Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարիի գլխավորած պատվիրակության եռօրյա պաշտոնական այցը Հայաստան ավարտվեց երեկ: Այցի շրջանակներում փոխնախագահը հանդիպումներ ունեցավ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԵՊՀ և Մատենադարան: Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպումից հետո ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր մշակույթի և բաց տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում համագործակցության մասին:
Այցի տևականությունը և Անսարիի պատվիրակության կազմի ներկայացուցչականությունը հուշում է, որ բարձր մակարդակով այցն այնքան էլ արարողակարգային չէ, որքան թվում է առաջին հայացքից: Չնայած ստորագրված փաստաթղթերի, համաձայնությունների նկատելի աղքատիկությանը` կարելի է ասել, որ այցը «հետախուզական» էր: Այն պայմանավորված էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ և ԵՄ-ի հետ նոր ձևաչափով գործընկերություն հաստատելու շրջանակներում հայ-հնդկական առևտրատնտեսական, քաղաքական գործակցության պոտենցիալը, խորքայնությունը, ուղղությունները հասկանալու հանգամանքով: Այցը պարզորոշ ուրվագծեց հարավկովկասյան տարածաշրջանի և այդ շրջանակում Հայաստանի նկատմամբ Դելիի մեծացող հետաքրքրությունը: Դրա մասին է վկայում նաև փաստը, որ նախագահ Պրանաբ Մուքերջին Հայաստանի նախագահին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հնդկաստան՝ «քննարկելու հայ-հնդկական փոխգործակցության օրակարգն ու հարաբերությունների խորացման հնարավորությունները և հեռանկարը»:
Անկախության անցած 25 տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև չձևավորվեցին հստակ ռազմավարության վրա խարսխված դիվանագիտական, քաղաքական, տնտեսական, մշակութային կայուն հարաբերություններ: Բավական է միայն նշել, որ հայկական կողմից նախագահի մակարդակով վերջին այցը Հնդկաստան եղել է հեռավոր 2003թ., իսկ հնդկական կողմից փոխնախագահից ավելի բարձր մակարդակի այց Հայաստան ընդհանրապես տեղի չի ունեցել: 2013թ. հետո մինչ այս պահը փաստացի որևէ հատկանշական դինավագիտական փոխայցեր չէին եղել, թեև այն, որ հայկական կողմը մինչև 2011թ. ընդհուպ ԱԺ նախագահի և Անվտանգության խորհրդի քարտուղարի մակարդակով այցելություններ ունեցել է Դելի, վկայում է, որ Երևանը ձգտել է գտնել կոնտակտներ, ուժեղացնել հնդկական ուղղությունը, սակայն մեծ հաշվով հաջողություն չի ունեցել: Պատճառը, թերևս, այս տարածաշրջանի նկատմամբ Հնդկաստանի հետաքրքրության բացակայությունն էր, երկու երկրների հեռավորությունը, հայաստանյան շուկայի գերսահմանափակ լինելը, տնտեսական առումով Հնդկաստանի ոչ այնքան բարվոք վիճակում լինելը:
Մինչդեռ հիմա իրավիճակը զգալիորեն փոխվել է: Հայաստանը և, առհասարակ, հարավկովկասյան տարածաշրջանը Հնդկաստանին հետաքրքիր կարող է դառնալ ոչ այնքան որպես վերջնական սպառող, որքան տրանզիտային միջանցք, հատկապես` Չինաստանի կողմից Մետաքսի մեծ ճանապարհի նախագծի իրականացման և աշխարհի առջև Իրանի բացվելու առումով ստեղծված հնարավորությունների շրջանակում: Պատահական չէ, որ Հնդկաստանը Հայաստանում իրականացվող «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» ծրագրի հիմնադիրներից է, իսկ վարչապետ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում Անսարին հատուկ շեշտել է որ «Հայաստանը դեպի Հյուսիս, Արևմուտք և Արևելք իր ասոցացված հարաբերություններով ձեռք է բերել կարևորագույն նշանակություն»:
Այս առումով հայկական կողմը, կարծես, Հնդկաստանի փոխնախագահին կոնկրետ ծրագրեր է առաջարկել: Մասնավորապես` Կարեն Կարապետյանը Անսարիի հետ հանդիպման ժամանակ խոսել է մի նախագծի մասին, որը «թույլ կտա Հնդկաստանից Հայաստանի տարածքով տարանցմամբ դեպի ՌԴ և եվրոպական երկրներ ու հակառակ ուղղությամբ արագ և մատչելի գներով իրականացնել մուլտիմոդալ փոխադրումներ»: Հայաստանին նաև հետաքրքրում են ժամանակակից տեխնոլոգիաների, դեղագործության, առողջապահության և մեքենաշինության ոլորտները, որտեղ Հնդկաստանը մեծ ձեռքբերումներ ունի:
Սակայն Հնդկաստանի հետ հարաբերությունների սերտացումը զուտ առևտրատնտեսական բաղադրիչ չունի: Այն անհրաժեշտ է առաջին հերթին տարածաշրջանային և ռազմաքաղաքական առումներով: Նախ՝ ակնհայտ է, որ եթե Դելին հետաքրքրվում է այս տարածաշրջանով, ապա փորձելու է գնահատել նաև Ադրբեջանի ռեսուրսները, որոնք կոմունիկացիաների առումով ավելի նախընտրելի կթվան նրան: Հայաստանն այդ մրցակցությունում չտուժելու համար ստիպված է շտապել ծրագրեր առաջարկել հնդկական կապիտալը տնտեսության և ենթակառուցվածքային համակարգերում ներգրավելու նպատակով:
Բացի դրանից` Հայաստանի համար լուրջ մարտահրավեր է Ադրբեջան-Պակիստան տանդեմի ստեղծումը: Պակիստանը դեռևս չի ճանաչել Հայաստանը և ամեն կերպ աջակցում է Ադրբեջանին: Այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահն այցելել էր Պակիստան, որտեղ հայտարարվեց զինտեխնիկայի և տեխնոլոգիաների մատակարարման ոլորտում ձեռք բերված համաձայնությունների մասին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ռուսական ՄիԳ 29-ի պակիստանյան անալոգ JF-17 Thunder ինքնաթիռների, բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաների ձեռք բերմանը: Թեև պակիստանյան արտադրանքը որակապես զիջում է ռուսականին և չինականին, սակայն զգալիորեն էժան է: Տնտեսական ճգնաժամ ապրող Ադրբեջանի համար դա նախընտրելի այլընտրանք է:
Թեև Հնդկաստանը ևս առավելապես սպառազինություն ներկրող երկիր է, սակայն նրա ռազմարդյունաբերական ներուժն անհամեմատելի մեծ է Պակիստանից: Վերջին տարիներին հատկապես հրթիռային և հակահրթիռային տեխնոլոգիաների զարգացման ոլորտում Հնդկաստանը տասնյակմիլիարդավոր դոլարների ներդրումներ է կատարում և լուրջ հաջողություններ ունի արդեն:
Եթե Ադրբեջանը փորձելու է օգտվել Պակիստանի տեխնոլոգիաներից, ապա Հայաստանը կարող է դիտարկել դրան հնդկական հակահրթիռային համակարգերով հակակշռելու տարբերակը: Մանավանդ, որ ակնհայտ է՝ Հնդկաստանն այս ոլորտը զարգացնում է` առաջին հերթին հենց պակիստանյան տեխնոլոգիաների առանձնահատկությունները և դրանցից իր անվտանգության սպառնալիքները հաշվարկելով: Հայաստանին կարող են հետաքրքրել նաև հնդկական արտադրության T-90 տանկերը, որոնց անհրաժեշտությունն զգում է հայկական բանակը:
Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք սպառազինության համալրումների առումով Հնդկաստանի հետ գործակցությունը, հարաբերությունենրի սերտացումը կարող է Ադրբեջան-Պակիստան տանդեմին միջազգային ասպարեզում քաղաքականապես հակակշռելու միջոց դառնալ: Այնպես որ` այս ուղղությունը հեռանկարային է և պետք է հուսալ, որ նախագահի հնարավոր այցը Հնդկաստան կսկսի տալ կոնկրետ արդյունքներ:
Գևորգ Դարբինյան