կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-11 17:11
Աշխարհ

Զենքի էմբարգո ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ. Նիդերլանդների 4 կուսակցությունների կոչը

Զենքի էմբարգո ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ. Նիդերլանդների 4 կուսակցությունների կոչը

Նիդերլանդների «Ազատության և ժողովրդավարության ժողովրդական կուսակցություն», «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ», «Դեմոկրատներ-66» և «Քրիստոնեական միություն» կառավարական կուսակցությունները ցանկանում են, որ ԵՄ-ն զենքի էմբարգո կիրառի ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի դեմ՝ որպես պատժամիջոց, տարածաշրջանում տարբեր հակամարտություններում, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի պայքարում  ներգրավվածության համար: Այս մասին տեղեկացնում է նիդերլանդական NOS կայքը:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, կողմերը արտաքին գործերի նախարարության բյուջեի քննարկումների ընթացքում այդպիսի միջնորդություն են ներկայացրել:

«Անկարայի կառավարությունը խախտում է միջազգային իրավունքը` ներգրավվելով Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում զինված բախումներում: Այնտեղ Թուրքիան նավթ է որոնում մի տարածքում, որը պատկանում է Հունաստանին»,- ասվում է հոդվածում:

Ըստ կոալիցիայի գործընկերների՝ կաբինետը պետք է աշխատի զենքի էմբարգոյի ուղղությամբ՝ Եվրամիության համատեքստում: «Թուրքիան կրկին ու կրկին անցել է սահմանը: Վճռական միջոցառումների ժամանակն է»,- ասել է «Քրիստոնեական միություն» կուսակցության՝ խորհրդարանի անդամ Ջոել Վուրդևինդը:

Նա նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է տեղափոխել՝ Լեռնային Ղարաբաղում կռվելու:

«Դեմոկրատներ-66» կուսակցության ներկայացուցիչ Սջոերդ Սջորդսման Թուրքիան որակել է որպես «սրիկա պետություն»:

«Եթե Էրդողանը կայունություն խթանելու փոխարեն ռազմական բախում է հրահրում, մենք պետք է հստակ գիծ քաշենք՝ այլևս ոչ մի զենք Թուրքիային, քանի դեռ դա շարունակվում է»,- ասել է նա:

«Քրստոնեա-դեմոկրատական կոչ» կուսակցությունից Մարթայն ֆան Հելվերտն էլ նշել է. «Վատ է, որ ստիպված ենք, բայց մենք ուզում ենք, որ ԵՄ-ն զենքի էմբարգո դնի ՆԱՏՕ-ի մեր դաշնակցի վրա: Մենք պետք է պաշտպանենք անմեղ քաղաքացիական անձանց»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ սանձազերծած պատերազմում Թուրքիան Ադրբեջանին բացահայտ աջակցություն էր ցուցաբերում հենց իր անմիջական միջնորդությամբ: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին  հայտարարություն են ստորագրել: