Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը դիմել է Բիձինա Իվանիշվիլիին Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունների վերաբերյալ: Նա կոչ է անում դատապարտել և համապատասխան գնահատական տալ պատգամավորների ռազմատենչ հայտարարություններին. գրում է Jnews.ge-ն:
Արդեն երրորդ օրն է՝ Ղարաբաղում կրակոցներ են, կան զոհեր։ Ռազմական գործողություններն արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում են:
Սեպտեմբերի 28-ին Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի պատգամավորները ֆեյսբուքյան էջերում հանդես են եկել հայտարարություններով, որոնցում իրենց լիակատար աջակցություն են հայտնում Ադրբեջանին:
JNEWS-ն Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն է իրենց արձագանքը:
Ախալքալաքի Սակրեբուլոյի նախագահ, «Վրացական երազանք» կուսակցության Ախալքալաքի կուսակցական ղեկավար Նաիրի Իրիցյանն ասաց, որ ինքն արդեն նամակով դիմել է իշխող կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին:
«Արցախա-ադրբեջանական շփման գծի երկյանքով ընթացող պատերազմական գործողությունների վերսկսման պայմաններում, երբ, բացի ռազմական նշանակության ենթակառուցվածքներից, թիրախավորված է նաև խաղաղ բնակչությունը, անթույլատրելի և դատապարտելի են Վրաստանի խորհրդարանի՝ ազգությամբ ադրբեջանցի երկու գործող պատգամավորներ՝ «Միացյալ ազգային շարժում»-ից Ազեր Սուլեյմանովի և «Վրացական երազանք»-ից Ռուսլան Գաջիևի ռազմամոլական հայտարարությունները:
Վրաստանը, լինելով բազմազգ երկիր, միշտ վարել է ճիշտ և կշռադատված քաղաքականություն՝ հանդուրժողականության և իրավահավասարության տեսակետից: Մենք պիտի առավելագույնս պաշտպանենք կոռեկտության չափն ու հանդուրժողականության սկզբունքը: Երրորդ երկրները պետք է նպաստեն տարածաշրջանում կայունությանը»,- իր նամակում գրել է Նաիրի Իրիցյանը:
Նա Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարին խնդրում է միջամտել և դատապարտել «Վրացական երազանքի» պատգամավորի ռազմատենչ հայտարարությունը, համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե՛ ռազմական օբյեկտներ, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա, մարտերը շարունակվում են շփման գծի ողջ երկայնքով: