կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-09 13:32
Տարածաշրջան

Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է Մակրոնի` Բաքու զինյալներ ուղարկելու մասին խոսքին

Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է Մակրոնի` Բաքու զինյալներ ուղարկելու մասին խոսքին

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը ՌԻԱ «Նովոստի»-ի հետ զրույցում ասել է, որ անհեթեթ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեղադրանքները Անկարայի հասցեին, թե Լեռնային Ղարաբաղում կռվելու համար սիրիացի զինյալներին Ադրբեջան է տեղափոխումլ:

Մակրոնն ավելի վաղ հայտարարել էր, որ 300 սիրիացի զինյալներ տեղակայվել են Բաքվում թուրքական Գազիանթեփ քաղաքից: Նրա խոսքով՝ այս մարդիկ նույնականացված են, նրանք պատկանում են Հալեպի շրջանում գործող խմբին: Մակրոնի հայտարարությունից հետո Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը Ֆրանսիայից ներողություն պահանջեց՝ շեշտելով, որ Ադրբեջանը վարձկաններ չունի:

«Գոյություն ունի հսկայական անջրպետ այն բաների միջև, թե ինչ է ցանկանում պարոն Մակրոնը, և թե ինչի նա կարող է իրականում հասնել միջազգային ասպարեզում: Հետևաբար, նա հաճախ փորձում է այդ բացը լրացնել անհիմն պնդումներով: Մենք դա գիտենք Լիբիայից, Արևելյան Միջերկրական ծովից և այլ միջազգային խնդիրներից: Ես հասկանում եմ` ինչու է նա նման հայտարարություններ արել, բայց դա չի փոխում նրա հայտարարությունների` անհեթեթ լինելու փաստը»,- ասել է Շենթոփը:

Ըստ նրա` սխալ է և անարդարացի  Ադրբեջանում իրավիճակը որակել որպես ռազմական գործողությունների սրում: «Այնտեղ տեղի ունեցող իրողությունը, որը պարոն Մակրոնը փորձում է թաքցնել, այն է, որ Ադրբեջանը կիրառում է ինքնապաշտպանության իր օրինական իրավունքը` պաշտպանելու համար իր քաղաքացիական բնակչությանն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև վերջ տալու ադրբեջանական տարածքների 30-ամյա բռնազավթմանը: Դրա համար Ադրբեջանն ունի բավարար ռազմական ներուժ», - ասել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:

Շենթոփը վստահություն է նաև հայտնել, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությունները չեն կարող հանգեցնել հարաբերությունների վատթարացման: