կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-26 17:40
Տարածաշրջան

Թուրքիայում ենթադրաբար գտել են Իզնիկի Սուրբ Սոֆիա տաճարի հնամենի զանգը

Թուրքիայում ենթադրաբար գտել են Իզնիկի Սուրբ Սոֆիա տաճարի հնամենի զանգը

Բուրսայի Իզնիկ (Նիկեա) գավառում մի մանրավաճառ զանգ է առաջարկել հնավաճառին։ Զանգը ենթադրաբար պատկանել է Սուրբ Սոֆիա բյուզանդական տաճարին և մոտ 2 հազար տարեկան է։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Սպուտնիկ»-ի թուրքական ծառայության կայքէջը։

Թուրքական լրատվամիջոցները վկայակոչող աղբյուրի համաձայն՝ Իզնիկում բնակվող հնավաճառ Հաքան Թուրանը նկատել է, որ զանգի վրա առկա է «Այա Սոֆիա» (հուն․ «Սուրբ Սոֆիա») գրությունը և անմիջապես դիմել Իզնիկի թանգարանային տնօրինություն։ Վերջինս ընդունել է այն և ուսումնասիրության նպատակով ուղարկել մասնագետներին։

Հնավաճառը թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ զանգն իրեն հասել է մի մանրավաճառի միջոցով, և հավելել․ «Երբ զանգը մաքրեցի, մի գրություն նկատեցի։ Վրան «Այա Սոֆիա» էր գրված, և խաչի նշան էր առկա։ Մտածեցի, որ այն պետք է թանգարան հանձնել։ Ես բավականին զգայուն եմ պատմական նմուշների պահպանման հարցում։ Դա է պատճառը, որ այն հանձնեցի»։

Նշենք, որ ներկայիս Թուրքիայի տարածքում Սուրբ Սոֆիա անվամբ մի քանի տաճար կա։ Սույն զանգն ամենայն հավանականությամբ պատկանել է Իզնիկի Սուրբ Սոֆիա տաճարին, որը ենթադրաբար կառուցվել է 6-րդ դարում, բյուզանդական կայսր Հուստինիանոսի կողմից։ Իզնիկի Սուրբ Սոֆիան գտնվել է քաղաքի կենտրոնական հատվածում։ Կառույցը վերանորոգվել է 8-րդ դարում։ Տաճարը վնասվել է 1065 թ․ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով։ Իզնիկի Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի է վերածվել 1331 թ․, իսկ 1960 թ․՝ վերաբացվել որպես թանգարան։ Սակայն թուրքական իշխանությունները երկար չեն հանդուրժել քրիստոնեական տաճարի՝ թանգարանի կարգավիճակը և արդեն 2011 թ․ նոյեմբերի 6-ին այն վերստին մզկիթի վերածել։ Ամենայն հավանականությամբ, Իզնիկի Սուրբ Սոֆիա տաճարի զանգը շատ ավելի հին է եղել, քան՝ կառույցն ինքը։

https://tr.sputniknews.com/yasam/202010261043089683-hurdaci-ayasofyaya-ait-oldugu-dusunulen-2-bin-yillik-can-buldu-muze-mudurlugu-incelemeye-alindi/

Մելինե Անումյան

Akunq.net