Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԼՀԿ խմբակցությունը օերսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարել և սահմանել, որ երկքաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացու անձնական օրենքը ՀՀ իրավունքն է՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը օրինագիծը ներկայացրեց ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։
Նա հիմնավորեց, որ այս փոփոխության անհրաժեշտությունն առաջացել էր դեռ 2005թ-ին, երբ ՀՀ Սահմանադրությունը փոխվեց և երկքաղաքացիությունը չարգելվեց։ Այս պահից բաց է մնացել կարգավորումը՝ երբ մարդը երկքաղաքացի է դառնում, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի, որ երկրի օրենսդրությունը պետք է կիրառել նրա նկատմամբ։ Տարոն Սիմոնյանն ասաց, որ այս փոփոխությամբ այդ հարցը հստակեցվում է։
Հրակաից զեկուցող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը դեմ արտահայտվեց փոփոխությանը, քանի որ համարում է, որ սա ոչ թե լուծում է խնդիր, այլ նոր խնդիր է ստեղծում։ Նա հիշեցրեց, որ որոշ երկրներ, օրինակ, Ռուսաստանը պնդում են, որ երկքաղաքացիության դեպքում մարդու համար գերակա համարվի հենց ՌԴ քաղաքացիությունը և այսպիսի դեպքերում, նրա համոզմամբ, պետք է մեր ներքին օրենսդրությունը հակասության մեջ չգտնվի այդ պնդումների հետ։
Բայցի այդ, նա նկատեց, որ մեկ այլ օրենքով, եթե մարդը 183 օրից ավելի ապրում է ՀՀ-ում, նրա հանդեպ կիրառվում է ՀՀ օրենսդրությունը։
Կառավարության ներկայացուցիչ՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը, սակայն, կողմ արտահայտվեց փոփոխությանը՝ նշելով, որ կառավարության համար նախագիծը ընդունելի է, որովհետև խոսքը երկքաղաքացիության ինստիտուտի կարգավորմանն է վերաբերում։ Նրանց դիրքորոշմամբ՝ այդտեղ բաց է մնացել և պետք է օրենսդրությունը հստակեցնի, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող երկքաղաքացին ունի նույն իրավունքները, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիները․ «Հետևաբար, այստեղ հստակեցում է տեղի ունենում, նոր բան չի սահմանվում»։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեմ արտահայտվեց փոփոխությանը՝ նշելով, որ հաճախ քաղաքացիությունը լինում է ֆորմալ, իսկ միջազգային իրավունքը հաշվի է առնում, որ մարդը պետության հետ էֆեկտիվ կապ ունենա։
Տարոն Սիմոնյանը պարզաբանեց, որ նախագիծը մշակվել է ԵՊՀ գիտնականների՝ մասնավորապես պրն․ Հայկյանցի հետ, գաղափարը հենց նրանն է եղել։ Ասաց, որ սա մոդելային առաջարկի տարբերակն է, որ ԱՊՀ բոլոր պետությունները սահմանել են՝ այդ թվում ՌԴ-ն․ «Չեք գտնի այնպիսի պետություն, որ երկքաղաքացիություն ունի, բայց չի ամրագրել այս դրույթը, որ երկքաղաքացիության դեպքում դոմինանտը իրենց երկրի քաղաքացիությունն է»։
Նա նաև հստակեցրեց, որ եթե ունենանք երկկողմանի միջազգային պայանագիր, դրանով կկարգավորվի, թե որ երկրի օրենսդրությանը նախապատվություն տրվի, իսկ եթե չունենանք, և հիմնականում չունենք, պետք է ներքին օրենսդրությամբ կարգավորենք քաղաքացիության հարցը։
«Ավելին, սա նաև հոգեբանական, դաստիարակչական նշանակություն ունի, որ ՀՀ օրենսդրությունը չստորադասվի, ՀՀ քաղաքացիություն ստացածերի համար կիրառելի լինի ՀՀ օերնսդրությունը, եթե այլ բան նախատեսված է միջազգային օերնսդրությամբ»,-ասաց Տարոն Սիմոնյանը։
Փոփոխության առաջարկը դրվեց քվեարկության ու 3 կողմ, 7 դեմ, 2 ձեռնպահ ձայների համաբերակցությամբ չընդունվեց։
Մանրամասն՝ տեսանյութում․