Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միքդաթ Ռեմզի Սանջաքն ասում է, որ մասնակցել է 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի կողոպուտի դեպքերին և պատմում այդ գիշերվա մասին․ «Մտանք բոլոր հույների, հայերի, ասորիների և հրեաների խանութները, հարձակվեցինք նրանց տների վրա։ Այնպիսի քաոս էր տիրում, որ երկու օր Ազատության պողոտայով տրամվայ չէր կարողանում անցնել։ Ճանապարհի վրա կտորեղեն, վարագույրներ և իրեր էին թափված։ Մի պահ նկատեցի, որ հարձակվում են մի ոսկերչական խանութի վրա։ Ես էլ խառնվեցի, ցուցափեղկին ինչ կար` ծոցս լցրեցի։ Ականջօղ, ոսկի և այլն․․․»։
Միքդաթ Ռեմզի Սանջաքը, որը համարվում էր «Հին Ստամբուլի գողականը» և մասնակցել է 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի կողոպուտի դեպքերին, պատմել է այդ գիշերվա մասին։ 2011 թ․ «Ակօս»-ում հրատարակված հարցազրույցում սեպտեմբերի 6-7-ի դեպքերի տարելիցին առաջին անգամ խոսել է մի հանցագործ։ Ստորև նրա հետ Ֆունդա Թոսունի հարցազրույցը․
Միքդաթ Ռեմզի Սանջաքին ճանաչեցինք «Ժամանակ» թերթի սեպտեմբերի 4-ի համարում զետեղված հարցազրույցից։ «Նախկինում նա բոլորին զենքով էր դիմավորում, իսկ հիմա խուրմայով և զեմզեմով (խմիչքի տեսակ) է ճանապարհ դնում» վերնագրով հրապարակման մեջ ներկայացվում էր նաև «Հին Ստամբուլի մի գողական»-ի պատմությունը։ Այնտեղ ներկայացվում է, թե Սանջաքն անցյալում ինչ արկածներ է ունեցել և ուշադրություն հրավիրվում այն փաստի վրա, թե այսօր ինչ հոգևոր կյանքով է նա ապրում։ Հոդվածին կից մի փոքր հատվածում ներկայացված էին սեպտեմբերի 6-7-ի սպանությունների ժամանակ Սանջաքի արարքները։ Թերթը հատուկ կարևորություն չէր տվել այս տեղեկությանը, սակայն մեզ համար այն չափազանց արժեքավոր է, քանի որ գուցե առաջին անգամ 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի գիշերը Ստամբուլի փողոցներում կողոպուտին և բռնությանը մասնակցած անձը անկեղծորեն պատմում է թալանի մասին։ Բացի այն մարդկանցից, որոնք պնդում են, թե այդ օրը Ստամբուլում են եղել և իրենց ոչ մուսուլման հարևանին պաշտպանել, առաջին անգամ մի թուրք-մուսուլման խոստովանում է իր կատարած հանցանքը։ Հենց նույն օրը հեռախոսով Սանջաքին ասացինք, որ ցանկանում ենք հանդիպել և մի քանի ժամ անց թակեցինք դուռը։ Նա էլ մեզ պատմեց սեպտեմբերի 6-7-ի դեպքերի և այլ բաների մասին։
Մեր զրույցի վերջում իմացանք, որ Միքդաթ Սանջաքի պապը եղել է հայերի սպանդի մեջ (Հայոց ցեղասպանություն-Ակունք խմբ․) կարևոր դեր խաղացած ավազակ Իփսիզ Ռեջեփի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Իփսիզ Ռեջեփը, որը Սև ծովի երկու ափերում մաքսանենգությամբ է զբաղվել և պաշտոնական պատմագրության հերոսներից մեկն է, 17 հայի սպանել է նրանց՝ հրամանատար լինելու պատճառով։ Նա բանտ նստելուց խուսափելու համար մասնակցել է քեմալական շարժմանը։ Ինչպես հանցանք գործած մյուս մարդիկ, Իփսիզը նույնպես իր պատժին համապատասխան կոչում է ստացել։ Նրանք (նկատի ունի Հայոց ցեղասպանության մասնակիցներին-Ակունքի խմբ․) Հատուկ կազմակերպության շարքերն էին անցնում, 100 տարուց ավել պատիժ ստացածները՝ որպես սպա, 15 տարուց ավել պատիժ ստացածները՝ սերժանտ, 5 տարուց ավելիներն էլ՝ զինվոր, իսկ Իփսիզ Ռեջեփին իր հաջողությունների համար պատվել էին հարյուրապետի կոչմամբ։ Ահա այդ Իփսիզի ամենահավատարիմ մարդկանցից Հաջըդեդեօղլու Սեյիթը՝ 70-ական թթ․ հայտնի կնքահայրը, Սեպտեմբերի 6-7-ին փողոցային կողոպուտին մասնակցած պարոն Միքդաթի պապն է։ Ըստ ձեզ, հնարավո՞ր է «պատահականություն» անվանել ազգայնական «կնքահոր» մութ պատմության հետ նրա մութ պատմության կապը։
Սանջաքը, որն ամեն հարմար առիթի ասում էր, թե անցյալ տարի ումրե (մուսուլմանների ուխտագնացության համար որոշված ժամանակաշրջանից դուրս Կաաբա, Մեքքա և Մեդինա այցելությունը-Ակունքի խմբ․), իսկ այս տարի ուխտագնացություն է կատարել և հավատարիմ մուսուլման է, նշում է․ «Տրապիզոնի Սյուրմենելիներից ենք։ 7 պորտով թուրք ենք։ Ես մի քիչ հունարեն գիտեմ, սակայն լազ չենք։ Մեր արյունն ու տոհմը հայտնի են։ Որպես Սանջաք՝ միայն Ստամբուլում 500 ընտանիք կա։ Այսինքն, եթե հավաքեք մեր տոհմը, մի գավառ կստացվի։ Զինադադարի տարիներին Աթաթուրքը լուր է ուղարկել՝ հարցնելով, թե քանի մարդ կարող եք հանել, գործերը վատ էին իհարկե։ Թոփալ Օսմանն ասել է․ «5000 զինակիրով քո հրամանատարության տակ եմ»։ Մեկ ուրիշն ասել է․ «3000 մարդ կբերեմ»; Իփսիզ Ռեջեփին հարցրել է․ «Քանի՞ մարդ», նա պատասխանել է․ «Ես իմ գործը գիտեմ, մեկ ես, մեկ էլ ատրճանակս բավարար ենք։ Հետո իմ պապն էլ է միացել Ռեջեփի թիմին։ Դարձել է նրա ամենահավատարիմ մարդը։ Ահա այսպիսին է մեր ընտանիքի պատմությունը։ Ինչ-որ տեղ Իփսիզ Ռեջեփի թոռներն ենք»։
Սեպտեմբերի 6-7․ զրպարտություն
Տվյալ ժամանակաշրջանում նավագնացությամբ զբաղվող Միքդաթ Ռեմզին պուդինգ վայելելիս «պատահաբար հանդիպում է» ամբոխին և ճիշտ իր պապի նման՝ սարսափազդու կերպով մասնակցում է «ազգային դատին»․ «Ես այդ ժամանակ Ստամբուլում նորեկ էի։ Նավաստի էի: Ապրանք էի տեղափոխում Հայդարփաշա կայարանից Էմինոնյու։ Պատահաբար այդ օրը իմ ծննդավայրից եկած ընկերներիցս մեկի հետ պուդինգ էինք ուտում։ Տեսանք՝ մարդիկ են վազում։ Ամեն բան իրար էր խառնվել։ Լսեցինք, որ Աթաթուրքի տան վրա ռումբ են նետել։ Ժողովուրդը զրպարտության զոհ էր դարձել իհարկե։ Խանութների պատուհանները ջարդում ու ներսում ինչ կար-չկար՝ վերցնում էին։ Ոստիկաններ էլ կային, որոնք գոռում էին․ «Ջարդե՛ք, հարձակվե՛ք»։ Ի՜նչ արած, մենք էլ մասնակցեցինք։ Մտանք բոլոր հույների, հայերի, ասորիների և հրեաների խանութները, հարձակվեցինք նրանց տների վրա։ Այնպիսի քաոս էր տիրում, որ երկու օր Ազատության պողոտայով տրամվայ չէր կարողանում անցնել։ Ճանապարհի վրա կտորեղեն, վարագույրներ և իրեր էին թափված։ Մի պահ նկատեցի, որ հարձակվում են մի ոսկերչական խանութի վրա։ Ես էլ խառնվեցի, ցուցափեղկին ինչ կար՝ ծոցս լցրեցի՝ ականջօղ, ոսկի և այլն։ Որոշ ժամանակ անց՝ գիշերվա ժամը 12-ի կողմերը, մի զինվոր եկավ, մենք փախանք։ Գիշերն էլ շոգենավ տրամադրեցին դեպի ոչ մուսուլմանների կղզիներ, մարդիկ լցվեցին ու այնտեղ էլ թալանելու գնացին, բայց ես չգնացի։ Վերցրածս իրերը փաթաթեցի թերթի մեջ և դրեցի նավի տակ գտնվող ջրատարի մեջ, այնտեղ թաքցրեցի։ Ասում եմ՝ վերցրածս իրերը, սակայն իրականում պետք է ասեմ՝ գողացածս իրերը, քանի որ, երբ նավ բարձրացա, մտածեցի, որ այն, ինչ արել եմ, գողություն է։ Մի փոքր զղջացի արածիս համար։ Երբ լուսացավ, տեսա, որ նավի առջևում մի քսակ ոսկի կար, մեկ այլ տեղում՝ երեք հատ ոսկե մետաղադրամ։ Դրանք էլ վերցրեցի․․․
Այդպես էր. մի այնպիսի քաոս էր տիրում, որ ով ինչ տեսնում՝ վերցնում էր։ Հապա պատկերացրու՛. այդ ժամանակ տրամվայով երթևեկելը 3 ղուրուշ արժեր։ Յոզղատցի մի գյուղացի վարորդին գումար տալու նպատակով ձեռքը տանում է գրպանը և հազարանոց հանում։ Վարորդն ասում է․ «Չեմ կարող մանրել»։ Այդ մարդը կրկին ձեռքը տանում է գրպանը և կրկին հազարանոց հանում։ Գյուղացի մարդ, փողից անտեղյակ․․․ Մեկ անգամ էլ, մեկ անգամ էլ, չի վերջանում։ Վարորդը ոստիկանություն է կանչում։ Այդ մարդու մոտից 40 հատ հազարանոց է դուրս գալիս։ Իրականում ահավոր բան էր կատարվել»։
Նա էլ էր ամբոխի մեջ
Այն գիշեր, երբ տեղի ունեցան այդ դեպքերը, Ստամբուլի փողոցներում տասնյակ հազարավոր մարդկանցից բաղկացած մի ամբոխ հարձակվեց ոչ մուսուլմաններին պատկանող տների, աշխատավայրերի և հիմնարկների վրա։ Նրանց գույքը թալանվեց, մարդիկ սպանվեցին, կանանց բռնաբարեցին։
Աթաթուրքի՝ Սալոնիկում գտնվող հայրական տան վրա ռումբ նետելու պնդմամբ սկսված դեպքերի հետևանքով հազարավոր ոչ մուսուլմաններ համոզվեցին, որ Թուրքիայում ապրելու հնարավորություն չի մնացել, և ստիպված եղան լքել իրենց ծննդավայրը։ Սալոնիկի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանող Օքթայ Էնգինը, որը որոշել էր ռումբ նետել Աթաթուրքի՝ Սալոնիկում գտնվող տան վրա, հետագա տարիներին պաշտոն է ստացել Թուրքիայի բյուրոկրատական համակարգում։ 1992 թ․ փետրվարի 22-ից մինչև 1993 թ․ նա եղել է Նևշեհիրի քաղաքապետը։ Դեպքերի ժամանակ Զորահավաքի խորհրդի պաշտոնյա, 1988-90 թթ․ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սաբրի Յիրմիբեշօղլուն լրագրող Ֆաթիհ Գյուլլափողլուին տված հարցազրույցում սեպտեմբերի 6-7-ի դեպքերի մասին հայտարարել է․ « Սեպտեմբերի 6-7-ի դեպքերը հատուկ պատերազմական գործողություն էին։ Հիանալի էր կազմակերպված։ Նպատակին էլ հասավ»։
Չորումի ջարդը և ԱՍԱԼԱ-ի «մաքրումը»
Միքդաթ Ռեզմին որոշում է, որ չի կարողանալու իր ապրուստը վաստակել ճիշտ ուղով, և ինչպես ինքն է ասում, սկսում է զբաղվել «չբացահայտված սպանություններով»։ 1980 թ․ հեղաշրջումից հետո բանտ է նստում թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։ Իր խոսքով՝ բանտ է նստում, սակայն չի բանտարկվում, քանի որ 1960 թ․ մայիսի 27-ի հեղաշրջումն իրականացրած սպաներից շտաբի մայոր Ահմեդ Յըլդըզը Սանջաքի մտերիմ «ընկերն» էր։ Սանջաքը պատմում է նաև մի բրիգադիրի մասին՝ առանց նրա անունը հիշատակելու։ Չորումի կոտորածի ընթացքում նա այնտեղ է գտնվել։ Ինչպես սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ, այս կոտորածի մասին ևս ասում է․ «Մոլորեցրին մեզ։ 105 մարդ մահացավ»։
Նա ժամանակի ընթացքում դարձել է ընդհատակյա աշխարհի նշանավոր անուններից մեկը։ Սակայն նրա գործերը երբեք էլ չեն սահմանափակվել միայն մաֆիայով։ «Ազգային» հարցերի հետ ունեցած իր կապն էլ երբեք չի կտրել․ «Դյունդար Քըլըչը մեր ձեռքերում է մեծացել, ամեն բան մեզնից է սովորել։ Աղանսոյը, Չաքըջըն մեր խաղատան դուռը բացող-փակող երեխաներից էին: Կառավարությունը նրանց մեկական ժապավեն տվեց, հանուն հայրենիքի՝ որոշ գործեր էլ հանձնարարեց և ասաց․ «Եթե չհաջողես և բռնվես, մենք քեզ չենք ճանաչում»։ Այդ ժամանակ արտերկրում գտնվող մեր հյուպատոսներին, դեսպաններին սպանում էին։ Պետությունն ի՞նչ պետք է աներ։ Ավազակախումբ պետք է ուղարկեր, հո պաշտոնական ձևով զինվորներին, ոստիկանությանը չէ՞ր ուղարկելու։ Դրանք հավաքվեցին, գնացին։ Հունաստանում, Իրանում նրանց ճամբարները մաքրեցին, հայերի գլխին սև օրեր բերեցին։ Չասենք՝ հայեր, ասենք՝ ԱՍԱԼԱ։ Բոլոր հայերին ԱՍԱԼԱ-ի հետ չեմ հավասարեցնի։ Ամեն դեպքում, մերոնք հարցը լուծեցին, ավելին՝ ոչ մի զոհ չտվեցին։ Հետո պետությունն ի՞նչ արեց. նրանց կյանքը իր ձեռքը վերցրեց և պետության համար պայքարած այդ մարդկանց մի կողմ նետեց։ Նրանք էլ գնացին իրենց գործին։ Իրենց ճանապարհը գտան․․․ Ես 1980 թ․ հեղաշրջումից հետո այդ շարքերը մտա։ Զրպարտեցին։ Թմրանյութերի մաքսանենգության պատճառով բանտ նստեցի։ Զրպարտություն էր, սակայն ես էլ եմ որոշ հանցագործություններ կատարել։ Ըստ իս Աստված ինձ պատժեց։ Դատապարտվեցի 14 տարվա բանտարկության, սակայն չեմ կարող ասել, որ բանտարկված եմ եղել, հանգիստ էի։ Երբ ուզում էի, ներս էի մտնում, երբ ուզում էի, դուրս էի գալիս։ Ոչ ոք չէր խառնվում իմ գործերին։ Բանտապետ-բան փուչ բաներ են։ Մի գլխավոր դատախազ կար, ինձնից բարձր, մնացածը խնդիր չէին, քանի որ ունեինք մի մտերիմ գեներալ։ Չորումի դեպքերի ժամանակ էլ Չորումում էի։ Բազմաթիվ ալևիների սպանեցին։ Մենք լսեցինք, որ «Ալևիները մզկիթը այրել են», մոլորության մեջ ընկանք, հետո 105 ալևի սպանվեց։ Ինչևէ, հեղաշրջումից հետո բանտերում օրենք դարձավ Աթաթուրքի կիսանդրիների տեղադրումն ու նրա ասած խոսքերի արձանագրությունը։ Չորումում չկար այդ գործն անող արհեստավոր։ Բանտում Աթաթուրքի արձանը ես եմ պատրաստել։ Տակն էլ գրել եմ․ «Թուրք, հպարտացի՛ր, աշխատի՛ր, վստահի՛ր»։
«Ամուսինը ոչ մուսուլման էր, փախցրեցի»
Միքդաթ Ռեմզի Սանջաքը չորս անգամ ամուսնացել է։ Ավելի ճիշտ՝ երեք կին է առևանգել։ Այդ երեք կանանց ընդհանրությունն այն էր, որ երեքն էլ թուրք չէին։ Սանջաքի չորրորդ կինը Ստալինի ղեկավարության ժամանակ Կրեմլում աշխատած Աննա Սիմոնովնա Սակալովայի աղջիկն է եղել, ով Ինոնյուի կառավարման տարիներին «Սյումերբանկ» գործարանի հիմնադրման ժամանակ 65 երիտասարդների մեջ սիրահարվել է Աթա Իփեքյըլմազին, թուրքացել և դարձել Յուքսել Իփեքյըլմազ։
Սակալովայի սիրո պատմության մասին 2001 թ․ «Հյուրիյեթ» թերթը գրում է․ «Պարոն Հայրին (Սյումերբանկի գլխավոր տնօրենը) կազմակերպեց մեր հանդիպումը Իսմեթ Ինոնյուի և պոլիտբյուրոյի անդամ Կալինինի հետ։ Կալինինն ինձ հարցրեց․ «Ուրիշ մարդ չգտա՞ր ամուսնանալու»։ Իսկ Ինոնյուն, իրեն բավականին զսպելուց հետո, ասաց․ «Քեզ հետ անհնար է։ Միակ պայմանս այն է, որ մուսուլման դառնաս», ընդունեցի։ Ինոնյուն Կրեմլում ստորագրեց և տվեց այն փաստաթուղթը, որն անհրաժեշտ էր Թուրքիա մտնելու համար»։
Սանջաքն այդ Սակալովայի աղջիկ Մյուժգանին առևանգելու դեպքը այսպես է ներկայացնում․ «Առաջինը փախցրել եմ Սիիրթից (Սղերդ- Ակունք խմբ․) մի արաբ աղջկա։ Նա 16 տարեկան էր։ Մոտ մեկ տարի տևեց։ Հետո ամուսնացա մի ալբանացու հետ։ Այդ ամուսնությունն էլ կարճ տևեց։ Երրորդ անգամ ամուսնացա հորեղբորս աղջկա հետ։ Դա էլ տևեց մոտ մեկուկես տարի։ Սակայն իմ հիմնական կինը մեկ ուրիշն էր։ Նրա հետ իմ ամուսնությունը տևեց 41 տարի։ Մի օր մեր լունապարկ մի կին եկավ։ Բայց ի՜նչ կին։ Շատ գեղեցիկ ու կրթված։ Յեշիլքյոյի գեղեցկության մրցույթում գրավել էր առաջին տեղը, լողորդուհի էր։ նա ամուսնացած էր։ Ամուսինը մուսուլման չէր, երկու երեխա ուներ։ Կինն էլ օտարերկրացի, ռուս։ Իմ աները Կրեմլից է փախցրել իմ զոքանչին, ես էլ նրանց աղջկան փախցրեցի Յեշիլքյոյից։ Ո՞վ էր նայում՝ ամուսնացած էր, ամուսնացած չէր։ Ամուսինն աղքատ էր, չկարողացավ մի բան անել, իհարկե։ Ինձ ինչպե՞ս կարող էր ընդդիմանալ։ Այդ ժամանակ ամբողջ Յեշիլքյոյը իմ վերահսկողության տակ էր։ Այնտեղ լունապարկ ունեի։ Այնտեղ ամեն օր պարկերով գումար էի տեղափոխում։ Խեղճ մարդը թողեց, գնաց։ Լավ, ես չեմ ասում, որ իմ արարքը ճիշտ էր, բայց դեհ երիտասարդ էինք։ Կրոնի տեսանկյունից էլ արգելված է, սակայն Աստված կների»։
«Ոչ մուսուլմաններն ինձ մոտ ապաստանեցին»
«Երբ ես եկա այստեղ, մի թուրք անգամ չկար։ Բոլորն օտարերկրացի էին։ 5 մեքենա կար։ Մեկը տիկնոջ ավտոմեքենան էր, ջիպ էր։ Յեշիլքյոյում ինձ բոլորը ճանաչում ու սիրում էին։ Ոչ մուսուլմաններն ավելի շատ էին սիրում։ Ես իմ ներդրումն ունեմ անգամ Յեշիլքյոյում գտնվող կաթոլիկ եկեղեցու շինարարության գործում։ 1974 թ․ տեղի ունեցավ Կիպրոսի ճգնաժամը։ Այդ ժամանակ Փոլաթ շենքը հայտնի էր։ Այնտեղ էի նստում։ Տուն գնացի։ Տիկնոջ բոլոր հույն ընկերները վախեցել, մեզ մոտ էին եկել՝ մտածելով․ «Եղբայր Ռեմզիի տանը մեզ ոչ մի բան չեն կարող անել»։ Ճիշտ էր, այդտեղի հասարակական կարգի պահպանման համար ես էի պատասխանատու։ Ոստիկանությունն ինձնից հետո էր գալիս։ Բոլորին ընդունեցինք որպես հյուր։ Դռան մոտ էլ զինված մի մարդու կանգնեցրի։ Բազմաթիվ կանայք․․․ Հետո ոմանց քշեցին, նրանք Հունաստան գնացին»։
Թարգմանեց Անի Մելքոնյանը
Akunq.net