կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 18:03
Տնտեսական

Այսօր մակրոտնտեսական ցուցանիշներում էական բացասական շեղումներ չկան․ տնտեսագետ

Այսօր մակրոտնտեսական ցուցանիշներում էական բացասական շեղումներ չկան․ տնտեսագետ

Այս պահին հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներում էական բացասական շեղումներ նկատելի չեն։ Այս մասին 365news.am-ի հետ զրույցում հայտնեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Ըստ տնտեսագետի՝ դեռևս էական բացասական ցուցանիշներ չեն նկատվում, սակայն համավարակը և պատերազական իրավիճակը չեն կարող բացասական հետևանքները չունենալ պետության տնտեսության վրա. «Մակրտոտնտեսական ցուցանիշները և մակրոտնտեսական կայունությունն առկա են, ցուցանիշները խիստ բացասական միտումներ չունեն։ Սակայն սա միայն այս պահի մասին է խոսքը»։

Ավետիսյանը նշեց, որ պետական ֆինանսավորումները հիմանական ուղղություններով իրականացվում են՝ կենսաթոշակներ, նպաստներ, իսկ սպառման շուկաներում դեֆիցիտային խնդիրներ չկան, ինչպես նաև ազգային արժույթը՝ ՀՀ դրամը, կայուն արժեք ունի․ «Այս ամենը դեռևս չի նշանակում, որ որոշակի հետևանքներ տնտեսության վրա այս իրավիճակը չի ունենալու։ Այդ իսկ պատճառով օր առաջ զուգահեռ այս մարտահրավերներին, որոնք ունենք, անհրաժեշտ են կոնկրետ քայլեր տնտեսությունը կայուն պահելու համար»։

Տնտեսագետի համոզմամբ՝ տնտեսական կայունությունը պահպանելու համար անհրաժեշտ է համակարգային մոտեցում, մասնագիտական քննարկումներ․ «Կարծում եմ՝ պատկան մարմիները չպետք է ժամանակ կորցնեն և այս աննախադեպ իրավիճակում փորձեն հաղթանակել նաև տնտեսական դաշտում։ Ի վերջո, ռազմաճակատում հաղթանակի մի մասի և համակվարակի դեմ պայքարի նյութական հիմքը մեր երկրի տնտեսությունն է»։

Խոսելով այս իրավիճակում տնտեսական խաթարումներ չստեղծելուն ուղղված քաղաքացիների և գործարար հանրույթի քայլերի մասին՝ Ավետիսյանը նկատեց․ «Այս բարդ իրավիճակում ռեսուրսային խնդիրների լուծման առումով առաջինը մեր երկրի տնտեսվարողների կողմից այն գիտակցումը պետք է լինի, որ նախևառաջ լիարժեք կատարեն իրենց հարկային պարտավորությունները, երկրորդը՝ չպետք է օգտվեն այս կամ այն առիթից, փորձեն ձգտել գերշահույթների։ Բացի դրանից՝ հանրության մեջ ավելի բարձր կենսամակարդակ ունեցողները պետք է համեմատաբար ավելի մեծ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա՝ ոչ միայն խոսքով, այլ նաև գործով»։

Ըստ տնտեսագետի՝ Հայաստանն ամբողջությամբ պետք է անցնի սոցիալական պետության մոդելին, քանի որ առկա և սպասվող խնդիրները հնարավոր է լուծել միայն առավելագույն ներառական զարգացման պարագայում՝ բոլորի ներուժի կիրառմամբ․ «Որևէ մեկը ազատական կամ շուկայական մոտեցումներով առկա և սպասվող խնդիրների լուծումները չի կարող գտնել»։

Մելինե Պետրոսյան