Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Ս.թ. սեպտեմբերի 25-ին վերաբացվեց «Ջավախքի արծիվները Արցախի լեռներում» հուշահամալիրը` բարերար, ծննդով Ջավախքի Կորխ գյուղից, Վաչագան Բասենցյանի հեղինակությամբ և հովանավորությամբ:
Այն տեղակայված է Երևան-Աշտարակ մայրուղում, Պռոշյան համայնքի տարածքում, անմիջականորեն բարերարի առանձնատան ցանկապատի դիմերեսին:
Վաչագան Բասենցյանը ոչ միայն հուշարձանի նախաձեռնողն ու բարերարն է, այլև նախագծի հեղինակն ու համալիրը կառուցողը՝ ճարտարապետ Հրաչյա Հովհաննիսյանի և քանդակագործ Տիգրան Պալյանի օգնությամբ:
Հուշարձանի խորագիրը փոխառվել է Արցախյան առաջին պատերազմում զոհված ազատամատիկներին նվիրված` Վարդ Ղազարյանի 2003 թ. հրատարակած գրքի նույնանուն վերնագրից:
«Սա այն բացառիկ հուշարձաններից է, որը հանգամանքների բերումով նորացվել և, այսպես կոչված, խմբագրվել է։ Այս հուշարձանի առաջին հանդիսավոր բացումը տեղի է ունեցել ուղիղ 15 տարի առաջ: Այն ժամանակ, մի այսպիսի գեղեցիկ աշնանային օր, հուշարձանը բացել է հայ ժողովրդի փառապանծ զավակ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ազգային հերոս Գուրգեն Հարությունի Դալիբալթայանը: 2009 թվականին մենք այս հուշարձանը բացել ենք հաղթողի հոգեբանությամբ, մեծ հպարտությամբ ու ոգևորությամբ հարգանքի տուրք մատուցել Արցախի ազատագրական պայքարում նահատակված ջավախքցի մեր հայրենակից ազատամարտիկներին: Այն ժամանակ հուշակոթողին արձանագրված էր հիսունչորս Նահատակի անուն… Դրանով մեկ անգամ ևս արձանագրվել են մեր ժողովրդի տարբեր հատվածների միասնությունն ու միասնական ուժերով ձեռք բերված փառապանծ հաղթանակը: Հերթական անգամ փաստվել է նաև, որ մեր ժողովրդի բոլոր հատվածների ճակատագիրը նույնն է, և մեր միահամուռ միասնությունն է, որ կարող է պսակվել հաջողությամբ ու հաղթանակով: Բայց, ինչպես տեսնում ենք, մեր դժվար ճակատագրի բերումով հարկադրված ենք անդրադառնալու նաև արդեն տասնհինգ տարվա պատմություն ունեցող հուշարձանին: Մեր ժողովուրդն ապրեց նաև Արցախյան 44-օրյա պատերազմը, եղան բազմաթիվ նահատակներ, նաև Ջավախքից սերված, և ամենացավալին այն է, որ դրան հաջորդեց նաև Արցախի հայաթափումը, որն իսկական ազգային աղետ է: Արցախը հայաթափվեց, և հարցի բաղձալի լուծումն առժամանակ հետաձգվեց: Բայց պարտությունը կամ քաղաքական որևէ հանգամանք բոլորովին չպիտի խանգարեն, որ մենք արժանին մատուցենք նաև մեր նոր նահատակներին: Հենց այդ նպատակով էլ Վաչագան Բասենցյանը որոշեց անդրադառնալ նաև այս հուշարձանին և որոշ փոփոխություններ կատարել համալիրում: Մենք այսօր հավաքվել ենք պաշտոնականացնելու այդ փաստը և հավերժացնելու այդ նոր նահատակների հիշատակը: Հուշահամալիրում ավելացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ևս ութսուներկու նահատակի անուն»,- բացման խոսքում նշեց Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը:
Հուշարձանը բաղկացած է երեք առանձին տրավերտինե սալաքարերից. կենտրոնում Հայաստանը ներկայացնող համեմատաբար խոշոր սալաքարն է (ստելան)՝ մեջտեղում խաչով, աջից և ձախից երկու ավելի փոքրերն են, որոնք խորհրդանշում են Արցախն ու Ջավախքը:
Համալիրի հետին մոխրագույն բազալտե պատին հուշարձանի խորագիրն է՝ «Ջավախքի արծիվները՝ Արցախի լեռներում», որը, ըստ մտահղացման, խորհրդանշում է Սփյուռքը: Պատի աջ ու ձախ եզրերն ավարտվում են բարձրացող բազալտե սյուներով, որոնք պսակված են ուժի և ազատության խորհրդանիշ, թռիչքի պատրաստվող երկու բրոնզե արծիվներով: Հարևանությամբ՝ հուշասալերի վրա, արձանագրված են նահատակ հերոսների անունները: Կենտրոնական ստելայի դիմաց հուշաղբյուր-ցայտաղբյուրն է, որտեղից ջուր խմողը յուրովի խոնարհվում է նահատակ հերոսների և սրբազան խաչի առջև:
Անուրանալի է ջավախահայության ներդրումը Արցախյան ազատագրական պայքարի բոլոր փուլերում: Նրանք, ինչպես աշխարհասփյուռ հայրենապաշտ հայությունը, գործնական պատասխանատվություն ցուցաբերեցին արցախաբնակ հայրենակիցների և Արցախ աշխարհի նկատմամբ, ինչպես սեփական տան, հայրենիքի ու հարազատ ազգակիցների։
Ջավախքը թիկունք կանգնեց իր մարտնչող հայրենակիցներին թե ռազմամթերքով, թե սննդով և թե մարդուժով։ Ում-ում, եթե ոչ ջավախքցուն էր ընկալելի և հոգեհարազատ Մայր Հայրենիքին աղերսվելու կարոտն ու բաղձանքը։
«Հայրենիքից հեռու ապրող հայի համար հայրենասիրությունը հայ մնալու և հայրենիքին ծառայելու միակ միջոցն է»,- իր ելույթում նշեց վաստակավոր շինարար Վաչագան Բասենցյանը, որը մի շարք ճարտարապետական-շինարարական ձեռնարկների հեղինակ է Հայրենիքում և Սփյուռքում:
Մարտադաշտում ծավալվող ռազմական բոլոր գործողությունների ընթացքում հաղթեց հայ զինվորը, հաղթեց ռազմագիտության համաշխարհային պատմության մեջ աննախադեպ հերոսականությամբ և անկրկնելի սխրանքներով` թե զինական. թե քանակական, թե ահաբեկիչ վարձկանների անհամեմատ մեծածավալ ուժերի հանդեպ: Հայկական բանակը չի սպառել իր ներուժը և դեռ ասելիք ունի, շրջադարձային անելիք: Հայ զինվորը նահատակվեց, բայց չպարտվեց, պարտվեց դավադիր ռազմաքաղաքական իշխանությունը`դավաճանելով իր իսկ զորքին:
Հուշակոթողի վերաբացման հանդիսությունը մեկնարկելու համար բազմությունը, աչքը ջուր կտրած, սպասում էր «Ջավախք հայրենակցական միություն» ՀԿ-ի առաջնորդին (խոսքը ԱԺ պատգամավոր, իշխող ՔՊ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի մասին է, ով ևս, որպես Փաշինյանի դավաճան իշխանության քաղաքական հենարան, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում- խմբ.), ջավախահայության շահերի պաշտպան վերապատվելի պատգամավորին, իշխանական աթոռներ վայելող բարձրաստիճան այլ ջավախքցիների, բայց, փառք Աստծո, նրանք չբարեհաճեցին ժամանել արարողությանը` զրկելով հանդիսականներին իրենց ներկայությունը վայելելու երազանքից, քանզի մեզ միշտ խոչընդոտել է պարսկահայ, տաճկահայ, վրացահայ… լինելու պառակտիչ երևույթը, իսկ նրանց շնորհիվ վերահաստատվեց, որ գերադասելի է չլինել ենոքավանցի, բոզիգեղցի կամ գանձակցի, այլ պարզապես մարդ, որը անհաղթահարելի բարձունք է կերակրատաշտի ընձեռած չինովնիկական արտոնությունների դիմաց:
Հովհ. Թումանյանը նկատում է, որ, «Աշխարհքում ամեն բան հեշտ է, մի բան է դժվար՝ մարդ լինելը... Հեշտ բան հո չի՞ մարդ լինելը. մարդ փնտրելիս էլ, երբ մարդու մեծ կարոտ ես զգում, աշխատում ես նույնիսկ գտածին, եղածին մեծացնել - շատ բան տեսնել մեջը, բայց մի օր վերջիվերջո պատռվում է, բացվում է, տեսնում ես շա՜տ հասարակ կտոր է...»:
Ինչևէ:
Հանդիսավոր մասին հաջորդեց գեղարվեստականը` հայրենասիրական երգերով և հեզաճկուն հայուհիների պարերով, ապա նաև Մատաղի արարողությունը, որն անցավ անկաշկանդ և սիրալեցուն պայմաններում։
Բոլորի մտահոգությունը մեկն էր` մեր հարևանի հետ պատերազմներն անխուսափելի են, և խաղաղությունը պաշտպանելու համար անհրաժեշտ է հզորանալ, պատրաստ լինել ամեն օր սպառնացող պատերազմի, որքան էլ ոմանք խաղաղության աղավնու դեր ստանձնեն, ինչ-որ պայմանավորվածություններ ստորագրեն թղթի վրա, սեղանին շարեն եռագույն ավազի ժամացույցներ կամ իրենց պատկերացրած Հայաստանի չեկանկան թափահարեն ի ցույց ժողովրդի, քանզի սա ոչ թե ազգամիջյան հակամարտություն, այլ տեսակի, քաղաքակրթության, մշակույթի և հակամշամույթի, արարման և ավերակման, բարու և չարի հավերժական կռիվ է, որտեղ Բարին այլընտրանք չունի, քան նեռին զգետնելը;
Հետևաբար, բոլորի ցանկությունն էր, որ մոտ ապագայում Հուշահամալիրն անցնի նոր խմբագրություն` անմահացնելով չարիքի դեմ վերջնական և լիակատար Հաղթանակ կերտած հերոսների անունները:
Դավիթ Սարգսյան
Գրող, հրապարակախոս