կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 23:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխան Սաղաթելյանը ազատ արձակվեց դատարանից, բայց հրավիրվել է ՀՔԾ

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրից ազատ արձակվեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը լրագրողներին տեղեկացրեց, որ թեև ձերբակալումը ոչ իրավաչափ է ճանաչվել, բայց թե՛ Իշխան Սաղաթելյանը, թե՛ Արթուր Վանեցյանը նորից հրավիրվել են ՀՔԾ՝ հայտնի չէ, թե ինչ հիմքով։

«Պայքարը շարունակվելու է, գերագույն խրտվիլակը պետք է հեռանա և վերջ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հանրահավաքի ելույթներից կտրված ձայնով։

Իր ձերբակալությունը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը միանշանակ համարում է քաղաքական։

Դատարանի որոշումը՝ ազատ արձակել ընդդիմադիր գործչին, նրանք մեկնաբանեցին այսպես՝ դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին, որ մեր հայրենիքը հեշտությամբ հանձնեն, շարունակությունը մնում  է ժողովրդին։

Իբրև խոսքի եզրափակում Իշխան Սաղաթելյանը ևս մեկ անգամ վանկարկեց․ «Նիկո՛լ․ դավաճան»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ։ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կասկածվում էին ռազմական դրության ռեժիմի ժամանակ սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Արթուր Վանեցյանի կասկածանքը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով է և 307.1-րդ հոդվածով է, Իշխան Սաղաթելյանինը` 307.1-րդ հոդվածով։

Փաստաբանները նշում են, որ երկու քաղաքական գործչի պարագայում էլ կազմված արձանագրություններում չկա որևէ նշում, թե նրանք ի վերջո կոնկրետ ինչ գործողություններ են կատարել, կոնկրետ որ գործողություններն են, որ նախաքաննական մարմնին հիմք են տվել կարծելու, թե ենթադրաբար առկա է հանցակազմ։ Ավելին` կազմված արձանագրություններից բացարձակ անհայտ է մնում, թե այդ ենթադրյալ արարքն արդյո՞ք հանրորեն վտանգավոր է։ Իսկ առաջացած «ծանր հետևանքների» մասին խոսելն անգամ ավելորդ է։

Երկու գործչի պարագայում էլ մտացածին է նրանց կողմից թաքնվելու վտանգը կանխելու նպատակը, ինչը անձին ձերբակալելու պարտադիր պայման է։ Արթուր Վանեցյանը նախքան ձերբակալվելը հրավիրված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտ այլ քրեական գործի շրջանակներում, որպես վկա հարցաքննվելու, քննչական գորժողության ավարտից հետո դուրս է եկել ԱԱԾ շենքից, անմիջապես շենքի դիմաց հարցազրույց է տվել հավաքված լրատվամիջոցներին, կրկին պնդել է, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի պետք է հրաժարական տա։ Անմիջապես, հեռախոսազանգով կրկին հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, վերադարձել է ու ձերբակալվել։ Իշխան Սաղաթելյանը սահմանված կարգով ընդհանրապես չի հրավիրվել, ապա բերման է ենթարկվել իր քաղաքական գործունեության հիմնական վայրից` ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից։ Հարկ է նշել, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ ՀՔԾ քննիչների կողմից, սակայն տարօրինակ է, որ դա իրականացվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքում։

Փաստենք մեկ հետաքրքրական հանգամանք ևս` քաղաքական գործիչները ձերբակալվել էին 3 օրով, ճիշտ մինչ այն օրը, երբ պետք է սկսեն իրագործվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությամբ նախանշված քայլերը։