կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 18:41
Առանց Կատեգորիա

2020-ից բռնության ենթարկված անձանց նոր ծառայություններ են տրամադրվելու․ Զարուհի Բաթոյան

2020-ից բռնության ենթարկված անձանց նոր ծառայություններ են տրամադրվելու․ Զարուհի Բաթոյան

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերը մեծ մասամբ ուղղված են բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրմանն ու պաշտպանությանը, բայց մենք նաև շատ կարևորում ենք կանխարգելիչ աշխատանքները։ Կարևոր է առկա կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը, որովհետև, շատ դեպքերում, աջակցություն ստանալու համար դիմելը ևս կարծրատիպ և խոչընդոտ է հանդիսանում: Մենք պետք է աշխատենք, որպեսզի ավելի հասանելի ու մատչելի դարձնենք աջակցության տրամադրման մեթոդները այն մարդկանց համար, ովքեր ունեն դրանց կարիքը»,- այս մասին Սեռական բռնության դեպքերի միջգերատեսչական արձագանքի ներդրմանն ուղղված աշխատանքային հանդիպման ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Հանդիպումը նախաձեռնել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ-ն՝ ոլորտային այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Զ. Բաթոյանը շնորհակալություն է հայտնել «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» ներկայացուցիչներին՝ տասնամյա գործունեության համար՝ կարևորելով նրանց ունեցած բազմամյա փորձը աջակցության պետական մեխանիզմներ ստեղծելու և պետական քաղաքականություն մշակելու գործում։ Նախարարը կանանց և աղջիկներին բռնությունից պաշտպանելու գործում էական է համարել նրանց հզորացումը՝ այն համարելով բռնության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը։ Որպես այդպիսիք՝ նախարարը նշել է կրթության և աշխատանքի հնարավորությունների ընդլայնումը, կարծրատիպային մոտեցումների հաղթահարումը և այլն.

«2020 թ.-ից առաջին անգամ բռնության ենթարկված անձանց պետական աջակցությամբ նոր ծառայություններ են տրամադրվելու՝ բոլոր մարզերում աջակցության կենտրոններ և ապաստարաններ են գործելու։ Բնականաբար, այս ծառայությունները բավարար չեն, և մենք նպատակ ունենք դրանք ավելի ընդլայնել»,- նշել է նախարարը։

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանը ներկայացրել է կենտրոնի բազմամյա փորձը, առկա խնդիրներն ու օրենսդրական բացթողումները։ Կազմակերպության ծրագրերի ղեկավարը նշել է, որ իրենք միակ կազմակերպությունն են, որ աջակցություն են տրամադրում սեռական բռնության ենթարկված անձանց՝ տեղեկացնելով, որ արդեն ակտիվ գործունեություն են ծավալել մարզային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներին վերապատրաստելու ուղղությամբ։

 «2016-2020 թթ ընթացքում աշխատել ենք 73 անձի հետ, որոնցից 66-ը՝ իգական սեռի են, իսկ 7-ը՝ արական: 35-ն անչափահաս են, 38-ը՝ չափահաս։ Այժմ մեր աշխատանքային խմբի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ մենք կկարողանանք քննարկել, բազմակողմանիորեն անդրադառնալ առկա խնդիրներին և հասկանալ, թե որոնք են դրանց արդյունավետ լուծումները»,- ասել է Տաթևիկ Աղաբեկյանը։

Հանդիպման ավարտին նախարար Զարուհի Բաթոյանը վերահաստատել է ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի շահ կանանց և աղջիկների։