Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հաշվի առնելով ջավախահայության դիրքորոշումն ու մոտեցումները, հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանություններին՝ անցնցում հեռանալ երկրի ղեկից:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի տարածած հայտարարությունն առանց որևէ փոփոխության ներկայացնում ենք ստորև:
«Վերջին մեկ ու կես ամսում մեր տարածաշրջանն ալեկոծվում էր Արցախյան՝ տարիներով ծխացող հարցի սրման պատճառով. Թուրքիայի անմիջական դրդմամբ և հովանավորությամբ Ադրբեջանը սանձազերծեց լայնամասշտաբ պատերազմ ընդդեմ Արցախի՝ իր վայրագ գործողությունների շրջանակը տարածելով առաջնահերթ խաղաղ բնակչության վրա:
Այս ողջ ընթացքում հայկական կողմի արած հայտարարությունները առ այն, որ ռազմական գործողություններում ադրբեջանական կողմից ներառված են վարձկան ահաբեկիչներ, նույնպես ստացան իրենց հիմնավոր ապացույցները: Աշխարհասփյուռ հայությունը արագ մոբիլիզացրեց իր ուժերը և ռեսուրսները՝ նյութապես հայրենիքին աջակցելու, կամավորներ առաքելու, իրենց բնակության երկրներից Արցախյան իրողություններին իսկական և արդար գնահատական տալու և միջոցներ ձեռնարկելու կոչերի տեսքով:
Ջավախահայությունը, որ առավել մոտ է զգում հայրենիքի զարկերակը, արագ կազմակերպեց հումանիտար եւ դրամական օգնության առաքում դեպի Արցախ աշխարհ, որը մի քանի անգամ կրկնվեց: Հավաքված զգալի գումարը փոխանցվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Ջավախքում հաշվի առնվեց այն հանգամանքը, որ Վրաստանն ի սկզբանե հայտարարել է տվյալ հարցում երկու հարևան պետությունների կոնֆլիկտի շուրջ իր պաշտոնական չեզոք դիրքորոշումը, ինչպես նաև այն, որ աշխարհը փոթորկող համաճարակի պատճառով երկրի պետական սահմանները փակ են: Այստեղ ևս կազմակերպվեց բազմամարդ խաղաղ ցույցեր՝ ի աջակցություն Մայր Հայաստանի, որոնք ուղեկցվեցին խաղաղության կոչերով:
Շուրջ քառասունհինգ օր համայն հայությունը սրտատրոփ լուրերի էր սպասում ռազմաճակատից: Ամեն օր Պաշտպանության նախարարության մամլո խոսնակի մակարդակով պաշտոնական տեղեկատվություն էր տրամադրվում, ըստ որի կատաղի պատերազմում հայոց զորքը ամուր է իր դիրքերում, կան որոշակի մարտավարական խուսանավումներ, որոնք շտկելի են: Սակայն նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի կողմից գաղտագողի ստորագրված պայմանագրով պարզ դարձավ, որ հայությունն այս ամբողջ ընթացքում համակողմանիորեն խաբվել է:
Ջավախքում անհանգստացած են գաղտագողի ստորագրված պայմանագրի բովանդակությամբ և արդարացիորեն նկատում են, որ այն իր բոլոր կետերով անխուսափելիորեն հանգեցնելու է համազգային աղետի: Այս առումով Ջավախքից ՀՀ են ուղղվում ողջամտության և անկեղծության, հանուն սեփական աթոռի հայոց դարավոր երազանք հանդիսացող և վերջապես իրագործված պետականությունը չվտանգելու, հայոց սուրբ նահատակների արյունը առուծախի առարկա չդարձնելու կոչեր:
Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, հաշվի առնելով ջավախահայության դիրքորոշումն ու մոտեցումներն այս հարցում, ըստ որոնց լավագույն ճիշտ ճանապարհը ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականն է, կոչ է անում ՀՀ ներկայիս իշխանություններին անցնցում հեռանալ երկրի ղեկից և այս ծանր կացությունից դուրս գալու ուղիներ գտնելու հնարավորություն տալ, այն է՝ ձևավորել նոր կառավարություն և բանակցային գործընթացին տալ տրամաբանական բովանդակություն՝ զերծ մնալով հայության իրավունքների ապօրինի ոտնահարումից»: