կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 13:05
Տարածաշրջան

Թուրքական ցինիզմ. Ռուսաստանին մեղադրում են Սիրիայից Լիբիա զինյալներ ուղարկելու մեջ

Թուրքական ցինիզմ. Ռուսաստանին մեղադրում են Սիրիայից Լիբիա զինյալներ ուղարկելու մեջ

Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը մեղադրել է Ռուսաստանին Սիրիայում Ասադի դեմ կռվող, այնուհետև Ասադին միացած զինյալներին Լիբիա ուղարկելու մեջ, որտեղ զինյալները իբր պետք է միանան Հալիֆե Հաֆթարի «Լիբիայի ազգային բանակին»։

«Անադոլուն», հենվելով սեփական աղբյուրների վրա, գրում է, որ մոտ 300-400 զինյալ է ուղարկվելու Սիրիայի հարավային Քունեյթրա նահանգից, որոնց կվճարվի ամսեկան 1000-ական դոլար։

Լրատվամիջոցը նաև նշում է, որ ռուսական կողմն ու Բաշար Ասադն արդեն համաձայնության են եկել 2018 թ. Ասադին միացած նախկին ըննդիմադիր «Լիվա ան-Նուքբա» խմբավորման հրամանատար Աբու Ջաֆար Մեմթենեի հետ։

Նշենք, որ 2019 թ. նոյեմբերի վերջին Թուրքիայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի միջև (մասնատված Լիբիայում գլխավոր հակամարտող կողմերն են Հաֆթարն ու Սարաջը) համաձայնություն էր ձեռք բերվել Միջերկրականում գործունեություն իրականացնելու վերաբերյալ, որից հետո Թուրքիան հայտարարեց Լիբիա զորք ուղարկելու պատրաստակամության մասին։ Դեկտեմբերի վերջին հենց Թուրքիան սկսեց Սիրիայում իր աջակցությունը վայելող զինյալներին տեղափոխել Տրիպոլի՝ Սարաջի համար կռվելու՝ ամսեկան 3000 դոլար վճարելով։ Իսկ ահա հունվար ամսին արդեն տեղեկություններ տարածվեցին թուրքական մի քանի ռազմանավերի՝ Տրիպոլիի ափերին իջնելու մասին։