կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 16:53
Հասարակություն

Որին պետք էր` ճանապարհ դրեցինք. Օրբելու անվան բուհի ռեկտորը` ուսանողների մասին

Որին պետք էր` ճանապարհ դրեցինք. Օրբելու անվան բուհի ռեկտորը` ուսանողների մասին

Լևոն Օրբելու անվան համալսարանի բարձրագույն կրթական ծրագրի լիցենզիայի գործողությունը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանի համաձայն, դադարեցվել է դեռ ապրիլի 10-ից:

 

Yerkir.am-ի հետ զրույցում բուհի ռեկտոր Վարդան Զոհրաբյանը օրեր առաջ նշել էր, թե բուհը շարունակում է իր բնականոն աշխատանքը և չի պատրաստվում հանձնվել: Այսօր էլ  նա նշեց, որ բուհը բաց է, իրենք չեն փակվել և չեն էլ փակվելու: Հարցին, թե, «բաց է» ասելով, ի՞նչ նկատի ունեն` արդյո՞ք տեղում բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեություն իրականացվում է, Զոհրաբյանը չպատասխանեց:

 

«Այսօր նամակ եմ ուղարկել ԿԳ նախարարին: Ոչ մի խնդիր չկա, ամեն ինչ կարգին է»,- հավաստիացրեց նա:

 

Հարցին, թե ի՞նչ են անում բուհի լիցենզիայի դադարեցման հետևանքով իրենց ուսումը կիսատ թողած ուսանողները, արդյո՞ք նրանք շարունակում են իրենց կրթությունն այլ բուհերում, Զոհրաբյանը պատասխանեց, որ ոմանք` այո, ոմանք էլ` ոչ. «Որին պետք էր` ճանապարհ դրեցինք, այսինքն` բարի ճանապարհ, ով էլ չուզեց, մնաց»:

 

ԿԳՆ լիցենզավորման գործակալության պետ Մովսես Մովսիսյանը տեղեկացրեց, որ բուհը բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեություն իրականացնելու իրավունք չունի, քանի որ լիցենզիայի դադարեցումը, բնականաբար, ենթադրում է նաև գործունեության դադարեցում:

 

«Ի դեպ, նախարարի հրամանի համաձայն` տվյալ բուհի ուսանողների շահերը չեն ոտնահարվելու, նրանք այլ ուսումնական հաստատություններում իրենց կրթությունը կշարունակեն` նույն պայմանով, պահանջներով, ինչ իրենց բուհում»,- ասաց նա:

 

Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ լիցենզիայի դադարեցումից հետո տվյալ ուսումնական հաստատությունը, կազմակերպությունը, իրավաբանական անձը միայն մեկ տարի հետո նոր միայն լիցենզիա ստանալու համար կարող է դիմում ներկայացնել. «Եթե լիցենզիայի դադարեցումից հետո էլ այնտեղ կրթություն է իրականացվում, սա օրենքի կոպիտ խախտում է»:

 

Եթե ուսանողներից որևէ մեկը տեղափոխվելու և ուսումը շարունակելու հետ կապված խնդիրներ ունենա` կարող է դիմել ԿԳ նախարարություն: Նախարարություն դիմած ուսանողներ դեռևս չկան: