կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-16 17:23
Առանց Կատեգորիա

Թուրքիան ուզում է գործարքների փաթեթ առաջարկել Մոսկվային․ Շահան Գանտահարյան

Թուրքիան ուզում է գործարքների փաթեթ առաջարկել Մոսկվային․ Շահան Գանտահարյան

Արցախի սահմաններին դեռևս շարունակվում են թեժ մարտերը։ Թուրք-ադրբեջանական ուժերն իրենց զորքերով, զինյալներով, ահաբեկչական խմբավորումներով շարունակում են հարձակումները Արցախի սահմանների վրա։ Բացի ռազմական դաշտից, Թուրքիան փորձ է անում նաև դիվանագիտական հարթակում դիվիդենտներ շահել, որպեսզի կարողանա ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում որպես միջնորդ երկիր Մինսկ խմբի համանախագահության ձևաչափում։

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, լրագրող, հասարակական գործիչ Շահան Գանտահարյանի հետ։


-Պարո՛ն Գանտահարյան, ի՞նչ գնահատական կտաք Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ռազմաքաղաքական իրադարձություններին։

-Նախ ասեմ, որ շատ բարդ է իրավիճակը, որովհետև կոնֆլիկտը արցախաադրբեջանական հարաբերակցությունից դուրս է եկել և վերածվել ընդհարապես հայ, թուրք և ադրբեջանական հակամարտության։ Որովհետև այստեղ պարզ է Թուրքիայի հրահրումը, աջակցությունը, ներգրավվումը, մասնակցությունը, որն աննախադեպ է։ Շատ կարևոր հանգամանք է, և այստեղ, կարծում եմ, Ադրբեջանը կորցրել է իր ինքնիշխանությունը պատերազմական գործողություններին որոշում տալու, և ոչ միայն պատերազմական, այլ՝ նույնիսկ նաև հրադադարի։ Այսինքն, Ադրբեջանն ի վիճակի չէ իր իրավասություներում, երևի, հրադադարի որևէ համաձայնություն հարգել, որովհետև Մոսկվայում կնքված հրադադարը, համաձայնությունը չի հարգվում Բաքվի կողմից։ Այսինքն՝ մի կողմից համաձայնում են, բայց չեն հարգում, որովհետև իրենք այլևս հանձնվել են Անկարային, որովհետև Թուրքիան է ղեկավարում ինչպես ռազմական գործողությունները, այնպես էլ՝ դիվանագիտական, քաղաքական։ Եվ Թուրքիան պարզ դարձրեց, որ իր հետ պետք է խոսել նման որոշումների հետ կապված՝ հրադադարի կամ ընդհանրապես բանակցային։ Ուզում եմ ասել՝ ինչպես ռազմական գործողություններն է կառավարում, հեռակառավարում, ուղղակի աջակցություն, մասնակցություն ցուցաբերում, նույնն էլ՝ դիվանագիտական, քաղաքական գործողություններում։ Իհարկե, որոշումների մեջ երանգային կետեր են նշմարվում, որովհետև և՛ հայաստանյան տարածքը խոցեցին զինամթերքի առումով, և՛ մեր պաշտպանական գերատեսչությունը համապատասխան հայտարարությունով հանդես եկավ։ Պաշտոնական Մոսկվան նաև նշեց, որ ստուգելու է հայաստանյան կողմի վրա եղած հրթիռակոծումը կամ հարվածը։ Սա, կարծում եմ, հստակ ուղերձ էր, որից հետո կարևոր էր ըլլալու Վաշինգտոնից հնչած հայտարարությունը՝ Թուրքիային կոչ անելով Ադրբեջանին չօգնելու, չմիջամտելու։

-Նկատի՞ ունեք Պոմպեոյի երեկվա հայտարարությունը։

-Այո, այո։ Ուզում եմ ասել, որ երկու կարևորագույն կենտրոններից ուղերձներ են հնչել։ Եվ կարծում եմ, որ սրանով էլ բացատրվում է Էրդողանի նախաձեռնությամբ եղած հեռախոսազանգը Պուտինին։ Այնտեղ կարևոր է, թե ով է նախաձեռնել, ով է զանգել։ Այս հանգամանքները, այսինքն՝ իհարկե նախ ընդհանրապես հայկական պաշտպանությունը չթողեց ռազմական մեծ օրակարգեր կարողանալ իրականացնել, երկրորդը նաև՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նման երկրների դատապարտանք ներառող հայտարարությունները։ Այս բոլորը, կարծում եմ, հիմք են հանդիսացել, որ զանգը գնա։ Կարևոր է, որովհետև երբ 18 օր հետո առաջին անգամ զանգում են, չնայած պաշտպանական մակարդակի կամ դիվանագիտական մակարդակի գործընկերները՝ և՛ արտգործնախարար, և՛ պաշտպանության նախարար խոսում էին հեռաձայնով, շոշափում էին խնդիրը, բայց պարզ էր, որ Անկարան պարզ դարձրել էր, որ իր հետ պետք է պայմանավորվեն։ ԵԱՀԿ միջնորդական ձևաչափի փոփոխության խնդիր էր դրել և առաջարկել էր, որ քառակողմ հանդիպում լինի, ինչը մերժվել էր Մոսկվայի կողմից։ Այսինքն՝ առ այս պահը նաև դիվանագիտական, քաղաքական առումով որևէ բեկումնային ճեղքում չի հաջողվել Թուրքիային անել։ Ասում եմ Թուրքիա, որովհետև և՛ բանակցային ձևաչափ փոխելով դերակատար լինելու, և նաև պատերազմական գործողություններին աջակցելու, ղեկավարելու առումով հիմնականը Թուրքիան է։ Թուրքիան է, ըստ էության, պատերազմում հայկական կողմի դեմ։ Այնտեղ նաև պաշտպանության նախարարների միջև կայացած հեռախոսային խոսակցության վերաբերյալ տարածված լրատվությունում կար կարևոր երանգային կետ՝ որ խոսել են ընդհանրապես Իդլիբի, Լիբիայի և Հարավային Կովկասի մասին։ Այսինքն՝ Թուրքիան ուզում է գործարքների փաթեթ առաջարկել Մոսկվային, և դրանով է բացատրվում նաև Հարավային Կովկասում պատերազմ սանձազերծելու իր քայլը և այնտեղ նաև քաղաքական դերակատարություն վերցնելու, ինչը մինչև այս պահը մերժվում է ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նաև (քանի որ ուղերձը ուղղվել էր նաև Մոսկվային) Մոսկվան պարզ դարձրեց, որ միջնորդական ձևաչափը պահպանվելու է։ Այսինքն՝ մերժում է Թուրքիայի առաջարկին կամ Անկարայի նկրտումին՝ այնտեղ նաև հանգուցալուծման ձևաչափի փոփոխության առումով։

-Ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում Թուրքիային ներգրավել այս բանակցություններում, արդյո՞ք «նեղն է ընկել»։

-Ես կարծում եմ՝ ոչ թե Ադրբեջանն ինքն է ուզում, Թուրքիան է նախաձեռնում։ Թուրքիան փորձում է տարածաշրջանում ավելի ազդեցիկ ներկայություն լինել՝ Ռուսաստանին հանդիպման անուղղակի ուղերձ հղելով։ Այդ երանգային կետը պաշտպանության նախարարների միջև տեղի ունեցած խոսակցության մեջ է, անուղղակիորեն այդ լրատվությունը խոսում է նրա մասին, որ «ինչպես համադրում ենք Միջին Արևելքում Իդլիբում, համադրենք նաև Հարավային Կովկասում՝ դուրս մղելով մյուս երկրներին», այսինքն՝ անուղղակիորեն Ֆրանսիային, Միացյալ Նահանգներին, դա է առաջարկը։

-Այսինքն՝ Թուրքիան զուտ Ադրբեջանի միջոցով փորձո՞ւմ է իր ազդեցությունն այս տարածաշրջանում մեծացնել։

-Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը լրիվ շահարկվում է և՛ իբրև տարածք, և՛ իբրև կոնֆլիկտի կողմ, որպեսզի պատերազմ բռնկեցնելով՝ Անկարան տարածաշրջանում ավելի ազդեցիկ ներկայություն լինի, ռազմաքաղաքական գործարքների գնա Ռուսաստանի հետ։ Միջազգային հանրությունը դա չի հանդուրժի, որովհետև Թուրքիան կողմ է այս հակամարտության, որովհետև, ի վերջո, միջնորդը պետք է բալանսավորված դիրքորոշում ունենա և՛ քաղաքական, և՛ ռազմական առումով, մինչդեռ Թուրքիան ոչ միայն կողմ է, այլև՝ մասնակից։ Ընդհանրապես նրա միջազգային հեղինակությունը բավականին հարվածվել է՝ և՛ Լիբիայում հայտարաված առաջադրանքները չեն կատարվել, Սիրիայում ևս լիարժեք չի կատարվել, որովհետև այն անվտանգության գոտին, որը Թուրքիան ուզում էր վերահսկել, չի ձևավորվել, մի մասնիկն է ընդամենը։ Առավելևս բոլորին պարզ է ոչ միայն լրատվադաշտում, այլև՝ պետական հայտարարություններում, ամենաբարձր մակարդակներից հնչում են միջինարևելյան ահաբեկիչների տարհանման գործընթացը, որի պատասխանատվությունը Թուրքիայի վրա է բարդվում։ Այսինքն՝ իբրև ահաբեկչություն արտահանող երկիր, իբրև պատերազմ նախաձեռնող, հրահրող, չեմ կարծում, որ որևէ միջնորդական առաքելության լիազորություն դրվի այս պայմաններում։ Ինչը բացահայտ մերժվում է, ասում են, որ «ձևաչափը չի փոփոխվելու»։ Դա, ըստ էության, մերժումն է Թուրքիայի ներգրավման միջնորդական ձևաչափում։

-Այս շրջանում նաև սրվել են Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները, արքայազններից մեկը թուրքական ապրանքները բոյկոտելու կոչ արեց, մեկը կոչ արեց Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին Թուրքիայում գնած տները վաճառել։ Այս իրավիճակում արաբական պետությունները, Արաբական պետությունների լիգան ինչպիսի՞ դիրքորոշում են որդեգրել։ Սաուդյան Արաբիայի հետ Հայաստանի կարո՞ղ է կապեր հաստատել, որովհետև ՍԱ-ն և ՀՀ-ն նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չունեն։

-Այո՛, ճիշտ են Ձեր դիտարկումները միանշանակ, բայց այստեղ մի քանի կարևոր հանգամանք պետք է նկատի ունենալ։ Որ խնդիրն ընդհանրապես իսլամական դավանանքի սուննի զանգվածի վրա տիրություն անելու մրցապայքարն է գնում, ընդհանրապես Սաուդիան Արաբիան է ռահվիրան, հիմա Թուրքիան փորձում է որոշակի առումով կրոնական շահարկումներով, ինչ-որ հակաիսրայելական բեմադրություններ անելով շահել արաբական զանգվածների համակրանքը և ներկայանալ իբրև որոշակի սուննի զանգվածի հովանավորը, այս մրցապայքարն է։ Քաղաքական, նաև, ինչու չէ, ռազմական հակոտնյա դիրքերում են հայտնվել ոչ միայն Սաուդյան Արաբիայի հետ, այլ նաև հիմնականում Եգիպտոսի հետ։ Սաուդյան Արաբիան Պարսից ծոցում նաև բավականին ազդեցիկ երկիր է, դա նշանակում է, որ ծոցի այլ երկրներ ևս նույն վարքագիծը կորդեգրեն՝ հակաթուրք։ Մենք նաև ականատես եղանք, որ Լիբանանում Սաուդյան Արաբիայի գործող դեսպանն այցելեց Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսություն, և նաև նույնիսկ ցեղասպանության զոհերին նվիրված մատուռ, որտեղ պահվում են ցեղասպանության զոհերի աճյունները։ Սաուդյան Արաբիայի մամուլի ամենակարևոր ներկայացուցիչները սկսեցին խոսել Հայոց ցեղասպանության մասին՝ մեղադրելով թուրքերին և նաև իսլամ կրոնքին հակառակ գործած լինելու մեջ, ասեցին, որ «վայրագությունները, ջարդերը հակասում են կրոնին»։ Այսինքն՝ ուզեցին ասել, որ Թուրքիան հակաիսլամական արարքներ է գործել՝ սպանելով հայերին։ Նման հոդվածներ, նման վերլուծականներ առաջին անգամ էին լինում։ Հետո մենք ականատես եղանք նաև Սաուդյան Արաբիայի շնորհավորանքը սեպտեմբերի 21-ին Հայաստանին։ Իմիջայլոց, դա առաջին անգամը չէր, բայց առաջին անգամն էր, որ իրենք հնչեղություն էին տալիս այս շնորհավորանքին մամուլում, ընդորում՝ նաև երկու մակարդակով՝ թագավորի, թագաժառանգի և այլն։ Ուզում եմ ասել, որ նման նախադրյալներով արդեն Թուրքիային հղում էին բաց ուղերձներ, դրանից հետո կոչը թուրքական ապրանքները բոյկոտելու։ Եվ նման կեցվածքները, դիրքորոշումները, առավելևս համոզեցին, որ Սաուդյան Արաբիան ոչ միայն չի կիսում, այլ նաև դատապարտում է Թուրքիայի՝ հատկապես միջինարևելյան տարածաշրջանում, Սիրիայում իր ունեցած ռազմաքաղաքական վարքահիծը։ Եվ թերևս Արցախի ուղղությամբ որևէ հայտարարություն չի եղել, չի բացառվում, որ նման լարվածության խորացման դեպքում դատապարտաքներ նաև սկսեն հնչել՝ առնվազն սկսելու համար լրատվադաշտի մակարդակով մեղադրանքներ Թուրքիայի ագրեսոր քաղաքականության։

-Հայաստանն այս իրավիճակն ինչպե՞ս է կարող օգտագործել՝ հաշվի առնելով Սաուդյան Արաբիայի կատարած այս քայլերը։

-Կարծում եմ, որ նաև մեր դիվանագիտությունը նկատի կունենա այս բոլոր աշխարհագրական միջավայրերում մենք տեսանք Եգիպտոսից որքան Թուրքիային դատապարտող կոչեր էին, հայտարարություններ էին ոչ միայն տեղեկատվական դաշտում, այլ նաև՝ պետական։ Նաև առանցքներ են կազմվում Թուրքիայի դեմ՝ Եգիպտոս, Հունաստան, Կիպրոս, Ֆրանսիա, որովհետև խնդիրը նաև Արևելյան Միջերկրականում գազային ռեսուրսների սահմանազատման և այդ ջրային տարածքների ուղղությամբ տարբեր երկրների ոտնձգություններն են, սպառնալիքներն են Կիպրոսի դեմ, Հունաստանի կղզիների սեփականացման առումով որոշ սպառնական հայտարարություններ, Եգիպտոսի հետ թշնամական հարաբերություններ, Հյուսիսային Աֆրիկա։ Եգիպտոսում նաև Հայաստանի արտգործնախարարի հնչեցրած հայտարարությունները նաև գծելու Թուրքիայի ագրեսորության աշխարհագրությունը Հարավային Կովկասից մինչև Արևելք, Արևելյան Միջերկրածովից մինչև Լիբիա, Հյուսիսային Աֆրիկա․ այս բոլորը պարզ, տեսանելի են։ Եվ այս բոլորի ուղղությամբ որոշակի քաղաքական տեղաշարժ կա՝ դեպի Թուրքիայի մեղադրանք։ Իսկ այս վերջին ռազմական գործողությունները, այս վերջին պատերազմական բռնկում նաև նկատի ունենալով՝ կարծում եմ, որ այն հակաթուրք առանցքները կազմվել են, նրանք, ովքեր տարբեր աշխարհագրական միջավայրերում Թուրքիայի հետ խնդիր ունեն, բնականաբար ժամանակի ընթացքին նաև, այդ դատապարտանքներին կհաջորդեն նաև Արցախի առավելության կայացման ճանաչման ենթահողի ձևավորմանը նպաստող որոշակի դրույթներ՝ պետական հաստատություններից հնչած։ Ուրեմն, առաջին երկիրը, որտեղ նախագիծ էր ներկայացվել, գիտեք, Ֆրանսիայի Ազգային ժողովը քննարկելու է Արցախի ճանաչման օրակարգը։ Գուցե հիմա որևէ արդյունքի չհանգի՝ բոլոր կարգի իրավաքաղաքական հանգամանքները նկատի ունենալով և աշխարհաքաղաքական դրվածքները, այնուամենայնիվ աշխարհի հզորագույն պետություններից մեկի խորհրդարանն առնվազն սկսել է քննարկել Արցախի Հանրապետության ճանաչման օրինագիծ, սա ուղենշային է, կարծում եմ։