Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մերձավոր Արևելքում վերահսկվող պատերազմ է ընթանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։
Նրա գնահատմամբ՝ հիմնական միջնորդը Միացյալ Նահագներն է։
«Թել Ավիվը բարձրացնում է Իրանի դեմ պատասխան հարվածների հարցը, որոնք, ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումների, կիրականացվեն միայն ռազմական օբյեկտների վրա։
Մերձավոր Արևելքում պատերազմող կողմերը որոշ չափով հավատարիմ են մնում կարմիր գծերին, և նրանք պրոքսի պատերազմից անցել են միմյանց տարածքի վրա ուղղակի հարձակումների: Խոսքն Իրանի և Իսրայելի մասին է»,-նշել է նա։
Ինչ վերաբերում է Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի դիմակայությանը, ապա հրետակոծության աշխարհագրությունը փոխվում է, թիրախ են դառնում նաև Լիբանանի հյուսիսային շրջանները, սակայն ցամաքային մարտերն ընթանում են հարավում։
«Իսրայելը հայտարարել է, որ կվերականգնի անվտանգությունը հյուսիսում և կհասնի տեղահանված քաղաքացիների վերադարձին: Նկատի ունենալով, որ Իսրայելը ՄԱԿ-ի խաղաղապահներին կոչ է անում նահանջել 5 կմ դեպի ցամաքի տարածք, դա հիմք է տալիս ենթադրելու, որ իսրայելական բանակը ձգտում է ներթափանցել Լիբանանի տարածք՝ բուֆերային գոտի ստեղծելու մտադրությամբ։ Բացի դրանից, Իսրայելը ցանկանում է հասնել «Հըզբոլլահ»-ի դուրսբերմանը և զինաթափմանը։ Միաժամանակ ՄԱԿ-ի խաղաղապահները պատասխանել են, որ չեն լքելու իրենց դիրքերը և մնալու են իրենց տեղերում»,- հավելել է Գանտահարյանը։
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերի վրա հարձակումը մեծ միջազգային հնչեղություն է առաջացրել՝ հայտնելով, որ դրան զուգահեռ մարդասիրական օգնություն է ստացվում փախստականների համար՝ հատկապես Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Կատարից և Քուվեյթից։
«Դիվանագիտական և հումանիտար ջանքերի պայմաններում ռազմական գործողությունները շարունակվում և ընդլայնվում են։ «Հըզբոլլահ»-ը ևս մեծացնում է իր հարձակումներն Իսրայելի վրա, և այդ հարվածներից մեկը հանգեցրել է 4 իսրայելցի զինվորների մահվան։ Հրադադարի հաստատման նախանշաններ չկան: Միևնույն ժամանակ, երկարատև պատերազմի դեպքում Իսրայելում ներքին դժգոհությունը կարող է սրվել, հատկապես, եթե «Հըզբոլլահ»-ը շարունակի ճեղքել Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգը և վնաս պատճառել»,- ընդգծել է Գանտահարյանը։
Նա նշել է, որ Լիբանանում իսրայելական գնդակոծությունների հետևանքով հայեր չեն զոհվել կամ վիրավորվել։
Աղբյուրը՝ NEWS.am