Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը ներկայացնում է ՀՅԴ անդամ, տնտեսագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ելույթը «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկման ժամանակ։
1. Աշխարհաքաղաքական և անվտանգային խորացող մարտահրավերներն ու անորոշությունները, դրանց դիմակայելու՝ օրվա իշխանությունների ակնհայտ անկարողությունը դարձել են նաև մեր երկրի տնտեսական անվտանգության և կայուն զարգացման էական ռիսկեր ու դրանց կոնկրետ դրսևորումներ՝
- պետական պարքի առաջանցիկ աճ,
- տնտեսության վերականգնման անբավարար մակարդակ,
- սոցիալական խորացող խնդիրներ՝ բարձր գնաճի և բնակչության իրական եկամուտների նվազման ֆոնին,
- ներդրումների ներգրավման իրական ցածր մակարդակ և այլն։
2․ Վերջին ընտրություններից հետո Հայաստանի գործող իշխանությունը իր հնգամյա ծրագրում ձևակերպել է տարածաշրջանի ապաշրջափակման նպատակադրումը՝ որպես մեր երկրի փոխշահավետ գոյակցության հիմք՝ ակնկալելով նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կառուցողական դիրքորոշումը։
3․ Այո՛, տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի կամ երկուսի պարտադրանքով։
4. Փաստ է նաև, որ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ մինչև 44-օրյա պատերազմը և Հայաստանի իշխանությունների խայտառակ պարտությունը հարևան երկու երկրները նաև տնտեսական շրջափակման միջոցով էին փորձում առաջ մղել իրենց ազգային շահերը։
5․ Իսկ հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ ու դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը պարտադրում է ապաշրջափակում՝ որպես իրենց ազգային շահերի առաջ մղման հաջորդ փուլ։
6․ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը՝
- հակադրվում է Հայաստանի և Արցախի ընթացիկ տնտեսական շահերին,
- ամենակարճ ճանապարհն է տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցությունը մեր տարածաշրջանում անսահման տարածելու համար,
- անխուսափելիորեն հանգեցնելու է ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների՝ հայկական երկու պետությունների տնտեսական համակարգի թուրքացմանը համաքայլ,
- մյուս կողմից, այս նպատակադրումը թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին՝ դարձել է առաջնային, օր առաջ և ամեն գնով, ներառյալ՝ ռազմական ուժի կիրառման սպառնալիքով իրագործման ենթակա,
- անխոս՝ ունի ոչ միայն կառուցողական վերաբերմունք մեր հարևան երկու պետություններում, այլև իրագործվում է անշեղորեն՝ հենց իրենց կողմից պարտադրվող սցենարով։
7․ Թուրքիայի ռազմավարական հեռանկարում ինքնիշխան Հայաստանն իր տնտեսական տարածքով անհաղթահարելի խոչընդոտ է։
8․ Հայաստանի տնտեսական համակարգը կորցնելու է տարածաշրջանում իր գրավչությունը՝ համեմատական առավելություններն ու աշխարհագրական բարենպաստ դիրքը՝ հյուսիս-հարավ հաղորդակցությունն ապահովելու առումով։ Այսօրվա երկկողմանի շրջափակումը դառնալու է եռակողմ՝ ապաշրջափակման կեղծ քողի տակ։
9․ Առկա են իրատեսական և անկառավարելի ռիսկեր՝ Հայաստանի տնտեսական համակարգը թուրք-ադրբեջանական կապիտալով ամբողջապես կլանելու առումով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը իր նավթադոլարներով «փողախեղտ» կանի Հայաստանի տնտեսությունը՝ այն դնելով իրենից անդառնալի կախվածության մեջ։ Օրինակ՝ մեկ տարում արտահանվող ադրբեջանական նավթի միջին հասույթի 1/3-ով (շուրջ 6 միլիարդ ԱՄՆ դոլար) կամ զուտ արտահանման հասույթով կարող են տիրանալ Հայաստանի տնտեսության իրական հատվածում նախորդ 30 տարիներին կատարված օտարերկրյա ողջ ներդրումների մաքուր պաշարին։
10․ Առաջնային և կործանարար հարված է լինելու մեր երկրի գյուղատնտեսության, հատկապես՝ ջերմոցային տնտեսության, տեքստիլ և մշակող արդյունաբերության ճյուղերի համար։
Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ կուսակցության անդամ