կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-21 12:52
Քաղաքական

Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է, «Բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը. Աննա Նաղդալյանը՝ գերիների փոխանակման մասին

Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է, «Բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը. Աննա Նաղդալյանը՝ գերիների փոխանակման մասին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մայիսի վերջին կլինեն տարածաշրջանում և կայցելեն ոչ միայն Հայաստան և Ադրբեջան, այլև Արցախ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ խոստանալով այցի մասին մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը՝  նա նշեց. «Համանախագահների կողմից առաջարկ է արվել կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Մենք սպասում ենք որոշակի տեխնիկական դետալների հստակեցմանը, այն է՝ հրավիրյալ կողմը պետք է հստակեցնի հանդիպման անցկացման վայրը և ժամկետները, որ մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել դրա մասին»:

Ինչ վերաբերում է գերիների փոխանակման հարցում «Բոլորին` բոլորի դիմաց»` Ադրբեջանի առաջ քաշած սկզբունքին,  ԱԳՆ մամուլի խոսնակը հիշեցրեց, որ Արցախի իշխանություններն այս առնչությամբ մեկնաբանություն տվել են, և շեշտեց՝ անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում:

«Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, բայց դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը հատկապես ծանր հանցագործությունների պարագայում, հատկապես` երբ կա մարդասիրական միջազգային իրավունքի խախտում: Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: «Բոլորին՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է լինի այն ելքը, որն արդարացնում է  անպատժելիությունը, մարդասիրական իրավունքի խախտումները: Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների: Նման հանցագործությունների հերոսացումը, դրանց կատարողներին հերոսացնելը ծանր երևույթ է, և մենք ականատես ենք եղել նման դեպքի, երբ հային սպանածը հերոսացվել է արտահանձնումից հետո: Մեր նպատակն է՝ կանխել նման զարգացումները տարածաշրջանում»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Անդրադառնալով Ադրբեջան-Եվրամիություն փաստաթղթի պատրաստ լինելուն` ԱԳՆ խոսնակն ասաց, որ Հայաստանն այս գործընթացում ներգրավված չէ, որովհետև երրորդ կողմ է:

Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում, որ այդ համաձայնագրում Արցախի վերաբերյալ հակահայկական ձևակերպումներ տեղ չգտնեն, Աննա Նաղդալյանը պատասխանեց, որ ՀՀ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտնի է միջազգային  գործընկերներին: «Մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումն ամրագրված է համապատասխան փաստաթղթերում: Մենք ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային մոտեցումն այս հարցում: Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները մեր գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու»,- ասաց նա:

Մայիսի 20-ին Ադրբեջանի բանակի ստորաբաժանումներում մեկնարկել է  խոշոր զորավարժություն, որի սցենարի համաձայն՝ «հակառակորդն» է սկսել մարտական գործողություններ, իսկ ադրբեջանցիները, ըստ նույն սցենարի, պաշտպանվում են: Վարժանքները տևելու են մինչև մայիսի 24-ը։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը շեշտեց, որ ԵԱՀԿ-ին նախապես չեն զգուշացրել զորավարժության մասին, և դա ԵԱՀԿ հանձնառության խախտում է, որը չի նպաստում տարածաշրջանում խաղաղության և վստահության մթնոլորտի ձևավորմանը:

«Բնականաբար, այս հարցը բարձրացվելու է ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից: Մենք վստահ ենք մեր ուժերին, մենք նախևառաջ ապավինում ենք մեր ուժերին, և այդ վստահությունն է մեզ թույլ տալիս ոչ միայն պահպանել խաղաղությունը, այլև հանդես գալ խաղաղության դիրքերից»,- ընդգծեց Նաղդալյանը: