կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-02 17:39
Սփյուռք

Չկա եվրոպական մի պետություն, որն արդարացնի Թուրքիայի ներգրավվածությունը. Գասպար Կարապետյան

Չկա եվրոպական մի պետություն, որն արդարացնի Թուրքիայի ներգրավվածությունը. Գասպար Կարապետյան

Եվրոպայի համար անընդունելի է, որ Թուրքիան արկածախնդրության է դիմում մեր տարածաշրջանում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի Հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը՝ անդրադառնալով Եվրոպայի արձագանքին՝ ուղղված Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի և դրանում Թուրքիայի անօրինական ներգրավվածությանը։

Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը համակարգում է Եվրոպական 14 երկրներում գործող Հայ դատի հանձնախմբերի գործունեությունը, այս օրերին մեծ աշխատանք է կատարել Եվրոպական լսարանին, քաղաքական շրջանակներին և լրագրողական հանրությանը առկա տեղեկատվության ներկայացման համար։

Գասպար Կարապետյանը տեղեկացրեց, որ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ հայտարարություններ են արել, նամակներ հղել։ Մասնավորապես Եվրոպական Խորհրդարանի «Եվրոպայի նորացում» քաղաքական խմբի 6 պատգամավորներ գրավոր հարցումով դիմել են ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության բարձր հանձնակատար Բորելին` բարձրացնելով ադրբեջանական ագրեսիայի, Թուրքիայի անօրինական ներգրավվածության և Սիրիայից իսլամիստ ահաբեկիչներին մարտական գործողությունների մեջ ընդգրկելու մասին։

Եվրոպական Խորհրդարանի մի շարք պատգամավորներ, անհատական կամ խմբային գրություններ են հղել ԵՄ ղեկավար կառույցների ներկայացուցիչներին՝ կոչ անելով Թուրքիային՝ դադարեցնել իր մասնակցությունը մարտական գործողություններին։

Կարապետյանի խոսքով՝ Թուրքիայի գործողությունները դատապարտել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունաստանի, Կիպրոսի կառավարությունները, Ավստրիայի վարչապետը և Եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ։

«Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ Թուրքիայի գործոնն այդ ագրեան իրականացնելու հարցում հսկայական է։ Արդեն իսկ բավականաչափ փաստեր կան այն մասին, որ Թուրքիան, բացի արաբ վարձկաններին Ադրբեջան ուղարկելուց, ադրբեջանական բանակին օգնել է օդանավերի, ԱԹՍ–ների և այլ զրահատեխնիկաների կիրառման հարցում, ինչպես նաև թուրք սպաների անմիջական մասնակցությամբ, որոնք ուղղորդում են ադրբեջանական հարձակումները։ Եվրոպայի համար անընդունելի է, որ Թուրքիան արկածախնդրության է դիմում մեր տարածաշրջանում։ Չկա որևէ եվրոպական պետություն, որն ընդունի Էրդողանի քայլը, ընդհակառակը, բոլոր կողմերից հնչում են քննադատություններ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ և կոչ, որ նա անմիջապես դադարեցնի իր մասնակցությունը այդ գործողություններին»,–ասաց Կարապետյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է բացահայտել այսօրվա իրականությունը, ինչն ըստ նրա՝ հաջողվել է, քանի որ Եվրոպայում ադրբեջանամետ կամ թուրքամետ հայտարարություններ չկան, ընդհակառակը՝ մեծ թվով երկրներ պաշտոնապես դատապարտում են Թուրքիայի ներգրավվածությունը։

Կարապետյանի գնահատմամբ՝ Եվրոպայից հնչած հայտարարությունները հասցեական են ՝ ուղղված են կոնկրետ Թուրքիային և Ադրբեջանին։

«Երեկ Եվրախորհրդարանում տեղի ունեցավ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դռնփակ նիստը, որի ընթացքում միայն երկու պատգամավոր են պաշտպանել Ադրբեջանին, մեկը թուրքական ծագում ունեցող պատգամավոր, մյուսը բոլորին քաջածանոթ Բասենսկուն։ Մյուս բոլոր զեկուցողները դատապարտեցին Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև Էրդողանի արկածախնդրությունը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները և Արցախի հարցը լուծել առանց ուժի կիրառման»,–ասաց Գասպար Կարապետյանը։