Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն դատապարտում է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը Արցախի շփման գծի երկայնքով եւ խաղաղ բնակավայրերի վրա։ Թուրքիան հայտարարել է իր անվերապահ աջակցությունն Ադրբեջանին։
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր համահայկական ամբողջ հնարավորությունը դրել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տրամադրության տակ՝ հատկապես աջակցելով պաշտպանության բանակին եւ արտաքին ճակատի վրա։
Պատերազմի ժամանակ թիկունքի ամրությունը պահելու համար կենսական է համահայկական ուժերի լարում, զգոնություն եւ երկրում կայունության պահպանում։
Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը՝ դատապարտելու Ադրբեջանի գործողությունները, որոնք հղի են ամբողջ տարածաշրջանը ապակայունացնելու վտանգներով։
Կոչ ենք ուղղում Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն իր մասնակցությունը եւ գոնե մեկ անգամ ցուցաբերել տարածաշրջանում կառուցողական կեցվածք։
Պատերազմական գործողությունների շարունակության ամբողջ պատասխանատվությունը պիտի կրեն Ադրբեջանն ու Թուրքիան։
Մենք ձեռնարկում ենք մեր հնարավորություններին համապատասխան անհրաժեշտ բոլոր քայլերը՝ դիմակայելու համար Ադրբեջանի եւ Թուրքիայի հարձակողական քաղաքականությանը։