կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 15:10
Քաղաքական

Ամբողջ հայությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի քեսաբահայության խնդիրը. Շահան Գանտահարյան

Ամբողջ հայությունը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի քեսաբահայության խնդիրը. Շահան Գանտահարյան

Շատ կարեւոր է լույս սփռել Քեսաբ ներխուժած զինյալ խմբերի' Թուրքիայում կազմավորման, Թուրքիայից ֆինանսավորման եւ զինուժի տրամադրման հանգամանքների վրա եւ ընդգծել, որ միջազգային հանրությունը, որը պայքար է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ, անպայման պետք է նկատի ունենա այս իրողությունը. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը' անդրադառնալով ծայրահեղ իսլամական խմբավորումների' Թուրքիայի տարածքից Քեսաբ ներխուժման իրողությանը:

 

Շահան Գանտահարյանը նշեց, որ նախ` սիրիական բանակին հաջողվեց վերագրավել այն դիրքերը, որոնք թուրքական տարածքներից' 3 տարբեր կետերից, Քեսաբի վրա հարձակված զինյալների վերահսկողության տակ էին անցել, բայց հաջորդ օրն էլի սկսվեց զինյալների հարձակումը:

 

Շահան Գանտահարյանը նշեց նաեւ, որ այդ վտանգը գոյություն ուներ պատերազմի սկզբից: Իսկ թե ինչո՞ւ Թուրքիան հենց հիմա որոշեց զինյալներին այս ուղղությամբ հարձակման մղել, նաը երկու բանով է մեկնաբանում: Առաջինն այն է, որ սա պատասխան է վերջին շրջանում Սիրիայի տարբեր քաղաքներում կառավարական ուժերի արձանագրած առաջխաղացմանը: Երկրորդ' այս գործողությունները հետաձգվում էին կամ չէին մեկնարկում' նաեւ ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը նկատի ունենալով։

 

«Չմոռանանք այժմ Ռուսաստանն ավելի կենտրոնացած է Ուկրաինայի եւ Ղրիմի հարցերի վրա: Սա կարող է ավելի հարմար պահ լինել Թուրքիայի համար` իր տարածքներից զինյալ խմբավորումներ բաց թողելու»,- ասաց Շահան Գանտահարյանը:

 

Նա համոզմունք հայտնեց, որ ամբողջ հայությունը' պետություն, Սփյուռք, իր ուշադրության կիզակետում պետք է պահի քեսաբահայության խնդիրը եւ համապատասխան միջոցառումների դիմի, կա պետություն-սփյուռքյան կառույցներ համակարգված աշխատակարգի անհրաժեշտություն։ Այդ աշխատանքները պետք է ունենան օժանդակության, ինչպես նաեւ քարոզչաքաղաքական բնույթ։

 

Շահան Գանտահարյանը նշեց նաեւ, որ, չնայած մի քիչ ավելի հեռակա, բայց մեկ այլ խնդիր էլ կա' անհրաժեշտության դեպքում պետք է կազմակերպվեն ճգնաժամերի բերումով տարհանվող կամ հեռացող հայրենակիցներին հայրենիք ուղղորդելու աշխատանքներ։