կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 22:11
Քաղաքական

Ադրբեջանը հարավում ամենաէլիտար տանկային բրիգադը կիրառեց, որը տապալվեց. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանը հարավում ամենաէլիտար տանկային բրիգադը կիրառեց, որը տապալվեց. Արծրուն Հովհաննիսյան

Հարավային ուղղությամբ կիրառվել է ադրբեջանական բանակի նույնիսկ ամենաէլիտար, 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազե՞լ է։

«Դա շատ հարաբերական է, որովհետեւ դրանք ինչ-որ պահի շեշտակի բարձրանում են, հետո իջնում են։ Մարտական գործողությունները չեն կարող 24 ժամ նույն ինտենսիվությունն ունենալ։ Դա կախված է եղանակից, տաքությունից, օրվա ժամերից, սառնությունից, զենքի տեսակներից, վերախմբավորումներից, ռազմական խորամանկությունից եւ այլ հանգամանքներից»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մարտական գործողությունների սկզբի օրերին Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվությունը բարձր էր, սակայն հայկական Զինված ուժերը կոտրեցին ու հետ են շպրտեցին. «Ադրբեջանի մշակած լայնածավալ հարձակողական օպերացիայի առաջին փուլի ինտենսիվություն շատ ավելի բարձր էր, որը մեր Զինված ուժերը կասեցրին, տապալեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրին։ Հյուսիսում եւ հարավում օպերացիայի թափն Ադրբեջանի ողջ զինված ուժերի ներուժը վերցնելով, դրան գումարած թուրքական բանակի աջակցությունը, այս հսկայական մեքենայի ինտենսիվ հարձակողական թափը, ապա հայկական Զինված ուժերն ուղղակի կոտրել ու հետ են շպրտել»։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական բանակը կիրառել է ամենաէլիտար բրիգադը. «4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը կիրառեցին, որը լիովին զինված է T-90 տանկերով։ Եթե դու այդքան ուժ ես կիրառում, այդքան ֆիքսված ժամանակում, ապա 3-5 օրվա ընթացքում 30-ից 40 կիլոմետր խորության պիտի հասնես։ Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան եւ մնացած ամեն ինչը «թոզ փչոցի է»։