կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-19 10:30
Քաղաքական

"Ազգային օրակարգ" կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել արտակարգ դրության վերաբերյալ

"Ազգային օրակարգ" կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել արտակարգ դրության վերաբերյալ

"Ազգային օրակարգ" կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել արտակարգ դրության վերաբերյալ․

"Սույն թվականի մարտի 16-ին ՀՀ Կառավարությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 4 շաբաթ ժամկետով հայտարարեց արտակարգ դրություն։ Թեև այս քայլը ուշացած էր, առկա պայմաններում այն արդեն դարձել էր անխուսափելի, ուստի մենք համարում ենք Կառավարության որոշումը նվազագույն անհրաժետ միջոց՝ COVID-19 վիրուսով պայմանավորված գլոբալ համաճարակի սրընթաց տարածումը երկրում կանխելու ուղղությամբ։

Հաշվի առնելով, որ համաճարակի տարածումը երկրում արդեն զգալի չափերի է հասել՝ առաջարկում ենք Կառավարությանն արտակարգ դրության շրջանակներում իր հետագա ջանքերը կենտրոնացնել հետևյալ առանցքային խնդիրների վրա.

1) կանխարգելել համաճարակի հետագա սրընթաց տարածումը և տեղայնացնել դրա հայտնաբերված օջախները՝ խստիվ վերահսկելով և ըստ անհրաժեշտության սահմանափակելով տրանսպորտային հաղորդակցությունը այդ օջախների հետ,

2) անցնել ռիսկի գոտում գտնվող քաղաքացիների պարբերական թեստավորման՝ համաճարակի նոր օջախներն արագ հայտնաբերելու նպատակով,

3) խստիվ սահմանափակել ֆիզիկական անձանց հաղորդակցությունն Արցախի Հանրապետության հետ՝ կանխարգելելու համաճարակի տեղափոխումը Արցախ, մասնավորապես առաջնագծում տեղակայված զորամասեր,

4) լրացուցիչ ռեանիմացիոն կարողություններ ստեղծել առողջապահական համակարգում՝ ըստ հնարավորի փրկելու այն վարակված քաղաքացիների կյանքերը, որոնց մոտ հիվանդությունը կարող է ծանր ընթացք ստանալ,

5) հատուկ պաշտպանության միջոցներ ապահովել վարակակիրների հետ շփվող բոլոր բուժաշխատողների համար, ապահովելու նրանց անվտանգությունը և աշխատանքի արդյունավետությունը,

6) բոլոր հնարավոր միջոցներով վարակից զերծ պահել բանակը՝ խստագույնս սահմանափակելով զինծառայողների (այդ թվում՝ սպայական անձնակազմի) շփումը քաղաքացիական անձանց հետ, ինչպես նաև և կարանտինային միջոցառումներ իրականացնել պայմանագրային զինծառայողների բնակության վայրերում,

7) ապահովել տնտեսության բազային ճյուղերի անխափան կենսագործունեությունը, անհրաժեշտության դեպքում ժամանակավոր արտակարգ կարգավորումներ ընդունելու միջոցով, ապահովել արտերկրից մատակարարումների անխափանությունը,

8) կանխել սպառողական շուկայում խուճապը և գների անհիմն բարձրացումները, ինչպես նաև հարուցել վարչական վարույթներ գների բարձրացման և ապրանքային տարբեր շուկաներում պակասորդի ստեղծման արձանագրված դեպքերի մասով,

9) անհապաղ գործողություններ ձեռնարկել համաճարակի հետևանքով գոյության վերջին միջոցներից զրկված քաղաքացիներին աջակցելու նպատակով,

10) մշակել և ըստ անհրաժեշտության գործարկել համաճարակի արդյունքում անվճարունակության եզրին հայտնված ծառայությունների ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության ծրագիր։

Մենք պատրաստակամություն ենք հայտնում՝ մեր հնարավորությունների սահմաններում օժանդակել պետական մարմիններին վերոնշյալ գործողությունների իրականացման գործում։ Միևնույն ժամանակ, ՀՀ Կառավարությունից և պետական այլ մարմիններից ակնկալում ենք ծայրահեղ պատասխանատու, թափանցիկ և համակարգված գործելակերպ՝ համատեղ ուժերով հաղթահարելու մեր երկրի առջև ծառացած այս աննախադեպ մարտահրավերը",-ասվում է հայտարարության մեջ։