Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդհանուր գնահատումներ
Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ հարմար տեղավորվելով Թուրքիայի «գրպանում»:
Բնականաբար, Թուրքիան այսքանով չի բավարարվում: Նախորդ տասնամյակում ամեն ինչ և ամեն գնով անում է՝ խորացնելու համար նաև Ադրբեջան-Պակիստան կապերը, հատկապես՝ ռազմական փոխգործակցության ոլորտում:
Այս եռյակի համագործակցությունն ի սկզբանե ուղղված է Հայաստանի շահերի դեմ: Իսկ անկյունաքարային հիմքը նույնն է՝ մարդակերությունը: Յուրաքանչյուր կողմ փորձում է ստանալ իր ակնկալիքները: Մասնավորապես` գլխավոր դերակատար Թուրքիան, օգտագործելով մյուս երկուսին, ձգտում է հասնել իր դարավոր նպատակին՝ բնաջնջել հայ ժողովրդին և ամբողջապես տիրանալ հայկական երկու հանրապետությունների տարածքներին: Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում սպառազինություն, նաև այնպիսի զինատեսակներ, որոնք չի կարողանա գնել այլ երկրներից: Պակիստանը պատիկներ անգամ ավելացնում է իր տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված:
Թուրքիայի գործուն մասնակցությամբ և վերահսկողության ներքո, 2010թ. սկսած, իրականացվել են կոնկրետ քայլեր՝ Պակիստանի կողմից Ադրբեջանին զինելու ուղղությամբ: Մասնավորապես` մանրակրկիտ նախապատրաստվել և 2013թ. սկզբին կնքվել է Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության համաձայնագիրը: Սրա դիմաց Պակիստանը Ադրբեջանից ստացավ մաքսային արտոնություններ և երկկողմանի առևտրի` առավելագույնս պարզեցված ընթացակարգեր: Արդյունքում՝ պատիկներ անգամ աճեց Պակիստանի արտահանումը (ներառյալ՝ զենքն ու զինամթերքը) դեպի Ադրբեջան՝ Պակիստանի համար, համապատասխանաբար, ապահովելով լրացուցիչ նավթադոլարներ:
Այստեղ հարկ է կրկին զգուշացնել Ադրբեջանին զենք մատակարարողներին, որ իրենց համար խորանում են մտահոգվելու առարկայական հիմքերը: Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ Ադրբեջանը կորցնելու է իր ներքին և արտաքին վճարունակության համար դեռևս առկա միակ՝ նավթի արդյունահանման և մատակարարման հնարավորությունը: Այս երկրում անխուսափելիորեն վրա են հասնում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական աննախադեպ և կործանարար ցնցումներ:
Հետևաբար, Ադրբեջանի հետ միջազգային որևէ երկարաժամկետ համագործակցություն, հատկապես՝ զենքի մատակարարման ոլորտում, այլևս ունենալու է անհաղթահարելի ռիսկեր և գործնականում դատապարտված է ձախողման:
Վիճակագրական փաստեր և հիմնավորումներ
Որպես վերը բերված գնահատումներին վերաբերող հիմնավորում՝ ներկայացնենք Ադրբեջան-Պակիստան արտաքին առևտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր (աղբյուրը՝ https://tradingeconomics.com):
Այս նպատակով առանձնացվել է Ադրբեջան-Պակիստան փոխհարաբերությունների ակտիվացման ժամանակահատվածը՝ 2013-2019թթ.:
1. Անկախացումից հետո՝ մինչև 2012թ. դեպի Պակիստան Ադրբեջանի միջին տարեկան արտահանումը կազմել է ընդամենը 35 հազար ԱՄՆ դոլար: Այս երկրների միջև զենքի լայնամասշտաբ առևտրի մեկնարկից (ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումից) հետո` 2013-2019թթ., Ադրբեջանից դեպի Պակիստան միջին տարեկան արտահանումն ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 28 անգամ, կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարով:
Համեմատության համար բերենք մեր տարածաշրջանի համադրելի մեկ այլ երկրի՝ Վրաստանի օրինակը: 2010-2012թթ. Վրաստանից Պակիստան միջին տարեկան արտահանումը շուրջ 6 անգամ գերազանցել է Ադրբեջանից Պակիստան միջին տարեկան արտահանմանը: Իսկ 2013-2019թթ. դեպի Պակիստան Վրաստանի արտահանման միջին տարեկան ծավալները գրեթե չեն աճել:
2. 2010-2012թթ. Պակիստանը տարեկան միջին հաշվով Ադրբեջան է արտահանել 11 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ: 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան միջին տարեկան արտահանումը ևս ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 3 անգամ, կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 22 միլոն ԱՄՆ դոլարով: Աճի այս ցուցանիշը հիմնականում վերաբերելի է նաև այս երկրների միջև զենքի առևտրին:
Համեմատության համար՝ 2010-2012թթ. Պակիստանից Վրաստան միջին տարեկան արտահանումը կազմել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2013-2019թթ. այս ցուցանիշը մնացել է գրեթե անփոփոխ:
3. Վերջում՝ զավեշտալի փաստ. 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան ընդհանուր արտահանումը և Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը Պակիստանից, որոնք գրեթե նույն ցուցանիշներն են և թվային արտահայտությամբ կարող են ունենալ փոքր շեղումներ՝ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված, իրականում իրարից տարբերվում են շուրջ 5 անգամ կամ շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլարով:
4. 2013-2019թթ. Ադրբեջան-Պակիստան արտաքին առևտրի այս աննորմալ թռիչքները, պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող զավեշտը կարելի է իրականում բացատրել նշված ժամանակահատվածում այդ երկրների միջև զենքի լայնամասշտաբ առևտրի փաստով: Մասնավորապես, 2013-2019թթ. ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը Պակիստանից ստացել է առնվազն 154 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք:
Թուրքիայի պարտադրանքով Ադրբեջանի սանձազերծած այս վերջին պատերազմի կործանարար հետևանքները Ադրբեջանի թերզարգացած տնտեսության վրա կգնահատենք ու կհրապարակենք մոտ օրերս՝ մեր անկասելի և վերջնական հաղթանակից հետո:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ