Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021 թ. համար հատկացվել է 503.6 մլրդ դրամ, ինչը 10.7 մլրդ-ով ավելի է 2020 թ. հատկացումներից. ըստ Yerkir.am-ի՝ ասաց նախարար Զարուհի Բաթոյանը ԱԺ-ում՝ 2021թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանի դիտարկմանը, որ բյուջեի նախագիծը մշակվել է մինչ պատերազմի սանձազերծումը, հետևաբար՝ դրանում հաշվարկված չեն նոր սոցիալական իրողություններն ու պետական աջակցության կարիք ունեցող նոր շահառուների թիվը, Բաթոյանը պատասխանեց, որ այսօրվա բյուջեն թույլ է տալիս նոր շահառուներին ընդգրկել ընթացիկ ծրագրերում։
«Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող՝ բյուջեի հատկացումը 10 մլն 988 հազար դրամ է, մինչդեռ փաստ է, որ նման ընտանիքների թվի աճ է գրանցվել: Արդյո՞ք այդ գումարը կբավարարի բոլոր շահառուներին»,- հակադարձեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
Բաթոյանն արձագանքեց, որ Արցախյան նոր պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքները ֆինանսական աջակցություն են ստանալու ոչ թե նախարարության ծրագրով, այլ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից։
«Այդ զինծառայողները մեր շահառուները չեն, այլ՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի։ Մեր ծրագիրը վերաբերում է այն զինծառայողներին, որոնք չեն հանդիսանում հիմնադրամի շահառու։ Սա ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին միանվագ աջակցություն տրամադրելու մասին է։ Իսկ պատերազմական իրավիճակում զոհվածներն ու հաշմանդամները հիմնադրամի շահառուներ են դառնալու»,– ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։
Հիշեցնենք, որ 2021 թ. պետբյուջեի նախագիծը կառավարությունը հաստատել է և ներկայացրել ԱԺ-ին 2020 թ. սեպտեմբերի կեսից, երբ Արցախում պատերազմը դեռ չէր սկսվել։