Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սույն թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, հերթական անգամ խախտելով տարածաշրջանում ձեռք բերված հարաբերական խաղաղությունն ու զինադադարը, Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսել է լայնամասշտաբ հարձակում և ռազմական գործողություններ՝ ի գործ դնելով իր տրամադրության տակ եղած զինական ողջ ռեսուրսը, ռմբարկելով ինչպես ամբողջ շփման գիծը, այնպես էլ խաղաղ քաղաքացիական բնակավայրերը: Հարձակումից առաջ և հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը վաղուց էր նախապատրաստվել տվյալ էսկալացիային՝ այդպիսով կրելով սանձազերծված պատերազմի և դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: Պաշտոնական Թուրքիայի՝ բարձր մակարդակով տարածած հայտարարություններն առ այն, որ ցանկացած առումով աջակցում է եղբայրական Ադրբեջանին, հստակեցնում են, որ սկսված ռազմական գործողությունների հետևում անմիջականորեն կանգնած է հենց Թուրքիան:
Ամբողջ աշխարհն այս իրողությանն արձագանքեց խաղաղության և փոխըմբռնման կոչերով, գտնվեցին նաև այնպիսի երկրներ, որոնք բարձրագույն մակարդակով բարձրաձայնեցին ադրբեջանա-թուրքական կողմի ագրեսիայի մասին տարածաշրջանում: Վրաստանը նույնպես արձագանքեց, սակայն Վրաստանի գործող պառլամենտում պատգամավորական մանդատ ունեցող՝ ազգությամբ ադրբեջանցի երկու պատգամավորներ իրենց թույլ են տվել դուրս գալ պետական մակարդակով արված հայտարարության սահմաններից և ռազմատենչ կոչեր հղել Իլհամ Ալիևին: Նրանք չեն խորշել հայկական կողմին Վրաստանի դեմ դավեր նյութելու և հանցագործություն իրականացնելու մեջ մեղադրելուց՝ այսպիսով փորձելով խառնակչություն մտցնել երկու բարեկամ ժողովուրդների խաղաղ համակեցության մեջ:
Վրացական կողմից որևէ հակադարձում իր պաշտոնյաների խոսքին չի եղել, այնինչ տեղին է հիշեցնել ամիսներ առաջ Վրաստանում գտնվող և վրացիների համար սրբազան ուխտատեղի համարվող Դավիթ Գարեջայի վանական համալիր ուղղված վրաց ուխտավորների շարժի արգելակումն ադրբեջանցի զինվորականների կողմից, որի համար պաշտոնական Բաքուն որևէ հիմնավորում չի ներկայացրել:
Ախալքալաք-Նինոծմինդայից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորը ևս արձագանքել է Արցախում ստեղծված իրավիճակին՝ շեշտելով ադրբեջանա-թուրքական համագործակցության փաստը և այն, որ խաղաղարարական բոլոր փորձերը, որոնք ծավալել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այս հարցում, ոտնահարվում են Ադրբեջանի կողմից, ինչպես նաև ջավախահայության անունից զորակցություն հայտնելով Արցախում մարտնչող եղբայրներին: Դատապարտող կոչերով և հայ ազգին ուղղված քաջալերանքի խոսքով են հանդես եկել նաև Վրաստանի պառլամենտական ընտրություններում Ջավախքի տարածքում առաջադրված պատգամավորական թեկնածուները, Շրջանային ժողովի պատգամավորները և պաշտոնատար անձինք:
Ստեղծված իրավիճակն ամփոփելով՝ անհնար է չնկատել, որ տարածաշրջանում Հայկական ու Վրացական պետությունները մնացել են որպես քրիստոնեական միացյալ հանգրվան, որը միացյալ համաթուրքական աշխարհի տեսլական հետապնդող Թուրքիայի և նրա խամաճիկ Ադրբեջանի համար անցանկալի միավորում է: Պետք չէ մոռանալ, որ երկու եղբայրական ժողովուրդներն ու նրանց կամուրջի նման ամուր կապող Ջավախքն անսասան բարեկամության ու իրար սատար կանգնելու սկզբունքներում պահելը բխում է երկուստեք շահերից:
Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
29.09.2020թ.