կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-07 23:38
Հասարակություն

Պետք է ակտիվանան բանակցությունները, այս ուղղությամբ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում

Պետք է ակտիվանան բանակցությունները, այս ուղղությամբ Ֆրանսիան կարևոր դեր է խաղում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի խոսքով` այս օրերին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը հայամետ է:

Նա Tert.am-ի հետ զրույցում մատնանշեց, որ Մակրոնը հստակ ընդունել է, որ հարձակումը սկսել է Ադրբեջանը, ճանաչել է, որ Թուրքիան 400 ջիհադիստներ է Ադրբեջան տեղափոխել, և որ Թուրքիան ուղղակիորեն մասնակցում է ռազմական գործողություններին:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը արդեն հանդես են եկել խաղաղության կոչերով: Ադրբեջանն է, որ չի ցանկանում խաղաղության կոչերը լսել: Դա հստակ է բոլորի համար»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանի խոսքով` իրենք շարունակում են աշխատել, որ Ֆրանսիայում հայամետ տրամադրությունները պահպանվեն: Նա հիշատակեց, որ 73 պատգամավորներ, քաղաքական անձինք ստորագրել են Արցախին իրենց աջակցությունը հայտնող տեքստի տակ:

«Լրատվամիջոցներն արձագանքում են մեր նախաձեռնություններին` մշտապես հիշատակելով, որ հարձակվողը ադրբեջանցիներն են, իսկ հայերը խաղաղություն են փնտրում: Պարզապես հիմա դիմադրում են»,- ասաց նա:

Մուրադ Փափազյանը նկատեց, որ դժվար է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմելը, ճիշտ կլիներ, որ բանակցություններ լինեին: «Բայց մինչև բանակցություններն սկսվեն, գտնեն հակամարտության լուծման տարբերակը, պատերազմը շարունակվում է, և եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշեն շարունակել, առանց լսելու դիվանագիտական կոչերը, կարող է շատ վտանգավոր լինել ոչ միայն Հայաստանի, Արցախի այլ նաև` տարածաշրջանի համար,- ասաց նա` նշելով, որ իրենք հստակ նշել են, որ Հայաստանի և Արցախի զինվորը ոչ միայն Արցախի և Հայաստանի անվտանգությունն է պաշտպանում, այլ նաև` տարածաշրջանի ժողովրդավարությունը,- հայերը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարական արժեքները»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես պետք է իրեն դրսևորի Հայաստանը, ապա ըստ Մուրադ Փափազյանի՝ շատ դժվար է ասելը: Նա նշեց, որ Հայաստանը հիմա պաշտպանում է համահայկական, հայազգային արժեքներն ու շահերը: «Այսօր համահայկական միասնականություն ենք որդեգրել, մենք` հայերս, ամբողջ աշխարհում աշխատում ենք հանուն Հայաստանի, Արցախի բնակչության»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: