանիքի հիշեցնում է՝ ով է մեղավոր այդ զոհերի համար։ Եվ ժողովրդին, ընդհանրապես՝ պետությանն ազատելու համար այդ բեռից, ինքը պետք է հեռանա։ Որ ամեն անգամ իրեն տեսնելով, մենք մեզ չզգանք պարտված ազգ։ Որովհետև ինքն իր դեմքով մարմնավորում է պարտությունը։ Այլ կերպ չի կարող լինել։ Հոգեբանները լավ գիտեն, որ երբ հանցագործի նկարը ցույց են տալիս զոհին, նույնիսկ նկարը նայելով՝ զոհը գրեթե նույն ցավն է ապրում։ Հիմա մեր վարչապետի դեմքն այդ ցավն է, մենք հիմա դատապարտված ենք ամեն օր այդ ցավը վերապրե՞լ։ Գոնե ժողովրդի նկատմամբ, եթե մի փոքր հարգանք ունես, հեռացիր»։
Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելն ուղղակի սխալ է։ Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձն արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։
Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է։ Բայց գոնե մեկ տարի ժամանակ է պետք հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կատարելու համար։
Ես ողջունում եմ ընդդիմադիր ուժերի այդ որոշումը և կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ։ Ես չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։ Չեմ նախանձում որևէ մեկին և առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին։ Սա մի առաքելություն է, որը պետք է կարողանան իրենք պատվով կատարել և կրկնեմ՝ ինքն այն մարդն է, որն իր անցած ճանապարհով հույս է ներշնչում, որ ի վիճակի է դա անել։ Իմ բոլոր կողմնակիցներին ես, ուղղակի օգտվելով առիթից, կոչ եմ անում ակտիվ մասնակցել բոլոր քաղաքական գործընթացներին, որոնք ուղղված են այս իշխանությանը պաշտոնանկ անելուն, բոլոր քաղաքական գործընթացներին։ Եվ իհարկե՝ նաև կոչ եմ անում աջակցել Վազգեն Մանուկյանին այս ծանր առաքելության մեջ՝ և՛ դրան հասնելու համար, և՛ իրականացնելու համար»։
Անդրադառնալով այն պնդումներին, որ Շուշին միշտ եղել է բանակցային փաթեթի մեջ, նախագահը նշեց, որ երբեք այն բանակցային փաթեթի մեջ չի եղել:
«Երբ ասում էին փախստականների վերադարձի մասին, այդ 80/20 հարաբերակցությունը մեր դիվանագիտական հաղթանակն էր Մադրիդյան սկզբունքների մեջ։ Դա վերաբերում էր հանրաքվեին։
Մենք էինք պնդում, որ Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն պետք է արվի այդ հարաբերակցությամբ, որովհետև մենք ենթադրում էինք, որ երկար ժամանակ է անցնելու, և մենք չէինք ուզում, որ Ադրբեջանն անձնագրեր դուրս գրելով, հանկարծ հետո չպարզվի, որ 100 հազար ադրբեջանցի է եղել Ղարաբաղում։
Մենք ֆիքսել ենք կոնֆլիկտի սկզբի տոկոսային հարաբերակցությունը։ Դա մեր դիվանագիտական հաղթանակն էր և դա հեշտ չէր։ Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, որ մեկ է՝ ենթադրվում էր, որ փախստականները պետք է վերադառնան, դա ևս մեր դիվանագիտական հաղթանակ է»։
Ռոբերտ Քոչարյանը նշում է, որ որևէ բանակցային գործընթացում որևէ մեկը չի կարող ասել, որ դեմ է փախստականների վերադարձին։
«Հիմա ի՞նչ ենք մենք առաջարկել և հասել դրան։ Մենք ասել ենք, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիք չեն կարող ավելի մեծ իրավունքներ ունենալ, քան Բաքվից, Կիրովաբադից հեռացած հայերը։ Եթե խոսքը գնում է վերադարձի մասին, այդ համաչափությունը ենթադրում է, որ ինչքան հայ վերադառնա Բաքու, Կիրովաբադ, այդ համաչափությամբ ադրբեջանցիք կվերադառնան Ղարաբաղ, 1-ը-7-ի հարաբերակցությամբ, մոտավորապես, 350 հազար՝ 40 հազարի դիմաց։
Եվ սա մեր դիվանագիտական հաղթանակն էր, որի տակ կար լուրջ հիմնավորում։ Մեզ չէին կարող համանախագահներն ասել, որ չէ՝ Բաքվի հայ փախստականներն ավելի նվազ իրավունքներ ունեն։ Սա է։ Բայց ինչպես միշտ, փորձում են փրփրուրներից կախվել և բաներ հորինել»։
Անդրադառնալով Ռուսաստանի հետ հարաբերություններին, ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ այսօր պետք է գիտակցել, որ բանակն ահռելի կորուստներ է ունեցել զինտեխնիկայի առումով և ակնհայտ է, որ մեր ուժերով այդ ամենը վերականգնելու և մարտունակ բանակ ունենալու հնարավորություն չունենք։
«Մենք այսօր նույնիսկ բանակ չունենք, որ Սյունիքում սահման պահի։ Գյուղացիք աշխարհազորով, տղամարդկանցով հավաքված՝ գյուղի սահմանն են պահում պետական։ Ո՞ւր է մեր կառավարությունը։ Ադրբեջանցիք այն կողմից գալիս են, սահման են գծում, մեր կողմից մեկը չկա, որ բանակցի, ասի՝ այս կողմից չէ, դա այն կողմն է։ Գյուղապետն է դա անում։ Սա՞ է կառավարությունը։ Հիմա այս ամենը նորմալ հունի բերելու համար, և բանակի մարտունակությունը վերականգնելու համար ես չեմ տեսնում այլ երկիր, ում հետ մենք կարող ենք սա անել։
Ռուսաստանն է։ Ուրեմն պետք է շատ ավելի խորը ինտեգրման բանաձևեր գտնել։ Եվ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի գործոնը։ Այս երկու տարվա ընթացքում քանի անգամ այդ մասին ասում եմ։
Թուրքիան լուրջ գործոն է այս տարածաշրջանում։ Թուրքիայի համար Հայաստանը պետք է հնարավորին թուլացնել և ինքը չի հրաժարվելու երբեք նման մտադրություններից։ Ակնհայտ է, որ և՛ մեր անվտանգության հարցերը, նաև մեր տնտեսական զարգացումները հաշվի առնելով, մեր շուկան փոքր է, Ռուսաստանի շուկան մեծ, ծավալուն շուկա է, մենք Ռուսաստանի հետ պետք է շատ ավելի ինտեգրվելու, հատկապես անվտանգության հարցերում և պաշտպանական կարողությունները ավելացնելու հարցում ինտեգրվելու ավելի խորը ձևաչափեր գտնենք։ Բանակցելու հարց է»։
Ռոբերտ Քոչարյանը կարծում է, որ այս ամենն իրականացնելու համար այստեղ պետք է լինի իշխանություն, որն ունի բացարձակ վստահություն Ռուսաստանի հետ հարաբերությունները ճիշտ կառուցելու համար։
«Մի դրվագ ընդամենը․ մինչև պատերազմը սկսելը, եթե չեմ սխալվում, մի քանի ամիս առաջ, անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել մի մարդ, որի առջև խնդիր էր դրված ռուսական գործակալներից ազատվել։ Ռուսական գործակալներ՝ ենթադրվում է նրանք, որոնք Ռուսաստանում կրթություն են ստացել։ Ընդամենը պատերազմից մի քանի ամիս առաջ։ Եվ դուք ո՞նց էիք պատկերացնում այդ ծառայության հետ համագործակցությունը պատերազմի ժամանակ ռուսական հատուկ ծառայությունների հետ։
Յուրաքանչյուր պատերազմի ժամանակ համագործակցությունը հատուկ ծառայությունների միջև էական նշանակություն ունի, չափազանց էական նշանակություն ունի՝ ինֆորմացիայի փոխանակում, և այլն և այլն, չբացեմ փակագծերը։
Եվ նշանակվում է մի մարդ՝ այսպիսի առաքելությամբ։ Հետո այդ մարդուն հանեցին աշխատանքից։ Բայց այդ մարդը մինչև վերջ մնում էր Արայիկ Հարությունյանի մոտ, այդ շենքից դուրս չէր գալիս։ Եվ ամեն օր ինչ-որ բաներ էր զեկուցում․ թե ում՝ չգիտեմ։ Ռուսերեն լավ բառ կա՝ «двурушничество» (ասվում է անձի մասին, ով պատկանում է մի խմբի, սակայն իրականում գործում է թշնամական կողմի շահերից ելնելով․ խմբ․), հայերեն չգիտեմ՝ կա՞, թե՞ չէ։ Այսպիսի двурушничество-ի պայմաններում հնարավոր չէ վստահելի գործընկերոջ համբավ ունենալ։ Չի լինի։ Հա, պրոտոկալային կարող է, բարևել, ժպտալ, բայց մատդ միշտ ծալած ես պահելու»։
Անդրադառնալով՝ պատերազմի օրերին Մոսկվա մեկնելու հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այստեղ հետաքրքիր էր այն, որ կորոնավիրուսի թեստը դրական էր․ «Ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական, բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ ուզում այդ մասին․․․, որևէ սիմպտոմ չեմ ունեցել։ Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի-երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու-երեք օր առաջ թեստ հանձնեցի, անսպասելիորեն դրական էր արդյունքը։
Դրական արդյունքով մտել եմ բազա ու պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել։ Հիմնական նպատակը գնալու, իհարկե, եղել է համոզելը, ամեն ինչ անելը օր առաջ պատերազմը կանգնեցնելու համար»։