կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-09 20:59
Հասարակություն

Ադրբեջանը և Թուրքիան հնարավոր է ակտիվանան, ավելացնեն շփման գծում սադրանքների թիվը. Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանը և Թուրքիան հնարավոր է ակտիվանան, ավելացնեն շփման գծում սադրանքների թիվը. Իշխան Սաղաթելյան

Պատերազմը չի ավարտվել, թշնամին շարունակում է ոտնձգությունները Հայաստանի և Արցախի նկատմամբ: Օրվա իշխանության ցնորամիտ գաղափարը, թե ցանկանում են տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, ևս մեկ առիթ է հասկանալու համար, թե որքան կտրված են նրանք իրականությունից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նկատենք, որ վերջին շրջանում հակառակորդը կրկին ակտիվացել է և ակնհայտ ագրեսիվ գործողությունների է դիմում թե՛Արցախի, թե՛ Հայաստանի սահմանին:

Պարբերաբար կրակոցներ է արձակում Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ, ինչպես նաև Արցախի գյուղերի ուղղությամբ, որի հետեւանքով Երասխում ունենք նաեւ զոհ։

ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահ է, որ թշնամին կլռի և իրեն զուսպ կպահի միայն այն ժամանակ, երբ հայկական զինված ուժերը մտնեն վերակազմավորման և հզորացման փուլ, և համարժեք արձագանք տան ադրբեջանական սադրանքներին.

«Իսկ սրա համար անհրաժեշտ է, որ օրվա իշխանությունն այս գծի և ուղղության մեջ լինեն և կատարեն սահմանադրությամբ իրենց վերապահված թիվ մեկ պարտականությունը՝ ապահովել երկրի տարածքային ամբողջությամբ, բայց սրանք այսօր հեռու են այդ գծից և ամբողջությամբ այլ ուղղության մեջ են »,-նկատեց Սաղաթելյանը:

Նկատենք, որ հակառակորդը հատկապես Արցախի հատվածում ամբողջական գրոհի է անցել, ոչ միայն անկանոն կրակոցներ է արձակում, այլ նաև հոգեբանական ճնշում է գործադրում Արցախցիների վրա՝ բարձրախոսով տարբեր սպառնալիքներ հնչեցնելով պահանջելով հեռանալ իրենց բնակավայրերից, նաև կենցաղային շատ խնդիրներ է առաջացնում, օրինակ՝ մասնավորապես պայթեցրել են գազատարն ու թույլ չեն տալիս վերանորոգել այն, ինչի հետևանքով մարդիկ մնացել են առանց ջեռուցման:

Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ հակառակորդի թիվ մեկ նպատակն է հայաթափել Արցախը.

«Այս փուլում ամեն ինչ անում են, որ մարդիկ տարրական ապրելու պայմաններ չունենան, հումանիտար աղետներ են ստեղծում, որպեսզի Արցախը հայաթափեն: Երբ մենք ասում ենք, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախը չհայաթափվի, հենց սա նկատի ունենք, որ Արցախում պետք է լինեն ապրելու համար անվտանգ և բարեկեցիկ պայմաններ, մարդիկ պետք է կարողանան ապրել, իրենց ընտանիքները պահել և անվտանգ լինել, այս պահին դա շատ առաջնային հարց է»,-ասաց Սաղաթելյանը:

ԱԺ փոխնախագահի դիտարկմամբ՝ հակառակորդն օգտվում է նաև տարածաշրջանային իրավիճակից, մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված անորոշ իրավիճակից և դիմում է սադրանքների, ավելին՝ Սաղաթելյանը չի բացառում, որ տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում Ադրբեջանը և Թուրքիան ավելի ակտիվանան և ավելացնեն սադրանքների թիվը.

«Այն մարտահրավերներն ու անորոշությունները, որոնք կախված են մեր զույգ պետությունների գլխին, սա պետք է անպայման հաշվի առնենք։ Ցանկացած հնարավոր առիթի դեպքում ես չեմ բացառում,որ Ադրբեջանը և Թուրքիան ավելի ակտիվանան, սադրանքների թիվը սահմանին ավելացնեն, դրանք դարձնեն ավելի վտանգավոր, եթե աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում լարվի իրենք իբրև սպառնալիք ավելի են սեղմելու օղակը Հայաստանի և Արցախի շուրջ»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահի արձանագրմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունները երբեք իրավիճակին ադեկվատ չեն արձագանքում, «ձեռքերը լվացել են Արցախից» և խուսափում են գնահատական հնչեցնել Արցախում ստեղծված լարված իրավիճակի վերաբերյալ,

«ԱԺ-ում Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով կա, 6 ամիս է՝ Արցախի և Հայաստանի խորհրդարանական հանձնաժողովները համատեղ նիստ չեն արել, մեր ֆրակցիայի անունից 10 նամակով դիմել ենք, որպեսզի հանձնաժողովները համատեղ նիստ անեն: Խորհրդարանում նախագիծ բերեցինք «Շուշիի հռչակագրի» հետ կապված և պնդեցինք , որ Հայաստանի խորհրդարանը դիրքորոշում հայտնի, սակայն տեսաք քաղաքական մեծամասնության դիրքորոշումը, այս իրավիճակում Հայաստանը և Արցախը բոլոր մակարդակներով պետք է համագործակցեն, բայց տեսնում ենք, որ նման բան չկա, իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, այլ կերպ չեմ կարող մեկնաբանել նրանց կեցվածքը»,-ասաց նա:

Իսկ թե ընդդիմությունն ի՞նչ է անում Հայաստանի և Արցախի նկատմամբ սպառնալիքները կանխելու համար, Սաղաթելյանը պնդեց, թե ընդդիմությունը բավարար լծակներ չունի.

«Ընդդիմությունը ո'չ բանակցություններ վարելու, ո'չ էլ կազմակերպելու լծակներ չունի, այս ամենի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն իշխանությունն է, ընդդիմության խնդիրն այս ամենի մասին բարձրաձայնելն է, դրանց լուծման ճանապարհներ ցույց տալը, դրանք հնչեցնելը, նախաձեռնություններով հանդես գալը, այս ամենը մենք անում ենք, բայց հարցեր կան, որոնք օրվա իշխանությունները պետք է անեն »,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Աղբյուրը՝  Փաստինֆո